HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Ավդալյան. բանաստեղծություններ

Հիմա,
այս պաղ իրիկնային զավեշտի մեջ
երբ երկնքով անցնում ես դու,
երբ երկրով անցնում եմ ես`
փոշի ցանող տագնապահար ամպի նման,
ինձ թվում է-
ցավի փոքրիկ զարդանկար կա իմ ձեռքում,
և այն պարզած
շրջանցում եմ դեմք ու արկած,
ու գնում եմ, որ ճաշակեմ մի պատմություն`
թե երկնքով գնում ես դու,
թե երկրով գնում եմ ես։
Ու շաղվում եմ հեշտանքների պարող ամպով,
ու գնում եմ ցնորքի զույգ մատանիներ,
որ գեթ մի պահ զանազանվենք
դու` երկնքից, ես` երկրից
հնազանդվենք այն ձայներին,
որ երգեցիկ ձայնով պիտի ծլարձակվեն։

* * *

Անձրև է, և
օրերը տանում են ինձ ոտաբոբիկ,
տանում են զույգ հրեշտակներ թևերիս տակ,
տանում են ծույլ հիշողության թևը բռնած։
Եվ ո՞վ է ինձ իբրև պատրանք հայտագրել,
և ո՞վ է ինձ դրել ծաղկող տերևի մեջ,
ո՞վ է տանում, ոչ ձայն ունեմ ու ոչ զանգակ,
անփառունակ, անհիշատակ տանում է ինձ։
Իսկ ես կքված նայում եմ պաղ հողի դեմքին,
ոչ զարդ ունի, ոչ երփնագիր, ոչ հիշատակ,
ու երկնքի փոքրիկ մաղով մաղում է ինձ
ու անցքերում հիշատակում որմնանկար;
Անձրև է , և
դուրս է հոսում իրիկնային ծաղկափոշին,
զրույցների համար նշխար,
իսկ սեղանին վարդ է բերում,
և կորուստներ հիշատակող ամեն մի ծառ
ունի դեմքը հիշողության ու զարթոնքի։

* * *

Եվ ո՞վ էր հանում գիշերն իր ներսից,
թաքցնում լույսի, ստվերների տակ,
և թանձր օրը
ո՞վ էր լվանում հիշողության մեջ:
Հոգին ծաղկում էր,
և շուրջը միայն զարդանկարն էր խմբերգի նման,
և շուրջը միայն կանանց մեղեդին
ծլարձակում էր — շնորհը բացում:
Եվ շուրջը միայն հրավառության
օրը իր զարդն էր հայցում դրկիցից
ու տանում էր ետ —
դեպի սկիզբը ու տեսանելին:
Օ, ցանկալի էր
այդ պահին նայել աստղերին, հետո
մարմինը լվալ,
օ, ցանկալի էր
այդ պահին լսել
խմբերգի ձայնը,
նայել հեռացող կանանց ետևից,
օ, ցանկալի էր քրտնած երեսը
խավարով սրբել
ու դուռը բանալ:

* * *

Նորից ես լռել,
չես հիշատակվում ոչ մի ծաղկի մոտ,
իսկ նրանց շուրջը անձրևաց տոն է,
փափկասիրության նոր տոնահանդես`
ուր զարդարուն են երկինք ու երկիր,
ուր բացակա է թշվառությունը,
և ուր թողությամբ զարդարուն հոգին
սլացքի մեջ է։
Եվ լռությունը
մի՞թե կարող է ներհյուսվել ձայնին,
որ պտղաբերի
փարվի հիացքի տիրուհուն մի պահ,
ու հայացքների ծանր բեռի տակ
որ նա քմահաճ արբունքով լցվի
ու առաջնորդի զարթոնքի սրահ։
Եվ հիմա դրսում անձրևաց տոն է,
փափկասիրության նոր տոնահանդես,
ուր զգեստներ է կարում մասրենին,
և նույն պահին էլ գցում է վրան,
որ երբ մեղուներն հաճոյախոսեն`
մտնի խաղի մեջ,
ու մնացորդաց օրը ընձեռի
հաճոյախոսին։

* * *

Ամեն առավոտ,
երբ արեգակը ասեղնակար է տալիս դաշտերին,
եզրակարերին տալիս է հանգույց,
և իմ հեքիաթի ժապավենները
լուռ տատանվում են քամու տագնապից.
ես հիշողության պաստառի վրա
գծագրում եմ դեմք ու դիմագիծ,
ու կանաչները սպիանում են գարնան փեշերին,
և կարմիրները զգեստի մեջ են փնտրում ելագիծ,
երեկոները բերում են հնչերգ
ու գունավորում անընթեռնելի,
ու արծաթներ են կախվում երկնքից,
ու զնգոցներից արթնանում ես դու,
նայում ես հոգուդ շուրջը թափառող
մերձավորներին։

* * *

Մարմին առ, օր-
իղձ ունեցող ուխտավորին տուր ճանապարհ,
նրան-փոքրիկ շագանակներ ընծայելով- հասցրու տեղ,
որ խմբերգը նա հասցնի տաղասացին:
Որ երբ կարմիր ժապավենով ցնծա քամին,
որ երբ լինի ընթերցումի ծիսական ողբ,
մարմին առած դու բաժանես խնձոր ու նուռ,
ու զարդարես ուխտավորին,
որ խմբերգի ձայնը բերի արդարներին:
Մարմին առ, օր.
տուր հիշեցում ծաղիկներին,
որ զրույցի համար ընտրեն հարմար բառեր
ու շշուկով զուգեն դեմքը տառապյալի,
որ և կանայք բերեն ողբի զարդակարեր,
և երեխեք լինեն շուրջը ընթերցումի,
տաղասացը լինի մայրը հիշողության-
իսկ ծեր մի այր, թող հող մաղի:

լուսանկարը՝ aslanyanblog.blogspot.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter