HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Նոր ծրագիր․ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՔԿՀ-ներում»

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ Հայաստանում կիրականացվի ծրագիր՝ որի նպատակն է աջակցել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանմանը։ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի ՔԿՀ-ներում» ծրագրի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող, ազատությունից զրկված անձանց հետազոտման, բուժման և խնամքի ապահովման պայմանները՝ հաշվի առնելով նրանց կարիքները, բարելավել հիգիենիկ և սանիտարահամաճարակային պայմանները, ներդնել այնպիսի նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին են  հեռաբժշկությունը, բժշկական էլեկտրոնային տվյալների շտեմարանի ստեղծումը։ Ծրագրի մեկնարկի վերաբերյալ այսօր անցկացվեց համակարգող խորհուրդի քննարկում, որին մասնակցում էր նաև արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։ Նա անդրադարձավ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը՝  նշելով, որ այն զարգացման կարիք ունի, սակայն կատարված բարելավումները նկատելի են։

«Շարունակվում է մտահոգիչ մնալ ՔԿՀ-ներում ինքնասպանությունների մեծ թիվը և ծանր հիվանդությունների հիմքով մահացության թիվը։ Լիահույս եմ, որ ծրագրի վերջում մենք կամրապնդենք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ ունակությունների ամրապնդումը և կարձագանքենք, որ ՔԿՀ-ներում տրամադրվող բժշկական սպասարկման որակն էապես բարելավվել է», - նշեց նախարարի տեղակալը։

Այս ծրագրի զուգահեռ կանցկացվի նաև 2-րդ՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացման» ծրագիրը, որի նպատակն է աջակցել կրկնահանցագործության ցուցանիշների նվազմանը, պրոբացիայի շահառուների սոցիալական վերաինտեգրմանը։

Քննարկմանը ծրագրի համակարգող Լարիսա Բիկովան անդրադառնալով փոխնախարարի խոսքին, նշեց, որ բարեփոխումները պետք է լինեն համապատասխան Եվրոպական ստանդարտներին։ Ըստ նրա՝ պահանջվում է համագործակցություն տարբեր գերատեսչությունների միջև, ինչպես նաեւ քաղհասարակության ներգրավում, հատկապես վերաինտեգրման ծրագրերի շրջանակում։

«Անհրաժեշտ է արդյունավետ և թափանցիկ հանրային կառավարման համակարգ, պրոբացիոն կառավարման համակարգ։ Այս ծրագրերի նպատկներն են անել այնպես, որ այս ծրագրերը կատարվեն»,- նշեց Լարիսա Բիկովան։

«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի ՔԿՀ-ներում» ծրագիրը կանդրադառնա խոշտանգումների, վատ վերաբերմունքի, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների պատշաճ փաստաթղթավորմանը։ Ծրագրի բյուջեն 750 000 եվրո է, տևողությունը՝ 3 տարի, իսկ գործընկերներն ու շահառուները արդարադատության, առողջապահության նախարարություններն են, ՄԻՊ-ը, քաղհասարակության կազմակերպությունները, որոնք ծառայություններ են մատուցում ՔԿՀ-ներում և այլ փակ հաստատություններում գտնվող անձանց։ 

Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նպաստում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի զարգացմանը, նշեց, որ նախորդ ծրագիրը, որի հիման վրա նոր ծրագրի մեկնարկն է դրվել, կոնկրետ սենյակներ են վերանորոգվել, և նաև ՔԿՀ-ները վերազինվել են մի շարք սարքավորումներով։ «Ներկա փուլում մենք պետք է զարգացնենք մեր բժիշկների կարողությունները, ինքնասպանությունների հետ կապված խնդիր ունենք լուծելու, պետք է ռիսկերի գնահատման գործիքներ ներդնենք, միտում ունենք բարձրացնել ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման որակը»,- նշեց Գալյանը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների թափուր հաստիքների վերաբերյալ  «Հետքի» հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ թափուր հաստիքիների 90 %-ը համալրված է մասնագետներով, մնացել է 12-13 հաստիք զբաղեցնել, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում ավելացրել է հաստիքների ցանկը՝ պայմանավորված կալանավորված անձանց թվի հետ։

Անդրադառնալով «Արմավիր» ՔԿՀ-ում ստացիոնար բուժում անցկացնելուն՝ Գալյանը նշեց, որ ծրագիրը իրականություն կդառնա, սակայն օրինակ՝ տուբերկուլիոզով հիվանդները չեն կարող տեղափոխվել։

Նշեց, որ վերանայվելու է նաև դեղերի գնման գործընթացը՝ հարազատների կողմից դեղեր գնելու երևույթը բացառելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter