
Կառավարությունը Մաշտոցի այգու վերաբերյալ որոշում կընդունի
«Տարոն Մարգարյանի եւ իմ որոշումն այս հարցի շուրջ նույնն է: Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում՝ մշտական կարգավիճակով: Մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են եւ պետք է դուրս բերվեն: Հանրապետության նախագահի հանձնարարականով քննարկել ենք այս հարցը Տարոն Մարգարյանի եւ Հանրային խորհրդի նախագահի հետ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը եւս մեկ անգամ հաստատեց, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարները Մաշտոցի այգում մշտական հանգրվան չեն գտնի եւ կապամոնտաժվեն «Հին Երեւան» ծրագրի սկսվելուն պես: Տիգրան Սարգսյանն ասաց, որ այս հարցի վերաբերյալ կառավարությունը որոշում կընդունի, որպեսզի քաղաքացիները հանգիստ լինեն:
«Կան մարդիկ, որ փորձում են զանգվածային լրատվական միջոցներով արհեստական թեզեր առաջ բերել, թե վարչապետի հարաբերությունները Նիկոյանի հետ վատ են, Տարոն Մարգարյանի հետ վատ են, կարծում եմ` ոմանք նախանձում են, որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ «Հետքը» օրեր առաջ գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի՝ 30.12.2011թ. 7373-Ա որոշմամբ «Արեւելյան օազիս» ՍՊԸ-ին տրվել է Մաշտոցի պուրակում կառուցապատման իրավունք, որի ժամկետն ավարտվում է 2028 թվականին: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե կրպակների տեղադրումը Մաշտոցի այգում ինչպես է ժամանակավոր բնույթ կրելու, եթե 27 տարով տրվել է ընկերությանը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Այդ մասին ոչինչ չունեմ ասելու, արդեն պատասխանեցի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել