HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը

Երեկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակներ հանձնվեցին 2011թ. երիտասարդական տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կառույցներին։  

Հետևյալ անվանակարգերում Հայկյան մրցանակներ ստացան՝

  1. «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում՝ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի´ք» ծրագիրը,
  2. «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո» ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը,
  3. «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը,
  4. «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգում՝ «Միասին» երիտասարդական շարժման «Շնորհավոր, սիրելի´ մայրեր» նախագիծը,
  5. «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը,
  6. «Լավագույն երիտասարդական սոցիալական ծրագիր» անվանակարգում՝ հաշմանդամների «Փյունիկ» միության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացված «Հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը,
  7. «Հայաստանի Հանրապետության մարզերում գործող լավագույն երիտասարդական հասարակական  կազմակերպություն» անվանակարգում՝ «Լոռու ուսանողական միավորում» հասարակական կազմակերպությունը,
  8. «Երևանում գործող լավագույն երիտասարդական հասարակական  կազմակերպություն» անվանակարգում՝ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը,
  9. «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում՝ Արտյոմ Հովհաննիսյանը՝ գիտական աշխատանքների վրա միջազգային գիտական պարբերականներում առավելագույն հղումներ ունենալու համար,
  10. «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի «Հայաստանի շախմատի միջբուհական առաջնություն» ծրագիրը,
  11. «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը,
  12. «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգում՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը։ 

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մրցանակները հզոր եռանդ են հաղորդելու երիտասարդներին իրենց հետագա աշխատանքներին։ «Մրցանակաբաշխության ամենակարևոր նպատակն է խթանել ու խրախուսել երիտասարդության շրջանակում ակտիվությունը, ինքնակազմակերպման ձեր բոլոր դրսևորումները, որովհետև դրանով իսկ դուք ավելացնում եք մեր հասարակության ինքնակազմակերպման կարողությունները, որն ամենալուրջ խնդիրն է այսօր քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում։ Գաղտնիք չէ, որ երբ մշտապես խոսվում է հասարակության սիներգիայի մասին, Հայաստանը մատնանշվում է այդ սիներգիայի դեռևս ցածր պոտենցիալ ունեցող երկրների շարքում, իսկ դա նշանակում է, որ այդ նոր պոտենցիալը, նոր մտածողությունն առաջին հերթին պետք է ձևավորվի ձեր մեջ։ Եվ այս մրցանակաբաշխությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն շատ հետաքրքիր երիտասարդական շարժումներ, և մենք պարտավորված ենք զգում բացահայտել և խրախուսել այդ շարժումները»,- նշեց ՀՀ վարչապետը։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շեշտեց, որ Հայկյան մրցանակաբաշխությունն այսուհետև լինելու է շարունակական, մեծանալու է մրցանակակիրների բանակը։ Կ. Ավագյանը հավաստիացրեց նաև, որ ուշադրության են արժանանալու բոլոր այն կազմակերպությունները, որոնք աշխատելու են նվիրումով և ներդրում են ունենալու երիտասարդական ոլորտում։

Նշենք, բոլոր մրցանակակիրներին արժեքավոր նվերներ էր պատրաստել մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր Samsung ընկերությունը։

Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter