
Գյումրու ավագանին հաստատել է Չինաստանի Սիան քաղաք 1 մլն 476 հազար դրամի հումանիտար օգնություն ուղարկելու առաջարկը
Գյումրին եւ Չինաստանի Շենսի նահանգի կենտրոն Սիանը քույր քաղաքներ էին հռչակվել 2015թ.-ի հունիսի 8-ին: Գյումրի-Սիան ֆորումի շրջանակներում ստորագրվել էր բազմակողմանի հուշագիր: Անցած տարիների ընթացքում եղել է մի քանի փոխայցելություն եւ երկրները խորհրդանշող նվերների փոխանակում (Գյումրի էր հասել կավից զինվորի արձանիկը՝ տերակոտա, եւ Սիան էր տարվել խաչքար):
Այսօր կայացած ավագանու նիստում, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնեց, որ ստացել են 2 նամակ քույր քաղաքից օգնության խնդրանքով եւ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված ցանկացած մարդասիրական գործողություն այսօր դիտվում է որպես մեծ աջակցություն: Ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ այդ նպատակով նախատեսել են համայնքի բյուջեից վերցնել 2 մլն դրամ, որից 1 մլն 476 հազար դրամն արդեն իսկ ծախսվել է: Քաղաքապետարանը Սիան ուղարկելու նպատակով ձեռք է բերել բախիլ՝ 20 հազար հատ, դիմակ՝ 14 հազար 230 հատ, որից 8 հազար 230-ը գնել են, իսկ 6000-ը՝ նվեր ստացել Ռազմիկ Հովհաննիսյանից, ձեռնոց՝ 10 հազար եւ խալաթ՝ 1000 հատ:
Դժվարություններ են ունեցել խալաթների ձեռքբերման հարցում, փորձել են աշխատանքները կազմակերպել՝ դիմելով տարբեր դեղատների: Գումարի մյուս մասը նախատեսված է տրանսպորտային ծախսերի համար: Քանի որ ժամանակը սուղ էր, չէին կարող սպասել ավագանու հերթական նիստին, այդ պատճառով էլ հաստատման են ներկայացնում արդեն իսկ իրականացրած ծախսը՝ վստահ, որ հումանիտար օգնությանն ուղղված որեւէ ծրագրի հետ կապված խնդիր չի առաջանա:
Նիստի ընթացքում ներկայացված դրամական մյուս հատկացումների վերաբերյալ նախագծերը եւս հաստատվեցին՝ ավագանու անդամների որոշ դիտարկումներից հետո: Օրինակ, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին, որպես նվիրատվություն, 600 000 (վեց հարյուր հազար) դրամի հատկացման առաջարկի վերաբերյալ հարց ուներ ավագանու անդամ Լեւոն Բարեղյանը: Վերջինիս հետաքրքրում էր, թե արդյո՞ք հատկացվող գումարը ծախսվում է նպատակային, ստանու՞մ է քաղաքապետարանը հաշվետվություն տրամադրած գումարի ծախսի վերաբերյալ:
Զեկուցող Լենա Ջիլավյանը նախագծի հետ կապված հայտնեց, որ այլ ծախսեր տողի դիմաց իրենք որոշել են եւս 100 հազար դրամ տրամադրել գրողների միությանը՝ 2020թ. նախատեսված բազմաբնույթ գրական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Գրողների միությունը ներկայացրել էր միջոցառումների ցանկ՝ Ավետիկ Իսահակյան 145, Հովհաննես Շիրազ 105, Արշակ Գյումրյան 90, Համլետ Մովսիսյան 90, Սլավիկ Չիլոյան 80, Հովհաննես Գրիգորյան 75, Ամալյա Կարսյան 70, Յուրիկ Մխիթարյան 70, Տիգրան Չերազ 60, հավուր պատշաճի նշելու վերաբերյալ: Գրողների միությունը, ինչպես նախորդ, այս տարի էլ մտադիր է Տերյանի ծննդյան օրը այցելել Ջավախք, գումար է անհրաժեշտ միության պաշտոնաթերթի՝ «Եղեգան փող» պարբերականի 25-ամյակը նշելու համար: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը պնդեց, որ հարկատուները պարտավոր են տեղեկանալ, թե ինչի վրա են ծախսվում բյուջեի գումարները: Անգամ, եթե դրանք «նվիրատվություն» տողով են արտահայտվում, ապա պետք է յուրաքանչյուր լումայի վերաբերյալ ստացողը կատարած ծախսի հաշվետվություն ներկայացնի, որն էլ իր հերթին պետք է տեղադրվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ավագանու անդամները հաստատեցին նաեւ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը, որպես նվիրատվություն 600 000 (վեց հարյուր հազար) դրամ հատկացնելու առաջարկը՝ կազմակերպության 2020 թվականի նյութատեխնիկական բազայի թարմացման և պահպանման ծախսերի համար: Լենա Ջիլավյանը նշեց, որ 2019թ.-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն եւ Գյումրու քաղաքապետարանը կնքել են փոխըմբռնման հուշագիր, որով համայնքապետարանը պարտավորվում է վճարել տարեկան 600 հազար դրամ, որպես «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պահպանման ծախսեր: Նշված կենտրոնը ստեղծվել է 2 տարի առաջ եւ գործում է ԵՆԿ-ի ենթակայության ներքո:
Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Գյումրիում համաքաղաքային միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը գրեթե նույնությամբ կրկնում էր նախորդ տարիներինը: Գոնե գումարային առումով ոչինչ չէր փոխվել՝ դարձյալ բյուջեից 3 մլն դրամ հատկացում: Միայն, թե այս տարի տորթ չի լինի, հայտարարեց ֆինանսատնտեսական բաժնի պետը: Անցած տարի մրցույթը շահած կազմակերպությունը եղել էր Չարենցավանից եւ տորթերի տեղ հասցնելու հետ կապված եղել էին բարդություններ: Այս տարի որոշել են մրցույթ հայտարարել ծաղկազամբյուղներ, շամպայն, քաղցրավենիք ձեռք բերելու համար:
Մեկնաբանել