HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախումներ Ղազախստանի Ժամբիլսկի մարզում․ կա 8 զոհ

Ղազախստանի իշխանությունները հայտնել են Ժամբիլսկի մարզի Կորդայսկի շրջանի մի քանի բնակավայրերում տեղի ունեցած «բախումների» և «հակամարտության վերաբերյալ»։ Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կա 8 զոհ, վիրավորների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Դեռևս չեն հաղորդվում բախումների պատճառները։ Մասանչի գյուղ ժամանած լրագրողները հայտնում են ջարդերի և այրված շինությունների մասին:

Փետրվարի 8-ի գիշերը ղազախական ոստիկանությունը շրջափակել է այն շրջանը, որտեղ, ինչպես վկայում են իշխանությունները, տեղի է ունեցել «կոնֆլիկտը»։ Մասանչի գյուղ տանող մայրուղու վրա տեղադրվել են արգելապատնեշներ։ Լրագրողները դեպքի վայր են հասել այլընտրանքային ճանապարհներով։ Նրանք բախվել են գիշերային ջարդերի հետևանքներին․ այրված տներ, խանութներ, սննդի կետեր։ Որոշ շինություններ դեռևս այրվում են։ 

Գյուղի փողոցներում շրջում են ոստիկանության հատուկ ուժերի աշխատակիցները։ Հրշեջները և նրանց մեքենաները կանգնած են այրված շինությունների մոտ։ Այրվել են ոչ միայն շինությունները, այլև՝ տեղացիների անձնական ավտոմեքենաները։ Գյուղացիների խոսքերով՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը տներ են այրվել նաև հարևան գյուղերում։ 

Փետրվարի 8-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը հայտնել է Ժամբիլսկի մարզի Կորդայսկի շրջանում զոհերի մասին, որոնք մահացել էին «տեղացիների միջև առաջացած բախումների և խմբակային ծեծկռտուքի» արդյունքում։ Քասըմ Ժոմարտ Տոկաևն իր հայտարարության մեջ կրկնել է նախորդ օրվա իր այն պնդումը, որ Կորդայսկի շրջանում իրավիճակից «փորձել են օգտվել սադրիչները»։ Բախումների և կոնֆլիկտի պատճառների մասին նախագահը չի խոսել։ 

Ավելի ուշ, Նուր-Սուլթանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտնել է Կորդայսկի շրջանում առկա 8 զոհերի և ավելի քան 40 վիրավորների մասին։ Նրա փոխանցմամբ՝ երեկոյան Մասանչի գյուղում սկսվել է «խմբակային ծեծկռտուք», որին մասնակցել է շուրջ 70 մարդ։ Կոնֆլիկտի հետագա սրմանը նպաստել են սոցցանցերում տարածվող տեսագրությունները և ձայնագրությունները։

«Սադրիչները և կոնֆլիկտին ներկա գտնվածները տեսագրել են տեղի ունեցած իրադարձությունները և մեսինջերների ու սոցցանցերի միջոցով կոչ արել քաղաքացիներին դիմել հակաօրինական գործողությունների։ Այն նպաստել է կոնֆլիկտի սրմանը, որի արդյունքում էլ մեծացել է զանգվածային ծեծկռտուքի մասնակիցների թիվը։ Արդյունքում, հարևան բնակավայրերից ժամանել է ևս 300 մարդ»,- նշել է Տուրգումբաևը։

Հավաքվածները դիմադրություն են ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին և հրաժարվել կատարել ուժայինների պահանջները։ Ըստ ներքին գործերի նախարարի՝ բախումների մասնակիցներն օգտագործել են մետաղական իրեր, քարեր, հրազեն։ Ավելի ուշ, կոնֆլիկտի մեջ ներգրավվել են նաև հարևան Աուխաթը և Բուլան-Բատըր գյուղերը։ 

Ըստ Տուրգումբաևի, նախնական տվյալներով, վնասվել են ավելի քան 30 մասնավոր տներ, առևտրի 15 օբյեկտներ և 23 մեքենաներ։ Մինչդատական վարույթն իրականացվում է Ղազախստանի քրեական օրենսգրքի «Զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության» ու «սպանության» հոդվածներով։ Ձերբակալվել է 47 մարդ, որոնցից առգրավվել է երկու որսորդական հրացան։

Տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևն ասել է, որ «բախումները», հավանաբար, սկսվել են կենցաղային բնույթի կոնֆլիկտից հետո։

«Սա կենցաղային կոնֆլիկտ է։ Ներկայումս ընթանում են հետաքննական գործողություններ։ Դրա ավարտից հետո ոստիկանները ձեզ կտեղեկացնեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Բացի այդ կպատասխանեն նաև այն հարցին, թե ով է մեղավոր կամ ինչն էր պատճառը»,- հայտնել է Աբաևը՝ Նուր-Սուլթանում պատասխանելով լրագրողների հարցերին։

 

Անհանգիստ գիշեր

Մասանչիի բնակիչները հայտնել են, որ գիշերվա ջարդերը տեղի են ունեցել շրջանի առնվազն հինգ գյուղերում։ Բնակիչների խոսքերով, ուրբաթ երեկոյան մի քանի հարյուր ոչ տեղաբնակ տղամարդիկ ժամանել են բնակավայրեր, այրել տները, խանութները, ավերել ավտոմեքենաները և հարձակվել գյուղացիների վրա։ Ուրբաթ օրը սոցցանցերով տարածվել են տեսագրություններ, որոնք նկարահանվել էին արդեն ուշ երեկոյան, հավանաբար, Կորդայսկի շրջանում։ Տեսանյութերում երևում են ագրեսիվ տղամարդիկ, որոնց ձեռքին կային փայտեր։ Տղամարդիկ միմյանց ուղղությամբ նետում էին քարեր։ Տեսանյութում երևում են նաև այրվող շինություններ և վնասված ավտոմեքենաներ։

Փետրվարի 8-ի երեկոյան Ժամբիլսկի մարզի ոստիկանության բաժանմունքում տեղեկատվություն է ստացվել Մասանչի գյուղում տեղի ունեցող զանգվածային ծեծկռտուքի մասին։ Բացի այդ, ոստիկանությունում հայտնել են, որ ուրբաթ կեսօրին Մասանչիի հարևանությամբ գտնվող Սորտոբե գյուղում վարորդը, որի ավտոմեքենան կանգնեցվել էր ճանապարհային ոստիկանի կողմից, անտեսել է ոստիկանության շրջանային բաժանմնունք գնալու պահանջը, որը պայմանավորված էր վարորդի կողմից թույլտրված իրավախախտմամբ։ Ենթադրյալ իրավախախտը հասել է իր բակ, իսկ նրա բարեկամները ոստիկաններին ցուցաբերել ֆիզիկական դիմադրություն՝ ոստիկաններին պատճառելով մարմնական վնասվածքներ։ Երկու մարդ ձերբակալվել է։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Սորտոբեի դեպքը կապ ունի Մասանչիում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

Քասըմ Ժոմարտ Տոկաևի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը պետք է զբաղվի Կորդայսկի շրջանի բնակավայրերի «իրադարձությունների հետևանքների վերացմամբ»։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևը։ Տոկաևն ավելացրել է, որ հանձնաժողովը, Ժամբիլսկի մարզի ղեկավարության հետ միասին, պետք է կազմակերպի զոհերի թաղման արարողությունը, գնահատի վնասի չափը և ընդունի տուժածների սեփականության վերականգնման պլան։

Մասանչի և Սորտոբե գյուղերը գտնվում են Ղրղզստանի սահմանագծին։ 2009 թվականի տվյալներով՝ Մասանչի գյուղի բնակչությունը կազմել է ավելի քան 13 500 մարդ։ Համաձայն նույն մարդահամարի՝ Սորտոբեում բնակվել է մոտ 14 000 մարդ։ Այդ և հարևան մյուս բնակավայրերի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ դունգաններ են։ Փետրվարի 8-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը, ղրղզ-ղազախական սահմանի անցակետերում, ուժեղացրել է հսկողությունը։ Ղրղզստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նշում են, որ նախորդ գիշեր Ղազախստանի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցագրային կետերում նկատվել է մարդկանց և մեքենաների հոսքի ավելացում։ Ղրղզստանից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ 18 մարդ դիմել է Տոկմոկ քաղաքի հիվանդանոց՝ Ղազախստանի գյուղերում տեղի ունեցած ջարդերից անմիջապես հետո։ Դիմածներից 17-ը Ղազախստանի քաղաքացիներ են։ Նրանցից 10-ը հոսպիտալացվել են, երկուսն էլ տեղափոխվել Բիշքեք։

 

Գլխավոր լուսանկարը` dailytimes.com.pk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter