HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական աշխատանքներ. գները սկսվում են 25,000-ից, հասնում՝ 130,000 դրամի

Շուշան Ստեփանյան, Մերի Մնացականյան 

Բուհերի հարևանությամբ հաճախ կարելի է տեսնել ռեֆերատներ, դիպլոմային, կուրսային աշխատանքներ գրել առաջարկող ծառայությունների ցուցապաստառներ։ Այս կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ ծառայությունների գների, իրենց կոնտակտների վերաբերյալ թռուցիկներ են բաժանում ուսանողներին՝ հենց համալսարանների տարածքում։ Միայն էլեկտրոնային հայտարարությունների «List.am» կայքում գրանցված են 60 անհատ և կազմակերպություն, որոնք նման ծառայություններ են առաջարկում։ Կան կայքեր, ինչպես, օրինակ, «usum.am», «armeeco.am» և «kursayin.am», որտեղ կարելի է գիտական աշխատանք՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային վաճառել։

Երևանի պետական համալսարանի և տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ գործում է նման ծառայություններ առաջարկող միանգամից երեք կազմակերպություն։ Այս երեք կազմակերպություններից ամենավաղը հիմնադրվել է «Bankreferat.am»: Այն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգի, հիմնադրվել է 2012 թվականի հունիսին։ Կազմակերպության հիմնադիրը Լիլիթ Բաբայանն է, ըստ գործունեության տեսակի՝ կազմակերպությունը մատուցում է համակարգչային ծառայություններ։ Կազմակերպությունն ունի երկու մասնաճյուղ: Մեկը գտնվում է Երևանի պետական համալսարանի, մյուսը՝ Տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ։ Գրանցված աշխատողները յոթն են։ 

Նման ծառայություններ առաջարկող մյուս կազմակերպությունը՝ «kursayin.am»-ը, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգի, սկսել է իր գործունեությունը 2019 թվականի ապրիլ ամսից։ Կազմակերպության հիմնադիրը Հովհաննես Սամսոնյանն է, գրանցված աշխատողները երկուսն են։

Տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող «Բիգ Բեն» (Big Ben) կազմակերպությունը գրանցվել է 2016 թվականի հունվարին, տնօրենը Քնարիկ Դավթյանն է, կազմակերպությունն ունի ընդամենը մեկ գրանցված աշխատակից, այնինչ մեր հարցերին պատասխանում էին երկուսը։ Իհարկե, մյուս կազմակերպությունները նույնպես նշում էին, որ իրենց հետ տարբեր մասնագետներ են աշխատում, բնականաբար, այդ մասնագետները որպես աշխատողներ չեն գրանցվում։

Նման ծառայություններ առաջարկող անհատները գնորդի հետ կապը պահում են «Viber» կամ «WhatsApp» սոցիալական ցանցերի միջոցով, նաև առաջարկում են գնորդներին այցելել իրենց ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերը, որտեղ նրանք կարող են ծանոթանալ իրենց աշխատանքների վերաբերյալ հաճախորդների թողած մեկնաբանություններին։ Գիտական աշխատանքների, մասնավորապես` կուրսային ավարտական (այդ թվում` դիպլոմային և թեզ), գները սկսվում են 25,000 դրամից և կարող են հասնել մինչև 130,000 դրամ։ 

Ե՛վ անհատները, և՛ կազմակերպությունները գնորդի հետ աշխատում են հետևյալ կերպ․ սկզբում գնորդին տալիս են աշխատանքի պլանը, որն ուսանողը պետք է ներկայացնի իր ղեկավարին, երբ ղեկավարը հաստատում է, սկսվում է բուն աշխատանքը։ Ցանկության դեպքում աշխատանքը մաս-մաս է ուղարկվում գնորդին, որ ուսանողը ներկայացնի իր ղեկավարին, հասկանա՝ ինչ փոփոխություններ անելու կարիք կա, և տպավորություն ստեղծվի, թե նա անընդհատ աշխատում է դիպլոմայինի վրա, բայց ցանկության դեպքում կարող են նաև ամբողջությամբ տրամադրել։ Կան և՛ ունիվերսալ գրողներ, որոնք ցանկացած թեմայի մասին գրում են, և՛ մասնագետներ, որոնք, օրինակ, գրում են միայն տնտեսագիտական թեմաներով աշխատանքներ։ Ինչպես նշում են այդ կազմակերպությունների աշխատակիցները, կան նաև նման աշխատանքներ գրող դասախոսներ, որոնց հետ կապը այս անհատների կամ կազմակերպությունների միջոցով է լինում։ Գնորդն անձնապես կոնտակտի մեջ չի մտնում դասախոսի հետ, այլ միջնորդավորված կերպով։

Երբ փորձում էինք որևէ աշխատանք պատվիրել, մեզ վստահեցնում էին, որ աշխատանքը զրոյից է գրվում, ասում էին, որ չեն օգտվում Վիքիպեդիայից (Wikipedia.org), ունեն թեմային վերաբերող հատուկ գրականության ցանկ։ Նրանցից շատերի մոտ տարբեր թեմաների վերաբերյալ նյութեր կային, քանի որ հաճախ ժամանակ էին խնդրում նայելու համար, թե ինչից կարող են օգտվել։ Կային գրողներ, որոնք չորս, հինգ, անգամ տասը տարվա փորձ ունեին, հիմնականում շեշտում էին իրենց փորձը ու նշում, որ իրենց պատվիրատուների մեծամասնությունը բարձր գնահատականներ է ստացել։

Մեր լրագրողն այցելել է նման կազմակերպություն, ներկայացել որպես գնորդ և փորձել տեղեկանալ մանրամասների մասին։ Զրույցը՝ ստորև․

 

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է՝ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործական գրանցումից և որևէ այլ ձևական պահպանումից։

Հոդված 43-ը սահմանում է, որ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելիս իրավունքը խախտողից կարող է պահանջել իր իրավունքների ճանաչում, նմանակված օրինակը, դրա բռնագրավումը կամ ոչնչացումը, ընդհուպ  վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը)։

«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն, հեղինակային իրավունքի մասնագետ Սուսաննա Ներսիսյանի խոսքով՝ ոչ միայն ամբողջ ստեղծագործությունը՝ դրվագը նույնպես համարվում է հեղինակային իրավունքի օբյեկտ։

«Ուղեղի աշխատանքը, մտավոր և ստեղծագործական աշխատանքը եզակի է։ Հեղինակը կարող է դատարան դիմել և պատճառված վնասի փոխհատուցում պահանջել, եթե իր ստեղծագործական աշխատանքն ամբողջովին կամ մասամբ յուրացվել է»,- բացատրում է Ս․ Ներսիսյանը։ 

Սուսաննա Ներսիսյանը նշում է՝ անկախ այն փաստից, որ ավարտական աշխատանքի ղեկավարը նույնպես իր մասնակցությունն է ունենում աշխատանքի ստեղծման գործում, այնուամենայնիվ, հեղինակային իրավունքի խնդիրը լուծվում է երկու հեղինակների միջև։ Այսինքն՝ պատասխանատվությունը կրում է ավարտական աշխատանքի հեղինակը։

 «Դիպլոմային աշխատանքները, թեզերը, ռեֆերատները, դրանք նույնպես ստեղծագործական աշխատանք են, կապ չունի, թե որտեղ է ստեղծվել ստեղծագործությունը՝ բուհում, փողոցում, թե ստեղծագործական միությունում։ Եթե ամբողջությամբ վերցրել են աշխատանքը կամ որևէ դրվագ, հեղինակը նույն կերպ կարող է դիմել դատարան»,- ասում է Սուսաննա Ներսիսյանը։

Կարենը (բոլոր հերոսների անունները փոխված են) մեկ տարի առաջ է ավարտել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, այժմ սովորում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, զուգահեռ աշխատում է պետական գերատեսչությունում:

Պատմում է, որ երբ ռեֆերատ էր պետք գալիս, համալսարանի արխիվից էր օգտվում, վերցնում էր աշխատանքները, անուն, ազգանունը փոխում ու հանձնում:

«Բուհի արխիվում պահակ չկա, և ով տեղը գիտի` հանգիստ կարող է մտնել, ռեֆերատ, դիպլոմային վերցնել, անունը փոխել և հանձնել»,- ասում է 23-ամյա Կարենը։ 

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության գիտահետազոտական աշխատանք կատարելու մեթոդական ձեռնարկում նշվում է, որ ինչ-որ մեկի խոսքերի և գաղափարների յուրացումը, դրանք որպես սեփական մտքի, աշխատանքի արդյունք ներկայացնելը կամ դրանց օգտագործումն՝ առանց իրական հեղինակին հիշատակելու, համարվում է գրագողություն։ Որպես կանոն՝ գիտակրթական յուրաքանչյուր հաստատություն ունի գրավոր շարադրված կանոնների ժողովածու, որտեղ սահմանվում են կրթական տվյալ միջավայրի ներսում ընդունված վարքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև դրանց խախտման դեպքում նախատեսվող պատժի ձևերը։

Կարենի խոսքով՝ իր կուրսեցիների 40 տոկոսը գնել է կուրսային աշխատանքը։ Նա նույնպես գնել է կուրսային աշխատանքը, բայց դիպլոմայինն ինքնուրույն է գրել։ Աշխատանքի համար վճարել է 5000 դրամ։

«Իրենք թղթապանակ ունեին, որտեղ գրված էր, թե պատրաստի ինչ թեմաներով դիպլոմայիններ կան: Աշխատակիցներն ասացին, որ երբ ուսանողները տպել են իրենց աշխատանքները, իրենք չեն ջնջել համակարգչից և հավաքել են դրանք»,- պատմում է Կարենը:

Հայաստանի ամենաշատ ուսանողներ ունեցող վեց պետական բուհերից՝ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Երևանի ՎԲրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ստացված տվյալների համաձայն՝ 10 տարվա կտրվածքով բացահայտվել է ընդամենը գրագողության տասներեք դեպք։ Այն դեպքում, երբ այս վեց բուհերը միասին վերցրած՝ տասը տարվա կտրվածքով, ունեցել են 139,702 շրջանավարտ։

Վերը նշված վեց բուհերից միայն երկուսում է իրականացվում գրագողության դեպքերի հաշվառում, ընդ որում՝ մանկավարժական համալսարանում դեպքերի հաշվառման մասին տեղեկություններն արխիվացվում են հինգ տարվա կտրվածքով, այսինքն՝ բուհում առկա է միայն վերջին հինգ տարիների վիճակագրությունը։ Մյուս բուհերում չկա հստակ վիճակագրություն, թե որքան տարածված երևույթ է գրագողությունն ուսանողության շրջանում։ Դեպքերից չորսը բացահայտվել է Վ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում՝ նախապաշտպանության ժամանակ, որից հետո ուսանողները շտկել են իրենց աշխատանքները։ Համաձայն ԵՊԼՀ-ի  պատասխանի՝ այս չորս դեպքերը բացահայտվել են «Գուգլ» (Google) որոնողական համակարգի միջոցով։ Մյուս ինը դեպքերը բացահայտվել են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, բուհից տեղեկացրել են, որ գրագողության դիմած ուսանողները հեռացվել են։

Մենք հարցում էինք ուղարկել ամենաշատ ուսանողներ ունեցող վեց պետական բուհերին՝ պարզելու, թե ինչպես են բուհերը պայքարում գրագողության դեմ։

Ստորև ներկայացնում ենք բուհերի պատասխանները։

Երևանի պետական համալսարան

Գրագողության դեմ պայքարի շրջանակում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը կարգավորող փաստաթղթերում (2017թ.) նախատեսվել են հատուկ կետեր այդ կապակցությամբ: Մասնավորապես, բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի 4.5 և 4.6 կետերում ամրագրված է այն դրույթը, որ նախապաշտպանության ժամանակ գրագողության հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ներկայացվում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին, իսկ հրապարակային պաշտպանության ժամանակ գրագողության հայտնաբերման դեպքում աշխատանքը գնահատվում է «անբավարար»: Նույն ձևակերպումն ունեն նաև մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգ 4.5 և 4.6 կետերը:

Երևանի պետական համալսարանում գոյություն ունի նաև հակագրագողության ծրագիր, որը, սակայն, կիրառելի է միայն ռուս բանասիրության ֆակուլտետի համար:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

Մագիստրոսական թեզերի կատարման ինքնուրույնությունը ստուգվում է Գիտահետազոտական կենտրոնում առկա պաշտպանված մագիստրոսական թեզերի էլեկտրոնային բանկի, իսկ արտագրությունները` բանալի բառերի միջոցով։ 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ուսանողների ավարտական աշխատանքների, թեզերի կատարման ընթացքը վերահսկվում է մասնագիտական թողարկող ամբիոններում ստեղծված հանձնաժողովների կողմից։ Համաձայն համալսարանում հաստատված ժամանակացույցի, հանձնաժողովներն ավարտական խմբերի ուսանողների աշխատանքներն ատեստավորում են 3 անգամ։ Բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների կողմից կատարվող ավարտական աշխատանքների ինքնուրույնության ապահովման նպատակով արգելվում է նախորդ տարիներին կատարված թեմաների կրկնությունը՝ 3 տարվա կտրվածքով։ 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Գրագողության դեպքերը բացահայտվում են նախ աշխատանքը ղեկավարող դասախոսի կողմից, ով աշխատանքը թույլատրում է պաշտպանության համալսարանի կողմից ներկայացված պահանջներին համապատասխանության դեպքում, որի կարևոր բաղադրիչն է կազմում աշխատանքի ինքնուրույն լինելը, իսկ աշխատանքը ղեկավարի երաշխավորումը ստանալուց հետո այն գրախոսվում է այլ մասնագետի կողմից, ինչը ևս հավաստում է գրագողության բացակայությունը (հակառակ պարագայում աշխատանքը չի երաշխավորվում և թույլատրվում պաշտպանության, իսկ ուսանողը հեռացվում է համալսարանից): Վերոնշյալ գործընթացը համարվում է գրագողության ստուգման և բացահայտման մեթոդ: 

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Բուհում գրագողության դեմ պայքարը կարգավորվում է բուհական համակարգի, մասնավորապես՝ ագրարային համալսարանի փորձի հիման վրա։ Համալսարանում ընդունված է եղել գրագողության վերահսկողությունն իրականացնել ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, դեկանների, ինչպես նաև ամփոփիչ ատեստավորման պետական քննական հանձնաժողովների կողմից: Ագրարային համալսարանից տեղեկացնում են, որ բացառված չէ, որ եղել են ուսանողներ, որոնք չեն անցել ամբիոնային ատեստացիաները, և նրանց չեն թույլատրել մասնակցել պաշտպանությանը։  Այնուամենայնիվ, այս գործընթացների արդյունավետությունը չափելը շատ բարդ է, քանի որ չկա հստակ գործիքակազմ։ Բուհի պատասխանից տեղեկանում ենք նաև, որ մինչև 2018-2019 թթ ուսումնական տարին համալսարանի նախկին ղեկավարության պահանջով՝ ավարտական, ինքնուրույն և կուրսային աշխատանքները գրվել են բացառապես ձեռագիր տարբերակով, ինչը թույլ չի տալիս լիարժեք գնահատել իրավիճակը։ 

Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան

Դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի լիարժեք ինքնուրույն աշխատանքներ լինելը համալսարանի կողմից ստուգվում է ամբիոնների համապատասախան սեկցիաների դասախոսների կողմից՝ «ԳՈՒԳԼ» համակարգի միջոցով: Բացի այդ, յուրաքանչյուր ամբիոն ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի ղեկավարի և ամբիոնի վարիչի հետ միասին սահմանված ժամկետներում անցկացնում է առնվազն երկու մոնիթորինգ և նախապաշտպանություն: 

ԵՊՀ փիլիոսփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Արման Ղարագուլյանի կարծիքով՝ գրագողությունից բացի՝ այս ոլորտում այլ խնդիրներ էլ կան։ Դասախոսը կարծում է, որ գիտական հետազոտությունների խիստ պահանջարկ մեր հասարակությունում դեռևս չի նկատվում, ինչն անդրադառնում է ուսանողների մոտիվացիայի վրա. «Այլ բան է, երբ ուսանողը հետազոտություն է անում և դրանով ցանկանում ինչ-որ բան փոխել, բայց միանգամայն այլ է, երբ պարզապես գնահատական ստանալու համար է անում»,- ասում է ԵՊՀ դասախոսը։

Դասախոսի խոսքով՝ գրելու ոճից, օգտագործված գրականության ցանկից հասկանալի է, որ աշխատանքն ուսանողը չի գրել, բայց քանի որ չկա տվյալների բազա, շատ դժվար է ապացուցել. «Տեսնում ես՝ աշխատանքը գրագետ է գրված, բայց այն խնդիրը, որ դրել ես ուսանողի առջև, այլ կերպ է կատարված»,- ասում է ԵՊՀ դասախոսը։

Արման Ղարագուլյանը պատմում է, որ պատահել են դեպքեր, երբ բերել, ներկայացրել են նախորդ տարվա իր ուսանողների աշխատանքները, այդ ժամանակ աշխատանքը միանշանակ մերժվել է։

«Երբեմն ասում եմ՝ եթե նույնիսկ դու ես գրել, ինձ պակասում են որոշ բաղադրիչներ, քանի դեռ իմ առանցքային դիտարկումները հաշվի չեն առնվել և համապատասխան շտկումներ չեն մտցվել, աշխատանքը չի երաշխավորվի պաշտպանության»,-Արման Ղարագուլյան։

Եզրափակելով զրույցը՝ ԵՊՀ դասախոսը նշեց, որ գրագողության դեմ պայքարը ոչնչի չի հանգեցնելու այնքան ժամանակ, քանի դեռ միակ պահանջը լինելու է կանոններին համապատասխան գիտական աշխատանք գրելը:

23-ամյա Անահիտն անցյալ տարի է ավարտել Եվրոպական համալսարանի մենեջմենթի բաժինը։ Ասում է, որ կցանկանար աշխատանքն ինքնուրույն գրել, բայց դիպլոմայինի ղեկավարն իրեն ոչ մի հարցում չի օգնել։ Կարծում է՝ վերջում չի էլ ստուգել աշխատանքը, ուղղակի աչքի տակով է անցկացրել։

«Անհրաժեշտ էջերի քանակը լրացնելու համար անընդհատ նույն տեքստն եմ արտատպել (copy paste), եթե աշխատանքս ներմուծեին հակագրագողության ծրագիր՝ հասկանալի կլիներ, որ նույն տեքստն է կրկնվում։ Ես էլ օգտվեցի ռուսական կայքից»,- նշում է Անահիտը։

Անահիտն ասում է, որ փոփոխություններ անելու համար շատ քիչ է վճարել կայքին, դրամով՝ մոտ 1500 դրամ (200 ռուբլի)։

«Ուղարկում ես դիպլոմայինդ կայքին, իրենք ինչ-որ մշակումներ են անում տեքստի վրա, թափանցիկ, գաղտնի (скрытый текст) տեքստ են դնում աշխատանքիդ վրա և հակագրագողության ծրագիրը չի գտնում կրկնվող հատվածներ»,- ասում է Անահիտը։

Ըստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ բուհից հեռացման հրամաններում գրագողության համար հեռացնելու ձևակերպում առկա չէ, այդ պատճառով չկա վիճակագրություն, թե 10 տարիների ընթացքում գրագողության քանի դեպք է բացահայտվել:

Ագրարային համալսարանում գրագողություն եզրույթի փոխարեն կիրառվում է  «աշխատանքը կատարված է ոչ պատշաճ մակարդակով» ձևակերպումը: Բուհում մինչ 2016 թվականը ավարտական աշխատանքի պաշտպանությունը թույլատրվել է միայն բարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող ուսանողներին, կան նաև մասնագիտություններ, որոնց դեպքում ավարտական աշխատանք չեն հանձնում, և դիպլոմ ստանում են միայն քննություններ հանձնելով: Այսպիսով, նույնիսկ լեզվական մակարդակում «գրագողություն» երևույթը բացակայում է բուհերում:

Անահիտից պահանջվել է աշխատանքի 95 տոկոս օրիգինալություն․ այդ կայքի շնորհիվ վերջինս կարողացել է 97 տոկոս ապահովել։ Անահիտի խոսքով՝ իրենց շատ մոտավոր են ներկայացրել դիպլոմային գրելու կանոնները։ Ասում է, որ իր կուրսընկերների մեջ եղել են մարդիկ, որոնք շեղվել են ձևաչափից։ Նրանք կարողացել են անհրաժեշտ էջերի քանակը լրացնել՝ դիմելով տեխնիկական խորամանկության։ Ինչի արդյունքում գրագողությունը ստուգող ծրագիրը ցույց է տվել, որ տողերի միջև հեռավորությունը (սահմանված ինտերվալները բառերի միջև) ճիշտ պահպանված են, բայց իրականում անիմաստ սպիտակ տառեր են շարված եղել։

«Մեթոդն այսպես էր․ տողերի միջև սահմանված հեռավորությունն ավելի քիչ էին դնում, ու դրա փոխարեն անիմաստ տառեր էին հավաքում, բայց սև տառերով չէին գրում, համակարգչով տառերը սպիտակ էին դարձնում, որ առաջին հայացքից չերևա»,- մանրամասնում է Անահիտը։

Անահիտը նշում է, որ իր կուրսեցիների մեծ մասը գնել է դիպլոմային աշխատանքը՝ հիմնականում 30,000-60,000 դրամ վճարելով. «Դիպլոմային աշխատանքները գնած ուսանողները ցածր են գնահատվել, բայց ոչ թե իմացել են, որ գնված աշխատանք է, դրա համար են ցածր գնահատել, այլ ուղղակի իրենք լավ չեն ներկայացրել»։ 

Հայկը ԵՊՀ «Սերվիս» բաժնի ուսանող է, նա գնել է իր կուրսային աշխատանքն անհատից, որը նաև կուրսային աշխատանքները ստուգող հանձնաժողովի անդամ է։

«Աշխատանքը գրողի մասին իմացել եմ ընկերոջիցս։ Մեկ ամիս առաջ տեղեկացրել էի կուրսային աշխատանքը գրողին, նա ինձ աշխատանքը մաս-մաս էր ուղարկում, որ մոնիթորինգների ժամանակ ինչ-որ բաներ ներկայացնեմ»,- պատմեց Հայկը:

Ուսանողի խոսքով՝ կուրսայինի պաշտպանության ժամանակ մեկ-երկու ձևական հարց են տվել, բայց իրենք էլ, իմանալով, որ իրենց գործընկերն է գրել աշխատանքը, 18 են գնահատել:

Ըստ բուհերի պատասխանի՝ գիտական կոչում, աստիճան չունեցող դասախոսները մեկ ժամվա դասախոսության համար Երևանի պետական համալսարանում ստանում են 3600 դրամ, Ագրարային համալսարանում՝ 800 դրամ, Պոլիտեխնիկական համալսարանում՝ 1837 դրամ, Մանկավարժական համալսարանում՝  600 դրամ, Տնտեսագիտական համալսարանում՝ 4500 դրամ և Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում՝ 950 դրամ։

Հայկը նշում է, որ դասախոսները երբեմն հասկանում են, որ ներկայացվածը գնված աշխատանք է, դրա համար համեմատաբար ցածր են գնահատում, բայց չեն կտրում:

«Ինձ գնահատականն առանձնապես չէր հետաքրքրում, զուտ ուզում էի դրական ստանալ: Հիմա պատրաստվում եմ դիպլոմայինս գնել նույն մարդուց, արդեն զեղչված տարբերակով եմ գնելու՝ 30 հազարով»,- ամփոփում է Հայկը:

Բուհերի մեծամասնությունը վերջերս է սկսել թվայնացնել ավարտական աշխատանքները, ինչը ևս բարդացնում է գրագողության բացահայտումը։ Պոլիտեխնիկական համալսարանում պաշտպանվող բոլոր աշխատանքների և թեզերի էլեկտրոնային կրիչները կցվում են աշխատանքների հաշվեբացատրագրերին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում դրանց ամբողջականացման համար։ Մանկավարժական համալսարանում 2018 և 2019 թվականներից են սկսել թվայնացնել ավարտական աշխատանքները։ Տնտեսագիտական համալսարանում աշխատանքների թվայնացման գործընթացը սկսվել է վերջերս՝ 2019 թվականից։

Երևանի պետական համալսարանում 2019 թվականին ստեղծվել են նախադրյալներ թվայնացման համար։

Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում և Ագրարային համալսարանում աշխատանքները չեն թվայնացվում։ Ավելին, Ագրարային համալսարանում անհնար է թվայնացնել մինչև 2019 թվականը գրված աշխատանքները, քանի որ բուհի պահանջով դրանք ներկայացվել են բացառապես ձեռագիր տարբերակով։

Հրապարակմանն աջակցել են Զարուհի Սիմոնյանը և Լուսինե Մամիկոնյանը:

Կոլաժային լուսանկարները՝ Կրիստինա Ավագի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter