HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀԿ-ների հաշվետվությունների պարտադիր հրապարակման նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի սկզբում ներկայացրեց այն հարցերը, որոնք չեն ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը: Դրական եզրակացություն չստացած նախագծերից էր նաև Կառավարության հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով` փոփոխությունը պայմանավորված է խնդրահարույց իրավական նորմերը վերախմբագրելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն պարտավոր է յուրաքանչյուր տարի իր ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվություն հրապարակել:

«Հիմնական նպատակն այն է, որ բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն հրապարակել էլեկտրոնային եղանակով, որի արդյունքում հանրությունը հասանելիություն կստանա բոլոր հաշվետվություններին»,- ասաց Անանյանը:

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով` հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները կողմ են քվեարկել, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ, «Լուսավոր Հայաստանը»` դեմ, դա է պատճառը, որ ձայների մեծամասնությամբ նախագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հովհաննիսյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին` հնարավորություն տալով հարցը քննարկել լիագումար նիստերի օրակարգում: Պատգամավորը հայտնեց նաև, որ պատրաստ են ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպել և քննարկել վերջիններիս մտահոգող հարցերը նախագծի վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ նախագծին կողմ են քվեարկելու, որպեսզի ներառվի օրակարգ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ դեմ են քվեարկելու, քանի որ այս նախագծով ՀԿ-ների բեռն ավելացվում է, իսկ նախագծի ձևակերպումները տեղ են թողնելու՝ ՊԵԿ-ին հայեցողական մոտեցում ցուցաբերելու:

Անի Սամսոնյանի հետ համաձայնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` ասելով, որ այս հարցի վերաբերյալ ՀԿ-ները կոնսենսուս չունեն, ուստի իրենք ևս դեմ են քվեարկելու:

Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այս նախագիծը որպես Դամոկլյան սուր կախված է մնալու ՀԿ-ների գլխին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ այժմ հրապարակում են միայն նրանք, որոնք պետությունից օժանդակություն են ստանում:

«Հիմա իմաստն էն է, որ բոլորը հրապարակեն, եթե իրենց հիմնական նպատակն է հաշեվետվողականություն պահանջել Կառավարությունից, էլ խնդիրն ինչումն է, ինչու չեն կարող իրենք էլ հաշվետվություն հրապարակել, ինչու է իրենց գլխին Դամոկլյան սուր»,- ասաց Թունյանը:

Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ` 74 կողմ, 38 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter