HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Զանգվածային տեսարաններում՝ ժողովուրդ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշմամբ՝ ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիները հանրաքվեով պետք է վճռեն ՍԴ նախագահի և անդամների (բացառությամբ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի) լիազորությունները դադարեցնելու հարցը:
Նիկոլ Փաշինյանն արդեն քվերաթերթիկի բովանդակության իր մեկնաբանությունն է հրապարակել. «Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»:

Հեղափոխությանը, ապագային, ազատությանը «Այո», կոռուպցիային՝ «Ոչ» ասել ենք երկու տարի առաջ՝ մերժելով նախկիններին և Հայաստանի վարչապետի պաշտոնը վստահելով Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, չափազանց կոնկրետ՝ նոր Սահմանադրության ակնկալիքով:
Դրա անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված էր Սահմանադրության ոչ լեգիտիմությամբ: 

Նոր Սահմանադրությունը պետք է հռչակեր սուպերվարչապետության ավարտը, երաշխավորեր միմյանցից անկախ ու միմյանց փոխզսպող գործառույթներով պետական համակարգ:

Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չտեսավ: Եվ հեղափոխությունից երկու տարի անց մենք հանրաքվեի ենք գնում ՍԴ յոթ աշխատակցի աշխատանքից ազատելու օրակարգով:  

Իշխող «Իմ քայլի» ներկայացուցիչները ապրիլի 5-ի հանրաքվեի իրավական հիմնավորումներ չեն ներկայացնում՝ ՍԴ-ն չունի հասարակության վստահությունը, քաղաքացիները պահանջում են արագ հանգուցալուծել ՍԴ ճգնաժամը, այս ՍԴ-ով հնարավոր չէ հեղափոխությունն ավարտին հասցնել և այլն:

Իրավական հետևանքները, որոնց առաջ կարող է կանգնել ՀՀ քաղաքացին՝ այս հանրաքվեով, վարչապետը և նրա քաղաքական թիմի անդամները չեն ներկայացնում:

Իշխանություններն ակնկալում են ունենալ «ժողովրդի վստահությունը վայելող» նոր ՍԴ: Սակայն այս հանրաքվեով վարչապետն ի սկզբանե դատապարտում է վստահելի ՍԴ ունենալու հեռանկարը: Ի սկզբանե ՀՀ  քաղաքացիներին առաջարկվում է ոչ թե արժանապատիվ ընտրություն՝ հին ու նոր սահմանադրությունների միջև, այլ մասնակցել անհասկանալի տեղապտույտի՝ անընդհատ «այո» ասել հեղափոխությանն ու ազատությանը: Հետո ՝ նորից ու դարձյալ: 

 Ընդ որում՝ հեղափոխություն ու ազատություն ասելով՝ ոչ թե առաջընթաց ենք հասկանում, այլ նախկիններին մերժելու պերմանենտ գործողությունը:
Նախ՝ առաջարկվեց ոչ թե ընտրելու, այլ մերժելու սկզբունքով մասնակցել ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին: Ինչն արեց ընտրողների 81%-ից ավելին:
Հետո արդեն, խորհրդարանական ընտրություններին, դարձյալ կարգախոսը նախկիններին մերժելն էր, և  70%-ից ավելին այդպես էլ վարվեց. Աժ-ում ունեցանք 88  հոգանոց, վարչապետի կարծիքին գլուխները առաջ ու ետ  տմբտմբացնող մարդկանց բազմությունը:

Եվ հիմա էլ նույն սկզբունքով առաջարկվում է մասնակցել հանրաքվեին՝ «դուռը կոռուպցիոներների վրա շրխկացնելու», նույն է թե՝  ՍԴ յոթ անդամի աշխատանքային լիազորությունները դադարեցնելու նպատակով: Ընդ որում, ո՜չ իրավական  ճանապարհով:

Սա քաղաքացիներին առաջարկվող նվաստացուցիչ և անպատիվ գործարք է:

ՍԴ-ն, ինչպես և՝ Հայաստանի դատաիրավական համակարգը, գործող իշխանությունների վերարտադրման, կլանային շահերին սպասարկող գործիք էր: Եվ դա որևէ մեկը չի վիճարկել:

Այս ՍԴ-ն  փոխարինել նույն գործառույթներով, բայց այլ կազմ ունեցող ՍԴ-ով (ինչին, փաստորեն, գնում ենք), էներգիայի և միջոցների անիմաստ պարպում է: Դեռևս կոնկրետ թիվ հրապարակված չէ՝ որքան գումար կհատկացվի համապետական այս միջոցառմանը: 2015-ի հանրաքվեն հարկատուներիս արժեցել է մոտ 1 մլրդ 786 մլն դրամ: Գումարած նյարդային մթնոլորտը, հասարակության ՝ արդեն հյուծող բևեռացումը, գումարած այն ժամանակը, որ պետք է ծախսի իշխանությունը, ավելի ստույգ՝ անձամբ վարչապետը՝ իր աշխատանքի հաշվին:  

Եթե վարչապետի համար սա մկանների ցուցադրության հարց է, ապա, ենթադրում եմ, բավականին ռիսկային է: Հանրաքվեին իշխանությունները հաջողություն կարող են արձանագրել, եթե «Այո» ասի առնվազն 648.285 քվերակող: Սա մեծ, շատ մեծ թիվ է: Հաշվի առնենք, որ երբ վարչապետի հանդեպ վստահությունն անհամեմատ բարձր էր, իսկ ՍԴ-ի հանդեպ՝ գրեթե զրոյական, դատարանները շրջափակելու՝ վարչեպետի կոչը, մեծ հաշվով, ձախողվեց։

Վարչապետի շրջապատում եթե լիներ մեկը, որը նրա ցասումից վախեցած չէ, հեղափոխության հաջողությունը սեփական ամենամսյա կայուն աշխատավարձից ու պարգևավճարից բարձր է դասում, վարչապետին կհիշեցներ, որ Նիկոլ Փաշինյան՝ մինուս հեղափոխություն, հավասար է ցածր վարկանիշի, այնքան ցածր, որքան 2017-ի խորհրդարանական ընտրություններին, երբ նա մասնակցեց «Ելք» դաշինքով, քանի որ առանց «Լուսավոր Հայաստանի» դժվար հաղթահարեր նվազագույն անցողիկ շեմը:

Գուցե  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյա՞նը Նիկոլ Փաշինյանին հստակ ներկայացներ այն վտանգները, որոնք այս հանրաքվեով կարող են պատահել ոչ միայն վարչապետի, այլև Հայաստանի վարկանիշի հետ: Հնարավոր է, եթե  Արմեն Սարգսյանի համար ՀՀ նախագահի պաշտոնը չլիներ ներկայանալի ինքնակենսագրականի մի տող:

Բայց կասկածներ ունենք, որ նա Նիկոլ Փաշինյանին ասել է մոտավորապես նույն տեքստը, ինչ ժամանակին ասաց նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրանից ՀՀ նախագահ դառնալու առաջարկը ստանալով. «Թույլ տվեք նախ եւ առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես ՀՀ  երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի եւ առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչև այսօր: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք: Սա, պարո՛ն նախագահ, ես ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի եւ մեկը, որը վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը»:

Իշխանությունները պետք է հաշվարկեն, որ հետհեղափոխական էյֆորիան իշխանություններն ու անձամբ վարչապետը մեծ արագությամբ սպառել են: Համակիրների բանակը փոքր չէ, սակայն այնքան էլ մեծ չէ՝ վստահ լինելու հանրաքվեի՝ «Իմ քայլ»-ի համար ցանկալի արդյունքներին:

Հ.Գ. Եվ ավանդական հարցը՝ ո՞ր կողմից կոտրել ձուն: Այս հարցը մշտապես անհամաձայնությունների պատճառ էր Լիլիպուտիայի և Բլեֆուսի կայսրությունների միջև. «Բոլորը գիտեն, որ ուտելուց առաջ ձուն կոտրելու նախնական ձևը բութ ծայրից ջարդելն է, իսկ նորին այժմյան մեծության պապը, երբ մանուկ էր, ուտելուց առաջ ձուն կոտրել է հին ձևով և վնասել իր մի մատը: Դրա վրա նրա հայրը՝ կայսրը, հրապարակել է մի հրովարտակ և հրամայել իր հպատակներին պատժի սպառնալիքով, որ ձուն կոտրեն սուր ծայրից: Ժողովուրդն այն աստիճան զայրացել է այդ օրենքից, որ, ինչպես մեր պատմագիրները մեզ պատմում են, այդ հողի վրա տեղի է ունեցել վեց ապստամբություն»: Եվ մեկ հանրաքվե, որը տեղի կունենա ապրիլի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter