
Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է`հանրաքվեի մասնակցության վերաբերյալ որոշումը կայացնելու է ԲՀԿ քաղխորհուրդը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նույնանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի ուզում դիրքորոշում հայտնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գ․ Ծառուկյանը:
«Մենք քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք, և մեր տեսակետը կհայտնենք, և մեր թիմակիցները, համակիրները, բոլորդ էլ կիմանաք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահն արդեն ստորագրել է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումը:
Մեր հարցին, թե որպես կուսակցության նախագահ՝ ի՞նչ կարծիք ունի, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Եթե անձամբ ասեմ, նշանակում է կխանգարեմ իմ համակիրներին, պատգամավորներին, Ծառուկյանն ասել է՝ էդպես պետք է անեք, ես բոլորին պետք է լսեմ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու «Լուսավոր Հայաստանի» հետ չեն միացել ստորագրահավաքին, որպեսզի դիմեն ՍԴ` ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ, Գ․ Ծառուկյանն ասաց, որ ՍԴ-ի կազմն այդ հարցով շահագրգիռ կողմ է, դրա համար կողմ չեն այդ հարցով ՍԴ դիմելուն:
Մեկնաբանել