HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, բայց նա դատարանի դահլիճից ազատ չի արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քիչ առաջ մերժել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ին ասաց Հակոբջանյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Վերջինս նշեց, որ չնայած կալանքի միջնորդությունը մերժվել է, Հակոբջանյանը դատարանի դահլիճից ազատ չի արձակվել։

Դատավոր Հարություն Մանուկյանը քննել է նաև Դավիթ Հակոբջանյանի ձերբակալման դեմ բողոքն ու նրա ձերբակալումը իրավաչափ ճանաչել, սակայն, նկատի ունենալով, որ նրա կալանքի միջնորդությունը մերժվել է, ենթադրվում է, որ նա պետք է ազատ արձակվեր անմիջապես դատարանի դահլիճից։

Պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկնում է Ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ ձերբակալումից հետո պահվել է Դավիթ Հակոբջանյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ «պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից։

Մինչև ԱԱԾ-ի հայտարարությունը դեպքին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս Փետրվարի 6-ի կայացավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ «մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

Այս հայտարարությունը ձերբակալված անձանցից մեկի փաստաբանները դատապարտել են՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը դատարանի վրա ճնշում գործադրելու ակնհայտ իրողություն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter