«Հայացք». Վարդանի շքեղ «Ալեքսանդրապոլն» ու 6500 անօթևան ընտանիքների խղճուկ վիճակը
Գյումրեցիներին զայրացրել ու վրդովեցրել է նախորդ տարեվերջին Գյումրիի կենտրոնական հրապարակից քիչ հեռու բացված «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Գյումրեցիները խեթ-խեթ են նայում հյուրանոցին, միմյանց պատմում, թե ինչ շքեղ պայմաններ են այնտեղ, թե գները Դուբայի հյուրանոցների գներին են հասնում: Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի համար սա թերևս անթույլատրելի ճոխություն է: Գուցե այդ է պատճառը, որ մարդիկ չեն հարմարվում քաղաքապետի ճոխ օբյեկտի գոյության հետ:
Հյուրանոցից ոչ հեռու կիսաքանդ հանրակացարան կա, որի բնակչությունն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում: Քաղաքի տարբեր թաղամասերում տնակային ավաններ կան, որոնցում ցուրտ ու խոնավ պայմաններում երեխաներ են մեծանում: Հանրապետության երկրորդ քաղաքում ընդհանուր առմամբ անօթևան է շուրջ 6500 ընտանիք: Շիրակի մարզը հանրապետության ամենաաղքատ մարզն է: Պաշտոնական տվյալներով` այստեղ աղքատ է բնակչության 47%-ը, ծայրահեղ աղքատ` 5%-ը: Եվ այս ֆոնի վրա Գյումրիի քաղաքապետի շքեղ «Ալեքսանդրապոլը», որի սենյակների մեկ օրվա գինը սկսվում է 50 հազարից և հասնում մինչև 150 հազարի, մեղմ ասած, այնքան էլ նորմալ չի դիտվում:
«Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում գյումրեցիներն իրենց դժգոհությունը հայտնեցին քաղաքապետի հյուրանոցի վերաբերյալ: Նրանց խոսքով, նման օբյեկտի փոխարեն քաղաքապետը կարող էր մի քանի տասնյակ աղքատ ընտանիքների բնակարանային հարցերը լուծել: «Դրա ժամանա՞կն էր: Ինքը պիտի մարդկանց մասին մտածի, տուն կառուցի, մարդկանց տեղավորի: Մենք քաղաքապետ չունենք, ղեկավար չունենք: Շուն, գել, իրա բնակիչներն ենք, մի օր, մի վայրկյան թող գա ու տեսնի, թե ոնց ենք ապրում: Իմ, քո, մյուսների փողերով ա սարքում նման օբյեկտներ, մեզ էլ սպանեց-թողեց»,- ասում են գյումրեցիները:
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Գյումրիի քաղաքապետը խախտել է «Լեզվի մասին» օրենքը` հյուրանոցի ճակատին ոչ մի հայերեն գրություն չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել