HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Ռազմավարական նպատակադրումներ

Նախորդ` նախահեղափոխական կառավարությունը 2017-2018 թվականների ընթացքում աշխատում էր Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030-ի վրա: Խնդիրներ շատ կային, բայց այս գիրը դրա մասին չէ: 2030 թվականն էլ կարծում եմ պատահական չէր ընտրված: Սերժ Սարգսյանը հավանաբար պլանավորել էր ևս 10 տարի պետության կառավարման ղեկին լինել:

Այս ռազմավարական ծրագրի վրա շատ ժամանակ ու հանրային ռեսուրս ծախսվեց: Ընթացքում էլ հանրային քննարկումներ տեղի ունեցան: Չնայած որ նախորդ իշխանությունները չէին փայլում ներառականությամբ և գործունեության թափանցիկությամբ` նրանք համաձայնվել էին որոշակի բաց գործելաոճի և նաև այն պատճառով, որ ինչ-որ պահի Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակի ֆինանսավորմամբ ներգրավված փորձագետներն էին գործընթացն առաջ տանում: Կարծում եմ նաև, որ իշխանության կողմից քաղաքական գիտակցումը կար, բայց ոչ խորքային, որ պետության վիճակը` ռեսուրսի սակավության առումով, լավ չէ և պետք է հնարավորինս ընդարձակվել և մտավոր ռեսուրս ներգրավել` սակայն պահելով ռեժիմին հատուկ որոշակի հրահանգավորված մի կենտրոնից կառավարում:

Հեղափոխություն և իշխանափոխություն եղավ: Տարիների այս աշխատանքները և նախագիծ վիճակում փաստաթուղթը փոշիացան: 2019 թվականի օգոստոսի սկզբին, արդեն նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց` ազդարարելով «Մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները» փաստաթղթի նախագծի շուրջ տարվող աշխատանքների մասին, և դրանից որոշ հատվածներ հրապարակեց: Սա լայնորեն քննադատվեց, նաև իմ կողմից: Այդ պահից հետո այս փաստաթղթից` հանրային հասանելի տեղեկատվություն չկա: Անցել է ավելի քան վեց ամիս, սակայն դեռ չենք լսել որևէ հանրային քննարկման կամ բաց հարթակի մասին, որտեղ որոշակի գործընթաց է տեղի ունենում և պետության համար կարևորագույն փաստաթուղթը կազմվում է ներառական գործընթացում:

Տեղյակ չեմ, 2050 թվականի նպատակադրումը որտեղից է վերցված, բայց ավելի քան վստահ եմ որ Ն.Փաշինյանը մինչև այս թիվը իշխանության ղեկին չի լինելու, իսկ իր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, այլևս գոյություն չի ունենա: Հետևաբար, հավանական չէ, որ այս տարեթիվն իր մեջ իշխանական հավակնություններ է պարունակում: Նույնիսկ, եթե ՔՊ կուսակցության երկար ժամանակ կառավարման մնալու անհնարինության առումով սխալվում եմ, միևնույն է, այսքան հեռահար հայացքով ցանկացած փաստաթուղթ կազմելիս պարտադիր է հանրության լայն շրջանակների ներգրավումը` հատկապես քաղաքական միավորների:

Պատճառը պարզ է. Բացի ներառականությունից հանրությունը պետք է սեփականության զգացում ունենա նման փաստաթղթի համար, իսկ կառավարման մեջ չգտնվող (ոչ իշխանական) քաղաքական ուժերը պատասխանատվություն ստանձնեն այս փաստաթղթում ներառված նպատակադրումների համար: Կարծում եմ հաջորդիվ սա էլ է պարզ. Նույնիսկ եթե իզմերի դիտանկյունից քաղաքական ուժերի միջև կան տարաձայնություններ, ապա երկրի հեռահար զարգացման նպատակադրումների առումով չպետք է արմատական տարբերվող հայացքներ լինեն (եթե այդպիսիք կան, ապա դա գիտելքի պակասի կամ իրականությունից կտրված լինելու արդյունք է): Օրինակ բերեմ. Չի կարող այնպես լինել, որ մի քաղաքական ուժ Հայաստանի ապագան տեսնի հանքարդյունահանման և մեր կենսագործունեության միջավայրը անխնա շահագործման մեջ, իսկ մյուսը` բժշկական ծառայությունների կամ բարձր տեխնոլոգիաների զարգացման: Այս առումով, նույնիսկ իրեն հեղափոխական համարող ուժը նախորդի հետ գրեթե ամբողջությամբ միևնույն հարթության մեջ է:

Երբ պետության զարգացման նման հեռահար նպատակադրումներ ես դնում և բոլոր ստորադաս քաղաքականությունները վերաձևակերպում սա իրագործելու համար, երկիրը իր զարգացման ուղեծրի առումով որոշակի դիրք է ընդունում` նպատակադրված ուղղությամբ շարժվելու համար: Իսկ բուն շարժը տեղի է ունենում մի քանի տասնամյակի ընթացքում: Իսկ երբ դու չես ներառում քեզնից հետո հավանական կառավարման պատասխանատուներին (այսինքն պահի ամբողջ քաղաքական և մտավոր հանրույթը), ապա շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ գալացող ուժը դեն է շպրտելու քո կազմած երկրի զարգացման ռազմավարական փաստաթուղթը և կրկին անգամ շատ հանրային ռեսուրս և ժամանակ է ծախսելու նորը ստեղծելու համար: Եվ ինչպես ներկայի նախագծվող փաստաթուղթը, հավանաբար հաջորդն էլ կգրվի ինչ-որ փակ ու մարդկային ռեսուրսով խիստ սահմանափակված տարածքում` փաստաթղթում ներառելով այդ պահի համար մեկ պետական պաշտոնիայի անձնական երազանքները, պետության ու ժողովրդի գոյության ու զարգացման մասին սեփական պատկերացումները, որոնք իհարկե կլինեն, ո՛չ իրատեսական, ո՛չ հանրային և ո՛չ էլ պետականամետ:

Ամփոփելով, ուզում եմ հորդորել ներկա կառավարիչներին, ներառե՛ք բոլոր քաղաքական ուժերին, ինչքան էլ, որ դրանցից խորշեք կամ նույնիսկ գարշեք, փորձեք գոնե այս հարցում գալ համաձայնության: Թող նպատակներին հասնելու եղանակները մնան տարբերվող (իզմեր, ինչի շուրջ կուսակցություններ են ձևավորվում), բայց այս փոքր և սակավ ռեսուրսով (նաև մարդկային մտավոր ռեսուրսի առումով) պետության համար չի կարող արմատապես տարբերվող նպատակների խումբ լինել` քանզի այս բոլոր ուժերի համար էլ իրատեսական նպատակադրումներ անելու համար անհրաժեշտ գիտելիքի ու վերլուծական մտքի աղբյուրը միևնույն հանրության միևնույն մտավոր զանգվածն է: Եվ որ ավելի կարևոր է, մենք ավելորդ ժամանակ չունենք և չենք կարող թույլ տալ, որ մեր պետության ապագան կանխորոշող նպատակադրումները փոշիանան քաղաքական տարաձայնությունների և նեղ խմբային ու անձնական շահերի բախման արդյունքում:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter