HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում

Փետրվարի 9-ին Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին, որպես Միլի Մեջլիսի պատգամավորի թեկնածուներ, մասնակցում են ռեկորդային՝ 1321 թեկնածուներ։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովի խոսքերով՝ քարոզարշավն անցել է «բառի դրական իմաստով լարված մթնոլորտում»։

Պատմական ակնարկ

Որպես կանոն, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն այդքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացնում միջազգային հանրության շրջանակներում, որովհետև երկիրն ավտորիտար է և իշխանության հիմնական լծակները գտնվում են նախագահի ձեռքում։ Ուստի Ադրբեջանի խորհրդարանի դերակատարությունը բավականին սահմանափակ է՝ երկրի արտաքին և ներքին քաղաքականության իրականացման գործընթացում։ ԽՍՀՄ փլուզումից հետո թերևս միակ ընտրույթունները եղել են 2005 թվականի խորհրդարանական ընտրությունները, որոնք դարձել են տեղական և միջազգային քաղաքագետների և փորձագետների հետաքրքրության առարկա։ Դրա համար կային մի քանի պատճառներ։

Նախ, այդ ընտրություններն առաջին խորհրդարանական ընտրություններն էին Իլհամ Ալիևի նախագահության շրջանում։ Ալիևը նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 2003 թվականին, և սա իրական փորձություն էր Ալիև քաղաքական գործչի և ոչ թե «մեծ հոր գահաժառանգի» համար։ Երկրորդը՝ ադրբեջանական ընդդիմությունը, որը 2005 թվականին ներկայացված էր «Ազադլըք» և «Yes» դաշինքներով, իրականացնում էր ակտիվ հարձակողական քաղաքականություն։ Ուկրաինայում, Վրաստանում և Ղրղզստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո, ընդդիմությունը փորձում էր դեպքերի նույն սցենարը կիրառել նաև Ադրբեջանում։ Այդուհանդերձ, նման սցենարը չաշխատեց։ Հակառակը, իշխող համակարգը և Ալիևը կարողացան ավելի ամրապնդել իրենց դիրքերը։

Ընդդիմության ներկայացուցիչները չկարողացան համախմբվել և հանրությանը ներկայացնել նոր գաղափարներ և մոտեցումներ, որոնք էականորեն կտարբերվեին Ալիևի հռետորաբանությունից։ Ալիևը ներքին քարոզչությունն ուժեղացնելու համար հիմնական շեշտադրումը դնում էր թշնամի հայերի, տարածքային ամբողջականության և կոռուպցիայի հակազդման թեմաների վրա։ Եվ այսօր, այս կամ այն լարվածությունը հարթելու կամ հասարակությանը լռեցնելու համար, Ալիևի վարչակարգը նորից դիմում է նույն մեթոդներին։ Թվում է, թե «հնարավոր հայկական վտանգը» դարձել է ներքին խմորումների հարթման աշխատող մեխանիզմ։ Այս ֆոնին ադրբեջանական ընդդիմությանը չի կարողանում առաջարկել ինչ-որ նոու հաու։

Ադրբեջանական ընդդիմությունը մշտապես քննադատում է Ռուսաստանին՝ վերջինիս հետ կապելով Ղարաբաղը կորցնելու փաստը, իսկ Մոսկվայի համար Ալիևը թերևս ամենահարմար տարբերակն է, քանզի նրա գործողությունները կանխատեսելի են և երբեմն համընկնում են նաև պաշտոնական Մոսկվայի տեսակետի հետ։

Ընտրությունները որպես «կադրային հեղափոխության» մաս

Քաղաքագիտական որոշ շրջանակների համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարման փաստն անսպասելի չէր, որովհետև շատերն էին պնդում, որ Հեյդար Ալիևի ժամանակներից պաշտոնավարող որոշ պետական գործիչներ արդեն իրենց սպառել էին։ Հետաքրքրական այստեղ թեկնածուների աննախադեպ մեծ թվաքանակն է՝ 1321։ Համաձայն Ադրբեջանի սահմանադրության՝ Միլի Մեջլիսի պատգամավորների թիվը կազմում է 125։ Ստացվում է, որ յուրաքանչյուր մանդատի համար պայքարելու է 10-11 թեկնածու։

Իսկ թե ինչու է այս թիվն այսքան մեծ, դարձյալ առկա են մի շարք պատճառներ։ Նախ, այս ընտրությունները, առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ։ Բացի այդ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաձեռնությունը պատկանում է իշխանությանը, այլ ոչ թե ընդդիմությանը կամ միջազգային կառույցներին։ Եվ ամենակարևորը, 2018 թվականի գարնանից Ադրբեջանում վերևից ներքև սկսվել է խոշորամասշտաբ «կադրային հեղափոխություն»։ Նախ, սկզբում վարչապետի պաշտոնը լքեց Արթուր Ռասիզադեն, որը հրաժարականի պահին 83 տարեկան էր։ Նրան փոխարինեց 71-ամյա Նովրուզ Մամեդովը, որն իր նոր պաշտոնում աշխատեց 1,5 տարի։ 2019 թվականի հոկտեմբերի 8-ի նրա հրաժարականին հաջորդեցին մի շարք փոփոխություններ ևս։ Հրաժարական տվեցին փոխվարչապետներ 75-ամյա Հաջիբուլա Աբութալիբովը և 71-ամյա Ալի Հասանովը։ Աբութալիբովը 17 տարի շարունակ եղել է Բաքվի գործադիր իշխանության ղեկավար, իսկ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է երկու անգամ։ Հասանովն էլ երկար տարիներ գլխավորել է Փախստականների հարցերով պետական կոմիտեն։ Այդուհանդերձ, որոշ քաղաքագետներ պնդում են, որ ամենանշանակալի հրաժարականները նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի (2019 թվականի հոկտեմբերի 23) և հասարակական-քաղաքական հարցերով Ալիևի օգնական Ալի Հասանովի (2019 թվականի նոյեմբերի 29) հրաժարականներն էին։ Մեհտիևն ունեցել է ադրբեջանական քաղաքականության «սև կարդինալի» կոչում, որն էական դերակատարում է ունեցել Ալիև հորից Ալիև որդուն իշխանության փոխանցման ժամանակ։ Իսկ Հասանովն էլ եղել է ադրբեջանական իշխանության փաստացի գաղափարախոսը, որը պատասխանատու էր նաև երկրի տեղեկատվական քաղաքականության համար, այդ թվում նաև հակահայկական տեղեկատվական արշավների։

«Նոր դեմքեր» ադրբեջանական կառավարությունում

Նոր տարին Ադրբեջանը դիմավորեց նոր կառավարությամբ։ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց 44-ամյա Սամիր Նուրիևը, իսկ կառավարությունն էլ գլխավորեց 63-ամյա Ալի Ասադովը։ Հեռացող պաշտոնյաներին Ալիևը ճանապարհեց հետևյալ խոսքերով․ «Դուք միշտ հավատարիմ եք եղել մեծ առաջնորդ Հեյդար Ալիևին։ Հեյդար Ալիևի ամենածանր օրերին դուք արտահայտել եք ձեր տեսակետը»։ Դրան զուգահեռ, Ալիևը նշել է, որ եթե լրացել է պաշտոնյանեիի 70 տարեկանը, ապա պետք է հետևեն հրաժարական ներկայացրածների օրինակին։ Այդուհանդերձ, 40-ամյա պաշտոնյաների ասպարեզ դուրս գալը չի նշանակում, որ նրանք նշանակվել են մասնագիտական հմտությունների կամ լճացված համակարգին նոր շունչ հաղորդելու համար։ Եթե ուշադիր նայենք նրանցից շատերի կենսագրությանը, ապա կտեսնենք, որ շատերը պետական ապարատի ներկայացուցիչներ են, որոնք լավ «հմտացել են» իշխանության յուրացման և սեփական նպատակներին ծառայեցնելու մեջ։ Որպես օրինակ, Ադրբեջանի ներկայիս վարչապետը 7 տարի եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Մի բան հստակ է, որ թե՛ Ալիևը, և թե՛ իշխանության մյուս ներկայացուցիչները թարմություն են ցանկանում նաև խորհրդարանում։ Եվ որպեսզի չձգձգվի ժամանակը, նախաձեռնեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ բացառված չէ, որ նոր խորհրդարանում կարող են հայտնվել ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, որոնք կարող են «ընդունելի» լինել նաև իշխանությունների համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը

Այսօր՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում մեկնարկել են 6-րդ գումարման Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում են 19 կուսակցություններ, սակայն թեկնածուների մեծ մասը անկախ թեկնածուներ են։ Ադրբեջանում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 08։00-ին և փակվելու են 19։00-ին։ Ընտրությունների ընթացքին հետևում են 77 700 տեղական և 880 միջազգային դիտորդներ, այդ թվում դիտորդներ ԵԽԽՎ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից, Շանհային համագործակցության կազմակերպությունից և Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդից։

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ ժամը 12։00-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների թիվը կազմել է 1 միլիոն 457 000 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվաքանակի 27,35 %-ը։

Արդեն իսկ լուրեր են ստացվում ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին։ Meydan TV-ն հրապարակել է տեսանյութեր կրկնաքվեարկությունների, քվեախցիկում մի քանի անձանց առկայության, ընտրակեղծարարությունների վերաբերյալ։ Այսպես, Լենքորան-Աստարայի ընտրական շրջանում գտնվող Շիհաքերան գյուղում տեղակայված թիվ 14 76 ընտրատեղամասում մարդիկ խմբերով են մտնում քվեախցիկներ, իսկ ոմանք էլ քվեարկում են խցիկից դուրս։ Այդ ամենն իրականացվում է ընտրատեղամասի նախագահի անմիջական մասնակցությամբ։

Նույն ընտրական շրջանի թիվ 30 ընտրատեղամասում էլ դիտորդ Քյամրան Մահմուդովին ծեծելով հեռացրել են ընտրատարածքից։ Ադրբեջանցի բազմաթիվ օգտատերեր էլ գրում են, որ ընտրատեղամասերի զգալի հատվածում կպչուն ժապավեններով փակել են տեսախցիկները, որպեսզի ընդդիմությունն առցանց ռեժիմով չկարողանա հետևել ընտրությունների ընթացքին։ Քիչ չեն նաև քվեաթերթիկների լցոնումների դեպքերը։

Եթե նախկին ընտրությունների ժամանակ քիչ չէին Ղարաբաղյան պատերազմի վետերան թեկնածուները, ապա այս ընտրություններին հայտնվել են նաև Ապրիլյան պատերազմի մասնակից թեկնածուներ կամ զոհերի ու վիրավորների հարազատներ։ Հետաքրքրական է, որ սա կարող է լինել հստակ մշակված PR ռազմավարություն, առանց կեղծիքների այս մարդկանց մտցնելու Միլի Մեջլիս, քանի որ վերջիններս ընդունելի կերպարներ են և հասարակության շրջանում ունեն մեծ հեղինակություն։ Քարոզարշավի ժամանակ նրանք հիմնական մեխը դնում էին զինծառայողների, փախստականների, բանակի հզորացման և «Ղարաբաղի ազատագրման» թեմաների վրա։ Թեկնածուների թվում են ապրիլյան պատերազմում մահացածներից մեկի մայրը, 90-ականներին սպանվածներից մեկի դուստրը, ապրիլյան պատերազմի ժամանակ խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի կինը, որն ավելի ուշ, ըստ որոշ տեղեկությունների, հանել է իր թեկնածությունը։

Լուսանկարը՝ russian.rt.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter