HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

120 աշխատող հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի

67-ամյա Հարություն Բաստեղյանը 45 տարի աշխատել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում: Նա 2001թ.-ի նոյեմբերի 1-ից մինչև 2015թ.-ի հունիսի 29-ը փականագործ-նորոգող է աշխատել մեխանիկական արտադրամասում: Հ. Բաստեղյանին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տրամադրած 14 տարիների արձակուրդայինները վճարվել են Աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումներով: 

«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ-Սի-Փի)  ՓԲԸ-ում  աշխատողների արձակուրդային աշխատավարձը տարիներ շարունակ վճարվել է Աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի 2–րդ մասի խախտումներով: Ըստ օրենքի՝ գործատուն արձակուրդային աշխատավարձի վճարումը  պետք է իրականացներ ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը պետք է վճարվեր արձակուրդը սկսելու մասին աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության աշխատավարձ վճարող պատասխանատուները շրջանցել են աշխատավարձը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում օրենքով սահմանված հետևանքները, այդ թվում՝ աշխատավարձի ուշացած օրերի քանակով արձակուրդը երկարաձգելու և աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս չօգտագործված արձակուրդը որպես դրամական փոխհատուցում վճարելու մասին: Աշխատանքային  օրենսգրքի 169 հոդվածի խախտմամբ արձակուրդային աշխատավարձ չստացած «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության աշխատողների մեծ մասը, վախենալով կորցնել  աշխատատեղերը, ժամանակին չեն պահանջել իրենց չօգտագործած արձակուրդի աշխատավարձի փոխհատուցման գումարները: Փաստաբան Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ միայն 2019թ.-ի հուլիսից, երբ դադարեցվել են պղնձաձուլական գործարանի աշխատանքները, աշխատողները մասսայական սկսել են դիմել դատարան՝ իրենց չօգտագործած արձակուրդի աշխատավարձի բռնագանձման պահանջով: 

Քսան հայց Երևանի ընդհանուր իրավասության դատարաններն արդեն բավարարել են, 100 հայց էլ դատաքննության փուլում է:

«Գնացել եմ արձակուրդ, եղել են շատ դեպքեր, երբ 28, 30, 32 օր հետո են ինձ արձակուրդային աշխատավարձ վճարել»,-ասում է Հարություն Բաստեղյանը: Նրա արձակուրդի աշխատավարձի վճարման ժամկետանց օրերի քանակը փաստաբան Գ. Գրիգորյանի՝  դատարան ներկայացված հաշվարկով կազմել է 1218 օր: Դա հաստատվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանին տրամադրված  2018թ.-ի հաշվի քաղվածքով և հայցվորի աշխատանքային գրքույկով: Գագիկ Գրիգորյանը  2019թ.-ի մայիսի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայցագնի հստակեցմամբ խնդրել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ից  հօգուտ Հ. Բաստեղյանի  բռնագանձել 802 382  հազար դրամ, որից  401 191 դրամը՝ որպես  արձակուրդի չվճարված աշխատավարձ, իսկ 401 191 դրամը՝ հաշվարկված տուժանք: Հ. Բաստեղյանը պատմեց, որ  աշխատելու տարիներին ինքն Աշխատանքային օրենսգրքից տեղյակ չի եղել: Նշեց, որ պղնձաձուլական գործարանում այդ ժամանակ արհմիութենական կազմակերպություն է եղել, որը աշխատողների աշխատանքային իրավունքները չի պաշտպանել: «Աշխատելու ժամանակ ընկերությունից դատական կարգով այդ գումարները չէի  կարող  պահանջել, որովհետև ինձ աշխատանքից անմիջապես կազատեին»,- բացատրեց Հ. Բաստեղյանը:

Դատարանում հայցվորի արձակուրդային աշխատավարձի պահանջի դեմ պատասխանողի ներկայացուցիչ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության իրավաբան Հրաչիկ Թանդիլյանը չի առարկել: Ընդունել է, որ Հ. Բաստեղյանի արձակուրդային աշխատավարձը վճարվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ: Դատարանը հաստատված է համարել, որ  Հ. Բաստեղյանին 2001-2015թթ.-ին տրամադրված արձակուրդների համար վճարվելիք միջին աշխատավարձը վճարվել է Աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի 2 –րդ մասով սահմանված ժամկետի խախտումներով, վերոնշյալ ժամանակաշրջանում նրան  տրամադրված արձակուրդների տևողությունն օրենքի ուժով երկարաձգվել է աշխատավարձի վճարման ուշացված օրերի քանակով: Ընկերությունը պարտավոր է դրա համար վճարել այնպես, ինչպես վճարել է հասանելիք արձակուրդների համար, որը, սակայն, չի կատարել:  Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար օրենքով գործատուն պարտավոր է  աշխատավարձի վճարում կատարել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս, սա  Հ. Բաստեղյանի դեպքում  նույնպես անտեսվել է: Աշխատանքային օրենսգրքի 191 հոդվածի համաձայն՝ գործատուն պարտավոր է աշխատավարձի վճարման կետանցված  յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք՝վճարման ենթակա  աշխատավարձի 0,15 տոկոսի չափով: Հ. Բաստեղյանը դատարանից պահանջել է հօգուտ իրեն որպես չվճարված աշխատավարձի վրա հաշվարկված տուժանք գործատուից բռնագանձել նաև 401 191 դրամ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք- Մարաշ նստավայրի դատավոր Ռ. Ափինյանը 2019թ.-ի օգոստոսի 8-ի իր վճռով որոշել է  գումարի բռնագանձման պահանջի մասին Հ. Բաստեղյանի հայցը բավարարել և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունից հօգուտ Ա. Բաստեղյանի բռնագանձել 802 382  դրամ:

 Օձուն գյուղի բնակիչ Կարեն Փերիխանյանը նույնպես չվճարված աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Նա 2008թ.-ի մարտի 1-ից մինչև 2010թ.-ի հունիսի 29-ը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում աշխատել է որպես պահպանության խմբի հերթապահ: Նշված ժամանակահատվածում Կարեն Փերիխանյանին տրամադրված արձակուրդի  աշխատավարձերը նույնպես վճարել են Աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի խախտումներով: Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Գ. Մազմանյանը 2019թ.-ի հոկտեմբերի 8-ի իր վճռով Կարեն Փերիխանյանի հայցը բավարարել է մասնակի և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ից  հօգուտ նրա բռնագանձել է 157 017 դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի գումար:

«Եթե աշխատելու ժամանակ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունից պահանջեի մեր  չվճարված արձակուրդային աշխատավարձը, նախ ինձ կազատեին աշխատանքից, հետո  դատարանն այնպիսի օրինական որոշում չէր կայացնի, ինչպես կայացրել է այժմ»,- բացատրեց Կարեն Փերիխանյանը:

Փաստաբան Գագիկ Գրիգորյանի խոսքով, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում աշխատողների արձակուրդային աշխատավարձի փոխհատուցման իրավունքներին առնչվող հայցերի ներկայացումը սկսվել է 2016թ.-ից:

«Հետագայում, երբ ավելի շատ մարդիկ աշխատանքից ազատվեցին, հայցադիմումների հոսքն ավելացավ»,- ասում է  Գ. Գրիգորյանը:

 «Վալլեքս» խմբի ընկերությունների hասարակայնության հետ կապերի բաժնից «Հետք»-ի հարցմանը պատասխանել են, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ -ն «Վալլեքս» խմբում լինելու ընթացքում իր աշխատողների նկատմամբ կատարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ աշխատավարձային վճարումները:

«Ներկայում «Վալլեքս» խմբի ընկերությունները չեն վերահսկում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ Ը-ն, և մենք լիազորված չենք պատասխանելու ընկերության պարտավորությունների (այդ թվում՝ որպես գործատուի) կատարման հետ կապված հարցերին»,- նշված է  «Վալլեքս» խմբի ընկերությունների hասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված մեր հարցման պատասխանում:

Գագիկ Գրիգորյանն ասում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը հենց  «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմում է հիմնականում խախտել բոլոր աշխատողների  աշխատավարձի իրավունքները, և հիմա բոլոր աշխատողներն էլ կարող են դիմել դատարան և պահանջել իրենց չօգտագործված արձակուրդների աշխատավարձն ու տույժերը:

«Մինչև վերջերս «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը դատարանի վճռից հետո  կամավոր վճարել է դատարանի որոշած գումարները: Վերջին շրջանում ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կատարելու համար ստիպված դատարանի վճռից հետո  դիմում ենք Հարկադիր կատարման ծառայությանը, և հարկադիր կատարմամբ  բռնագանձվում է աշխատողների չվճարված աշխատավարձ, ինչպես նաև 0,15 տոկոսի տույժի գումարը»,-ասաց փաստաբան Գագիկ Գրիգորյանը:

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
դե այսօրվա էկոնոմիկայի նախարարը սրա հետ կապ չի ունեցել, ինքը կարևորը իրեն հիմա էլ լավ է զգում,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter