
Դատախազը միջնորդեց Նարեկ Մութաֆյանին կրկին կալանավորել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այսօր կրկին քննարկման առարկա դարձավ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանի խափանման միջոցի հարցը:
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը նիստի մեկնարկին ամբաստանյալներ Սարգիս Օհանջանյանին և Նարեկ Մութաֆյանին տեղեկացրեց, որը գործը վարույթ ընդունելիս որոշել է նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Շուտով, սակայն, գործով դատախազ Ասպուրակ Ավետիսյանը դատարանին միջնորդեց կալանավորել Մութաֆյանին:
Դատախազը հիշեցրեց, որ այն ընթացքում, երբ Մութաֆյանը կարտարել է իրեն վերագրվող ենթադրյալ արարքը, մեկ այլ գործի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել գրավը, և գրավի գործողության պայմաններում նա նոր հանցանք է կատարել, ուստի այժմ ևս առկա է Մութաֆյանի կողմից նոր հանցանք կատարելու վտանգ և որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ի զորու չէ ապահովելու նրա պատշաճ վարքագիծը:
Ամբաստանյալների պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Վահե Եփրիկյանը տևական ժամանակ հակադարձում էին, որ եթե անձի նկատմամբ գրավ է կիրառված, դա նրա մեղավորության հետ կապ չունի, որ գրավը բացառապես պատշաճ վարքագիծ ապահովելու համար է:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը: Այսպիսով՝ Մութաֆյանը կմնա ազատության մեջ:
Մեկնաբանել