HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան հարվածներ է հասցրել սիրիական հենակետերի ուղղությամբ

Թուրքիայի զինված ուժերը հարվածներ է հասցրել սիրիական բանակի 115 հենակետի ուղղությամբ՝ ի պատասխան Իդլիբում տեղի ունեցած հրետանային կրակահերթի։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Նախնական տվյալներով՝ հրետակոծվել է սիրիական բանակի 115 հենակետ, որոնցից խոցվել է 101-ը։ Հրետակոծման արդյունքում խոցվել են երեք տանկ և մեկ ուղղաթիռ։ Ռազմական գործողությունը շարունակվում է»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հինգ զոհերի և ևս հինգ թուրք վիրավոր զինծառայողների մասին, որոնք տուժել էին սիրիական զորքերի կողմից՝ դիտակետի հրթիռակոծման արդյունքում։

Նախորդ շաբաթ Թուրքիան հատուկ ծառայությունների լրացուցիչ ուժեր էր կենտրոնացրել Իդլիբի հատուկ շրջանի դիտակետերի հատվածում։ Դեռ փետրվարի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան չի լքի դիտակետերը և, ավելին, պատրաստվում է ամրացնել դրանք։ Թուրք զինծառայողները զոհվել էին Էրդողանի հայտարարության հաջորդ օրը՝ սիրիական զորքերի հարվածներից հետո։ Էրդողանի խոսքերով՝ թուրքական պատասխան գործողությունների արդյունքում զոհվել է սիրիացի 76 զինվորական։

Փետրվարի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ռուս գործընկերոջը կոչ է արել ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի դեպի Իդլիբ հարձակումը և հեռանա թուրքական դիտակետերից։ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում իրավիճակի լարմամբ։ Նա նշել է, որ հնարավոր է, որ մոտ օրերս Պուտինն ու Էրդողանը նորից հանդիպեն։

Դեռ 2017 թվականի մայիսին Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշել էին Սիրիայում ստեղծել դեէսկալյացիոն չորս շրջաններ։ 2018 թվականին դրանցից երեքն անցել են Դամասկոսի հսկողության տակ։ Չորրորդը, որը գտնվում է Իդլիբի և հարևան Լաթաքիայի, Համայի և Հալեպի մարզերում, դեռևս չի անցել կառավարական ուժերի հսկողության տակ։ Դեէսկալյացիոն շրջանի մեծ մասը գրավվել է «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման կողմից։

2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը և Թուրքիան Սոչիում ստորագրել են «Իդլիբում ապառազմական տարածքի ստեղծման մասին» համաձայնագիր, որտեղ տեղակայված են ավելի քան 10 տարբեր խմբավորումներ։ Դրանցից ամենամեծը պրոթուրքական «Ազատագրման ազգային ճակատ» միությունն ու «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումն է, որին անդամակցում են շուրջ 30 000 գրոհայիններ։

լուսանկարը՝ thenational.ae

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter