
ԱԺ հանձնաժողովը մերժեց պատգամավորների՝ ձերբակալված և կալանավորված անձանց անարգել տեսակցելու «Լուսավոր Հայաստանի» նախագիծը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը:
Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ում խոսքով՝ սա այն նախագծերից է, որն ընդդիմությունը միշտ ներկայացնում է, բայց իշխանությունը մերժում է: Սիմոնյանը հիշեցրեց, որ վերջին անգամ նույն փոփոխությունն առաջարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն առաջարկը մերժվել է:
«Օրենսդրությունը թույլ է տալիս նաև պատգամավորներին առանց որևէ խոչընդոտի մուտք գործել ՁՊՎ-ներ կամ կալանավայրեր, բայց իրավական կարգավորումն այնպիսին է, որ անարգել մուտք գործեն, բայց էնտեղ պահվող անձանց հետ հանդիպումը կարող է արգելանքի հիմք հանդիսանալ: Առաջարկում ենք հետևալ նախադասության ավելացումը՝ քրեական վարույթն իրականացնող կամ այլ մարմնի որոշմամբ՝ ձերբակալված կամ կալամավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պաբերության անձանց հետ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ անձինք տվյալ գործով ներգրավված են որպես դատավարության վկա կամ մասնակից: Սա նաև վերաբերում է պատգամավորներին: Եթե պատգամավորը ներգրավվում է որպես վկա կամ մասնակից, դա արգելանքի հիմք է, իսկ մնացած բոլոր դեպքերում պատգամավորին պետք է թույլատրել մուտք գործել»,-ասաց Սիմոնյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն ասաց՝ որպես նախկին քննիչ դեմ է նման առաջարկին:
«Եթե անձ է ձերբակալվում կամ կալանավորվում, կա նախաքննության գաղտնիքի սկզբունք: Ես ողջունում եմ, որ պատգամավորը կարողանա անարգել մուտք գործել, բայց այն դեպքում, երբ նախաքննության գաղտնիության ռեժիմ է, այդ փուլում, իրոք, խնդրահարույց է կարգավորումը: Պատգամավորը կարող է ուզենա տեղեկություն ստանալ կալանավորից, որը վատ էֆեկտ ստանա նախաքննության համար»,-ասաց Ատոմյանը:
Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ լավ չէ որ պատգամավորները քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարեն, և հույս հայտնեց, որ նման դեպքեր չեն լինի:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հետաքրքրվեց, թե այս փոփոխությունն անազատության մեջ գտնվող անձի որ իրավունքների իրացմանն է հղված: Վերջինս նաև հավելեց, որ փոփոխություններով ոչ միայն ԱԺ պատգամավորներին, այլ նաև ՍԴ նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին նման լիազորություն կարող է տրվել:
Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ իրենց քաղաքական թիմի որոշումն է, որ այդ այդ սուբյեկտները նման իրավունք պետք է ունենան:
Ինչ վերաբերում է նրան, թե որ իրավունքն է այդ եղանակով իրացվում, Տարոն Սիմոնյանը պատասխանեց.
«Ընդհանուր առմամբ լսված լինելու իրավունքն է իրացվում, բայց մյուս կողմից պատգամավորները և մյուս բարձրաստիճան անձինք պետք է կարողանան ամփոփ տեղեկատվություն ստանալ՝ այդ թվում նաև այդ անձանց պահման պայմանների մասին: Իսկ պահման պայմաններին ծանոթանալու համար միայն շենք մտնելը բավարար չէ»,-ասաց Սիմոնյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործող օրենքը հստակեցման կարիք ունի, քանի որ անարգել մուտք գործելը պարզ չէ՝ նշանակում է ՔԿՀ-ի վարչական տարածք մուտք գործել, թե այսպես կոչված «զոն»: Պատգամավորն ասաց, որ նախագծի ձևակերպումները հստակ չեն, սակայն ինքը դեմ չէր լինի հետագայում առաջարկներով հանդես գալ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագիծը շատ կարևոր է, սական ձևակերպումները խնդրահարույց են: Վերջինս, դիմելով նախագծի հեղինակին, առաջարկեց հետաձգել նախագծի քվերակությունը՝ այդ ժամանակահատվածում աշխատելով նախագծի վրա:
Տարոն Սիմոյանն առաջարկեց նախագծի տեսակցություն բառը փոխարինել անմիջական շփում բառով:
«Ինչի եք ուզում հետաձգենք, որ էլի մերժե՞ք»,-ասաց Սիմոնյանը:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն առաջարկեց նախագծին դեմ քվեարկել՝ ներկայցնելով կառավարության բացասական եզրակացությունը:
Նախագիծը ստացավ հանձնաժղովի բացասական եզրակացությունը:
Մեկնաբանել