HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտում ատելության քարոզը բացառվում է

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բանտում անցկացրածս 24 տարիների ընթացքում ընդամենը մի քանի անգամ եմ լսել, որ ազատազրկվածներն իրար հետ կռվելիս, հարաբերություններ պարզելիս` թիրախավորեն, հայհոյեն դիմացինի ընտանիքի անդամներին: Հիշում եմ, որ դեռ 90-ականներին օրենքով գողերի անունից այսպես ասած «պռագոն» արեցին (բոլորին տեղեկացրեցին), որ խիստ արգելում են  ընտանիքին կպնել` ոչ մի հայհոյանք, ոչ մի վատ բառ ծնողների, կնոջ, երեխաների հասցեին: Սա բարոյական նորմ է մեր` հայկական միջավայրում` հարգել ընտանիքը: Այս տաբուն խստորեն մինչև հիմա էլ պահպանվում է ազատազրկման վայրերում, իսկ խախտողները պատժվում են:

Ցավոք, նոր իշխանությունների օրոք այս բարոյական նորմը ամենաստոր ձևով սկսեց ոտնահարվել նախորդ տարվա հունվարին, առաջին թիրախը մեր ընտանիքն էր: Ավելին` խախտվեցին Սահմանադրությամբ ամրագրված մեր հիմնարար իրավունքները` անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, խտրականության արգելքը, հոգեկան և ֆիզիկական առողջության անձեռնմխելիությունը: Ներկայումս դիմել ենք արդեն վճռաբեկ դատարան, քանի որ նախորդ ռեժիմից մնացած թե՛ ոստիկանական, թե՛ դատախազական, թե՛ դատական համակարգերը այդպես էլ անօրեն կերպով չեն ճանաչում մեր իրավունքների խախտումը և քրեական գործ չի հարուցվում:

Անցած տարվա հունվարին տեղի ունեցած իրադարձությունները առաջին լուրջ փորձաքարն էր նոր իշխանությունների համար, և այն չհաղթահարվեց: Իշխանությունը տրվեց հակաիրավական, մարդասիրությանը դեմ պահանջին: Վարչապետը լռեց, երբ մեր ընտանիքի նկատմամբ հանցագործություններ էին կատարվում:

Իսկ ովքե՞ր էին հունվարին վարչապետին իրենց անօրեն կամքը թելադրողները: Նրանցից մեկը հիմա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է, ով մոռացել է, որ դասախոսություններ կարդալիս`ասում էր. «օրենքի համաձայն տուժողի շահն է գերակա»: Երբ խնդրեցի ցույց տալ այդ օրենքը, չկարողացավ գտնել նման օրենք, ես պատասխանեցի. «Միայն արդարադատության շահն է գերակա»: Ոմանք նրանց կողքին են` որտեղ փողն է` անկախ նրանից տուժող է, թե մեղադրյալ: Անցած տարվա հունվարին վարչապետին մարդասիրությունից հրաժարվել պարտադրողները այսօր հենց իր ուղությամբ են քարեր նետում:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ «հանրային-պետական հողը» չէր մշակվել և այն վեր էր ածվել մի զարհուրելի ճահճի, որը ծածկել էին կոռուպցիայի, ստորաքարշության և վախի ծածկոցով: Բայց անհասկանալի պատճառներով ներկայիս իշխանությունները հանդուրժում են այս մթնոլորտը և  լռությամբ կամ կիսաքայլերով` մերժվածներին արհեստական կերպով դարձնում են գործոն` իբր ընդդիմադիր ուժ: Նրանք էլ ստեղծում են ատելության մթնոլորտ` թե՛ մարդը մարդու, թե՛ քաղաքացին նոր իշխանությունների նկատմամբ: Նրանք ունեն ԶԼՄ-ների ռեսուրս, ինչպես նաև ֆեյք լուրերի մեծ բանակ, որոնց միջոցով փորձում են «հանրային կարծիք» ձևավորել: 

Ատելության սերմանման, քարոզի գործողությունները անհրաժեշտ է դիտարկել որպես հանցագործություն և օր առաջ քրեականացնել: Այսինքն` ԱԺ-ն պետք է քրեական օրենսգրքում առանձին հոդվածի տեսքով ամրագրի այս հանցակազմը: Երկրորդ` մի շարք եվրոպական երկրների օրինակով` օրենք պետք է ընդունել, որով ֆեյքեր ունենալը արգելվի: Ֆեյքեր ստեղծելը նույնն է, ինչ ունենալ կեղծ անձնագրեր և դրանք օգտագործել իրավունքին կամ օրենքին հակասող նպատակներով: Սակայն, որպեսզի այդ օրենքերը չմնան ընդամենը թղթի վրա գրված, կամ խտրականորեն չկիրառվեն, անհրաժեշտ է ոստիկանական, դատախազական, դատական համակարգերում արմատական փոփոխություններ իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter