HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայկ Ալումյան․ «Նիկոլ Փաշինյանը բոլոր շանսերն ունեցել է՝ դատվելու 300.1 հոդվածով, բայց չի դատվել»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի քննությունը։ Դատարանում շարունակվում է ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը։

Նշենք, որ նման միջնորդություններ արդեն ներկայացրել են Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նույնպես նախորդ՝ փետրվարի 4-ի դատական նիստի ընթացքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, սակայն նիստը ընդմիջվել է, ու միջնորդության քննությունը շարունակվում է այսօր։

Դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն, անդրադառնալով նախկին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածին՝ նշեց, որ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ԱԺ լսումների սղագրությունները լսելիս պարզ է դառնում, որ պատգամավոր Դավիթ Հարությունյանը խոսել է նախկին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում 5 թերության մասին, և նրան որևէ մեկը չի հակադարձել։

Վարդևանյանի խոսքով՝ նախկին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը լրիվ այլ հանցակազմ է սահմանել թե՛ բովանդակային, և թե՛ ձևի առումով, որ այժմ Քոչարյանին և  մյուսներին վերագրվող 300.1 հոդվածը միանգամայն նոր հանցակազմ է սահմանում։

Վարդևանյանը հիշեցրեց նաև, որ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո 2009 թվականին դատախազները հրաժարվել են «Յոթի գործ» անունը ստացված գործով անցնող անձանց մեղադրանքներից։ Նշենք, որ այս գործով անցել են Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը և այլ անձինք։ Վարդևանյանը թվեց «Յոթի գործով» անցնող անձանց մեղադրանքներից հրաժարված դատախազներին, որոնցից մեկը՝ Լիլիթ Թադևոսյանն, ի դեպ, այսօր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է, և կարծիք հայտնեց, որ վերջինս ավելի արհեստավարժ է, քան այժմ մեղադրանքը պաշտպանող դատախազները, ուստի պաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու են այսօր Քոչարյանի և մյուսների մեղադրանքը պաշտպանող դատախազները համարում, որ 2009-ին «Յոթի գործով» դատախազները կարող էին սխալ իրավական դիրքորոշում հայտնած լինել։

Վարդևանյանը հիշեցրեց, որ 2009-ին՝ «Յոթի գործով» անցնող անձանց մեղադրանքներից հրաժարվելիս, դատախազները հստակ նշել են, որ օրենքի փոփոխության արդյունքում սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր, մինչդեռ այժմ օրենքի այդ փոփոխությունն այլ կերպ է մեկնաբանվում, նշվում է, որ հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր չեն սահմանվել։ Պաշտպանը շեշտեց, որ որևէ դատախազ ոչ թե ուրույն կարծիք է հայտնում, այլ դատախազության՝ որպես մեկ միասնական կառույցի դիրքորոշումը։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իր համար հասկանալի է, որ բացի իրավական վերլուծությունից դատավորը պետք է վերլուծի նաև, թե էլ ի՞նչ կարող է իր հետ պատահել։ Հետո պաշտպանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների մուտքերը վարչապետի կոչով արգելափակելու ակցիան, դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ու, այնուամենայնիվ, դատավոր Դանիբեկյանին կոչ արեց այդ ամենը հաշվի չառնել ու լինել համարձակ։

Ըստ Հայկ Ալումյանի՝ 2008 թվականին գործով Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը փոփոխվել է այն պատճառով, որ չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։

«Եթե այս դատավարությունը 2008-ին տեղի ունենար, հնարավոր կլինե՞ր 300-րդ հոդվածով մեղադրանք առաջադրել պարոն Քոչարյանին։ Հնարավոր չէր լինի, քանի որ այն իրավական որոշակիության սկզբունքին չի համապատասխանում»,- ասաց Ալումյանը և շարունակելով նշեց, որ, ստացվում է՝  եթե մինչև 300.1 հոդվածի ուժի մեջ մտնելը տեղի ունենար այս դատավարությունը, ապա դատարանը պետք է այսօր դատարանի առաջ կանգնած ամբաստանյալների նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացներ։

Ալումյանը նշեց, որ իրենց՝ պաշտպանական կողմի և դատախազության միջև իրավական վեճ կա՝ արդյոք այժմ գործով 300.1 հոդվածը սահմանոմ է հանրորեն վտանգավոր նոր հանցակազմ, թե ոչ։ Այս հանգամանքը ամենաէականն է՝ 2008-ին տեղի ունեցած իրադարձությունների համար անձանց մեղադրանք առաջադրելու հնարավորությունը կամ անհնարինությունը գնահատելու համար։ Ըստ Ալումյանի՝ նման վեճի առկայության դեպքում պետք է անդրադառնալ պրակտիկային, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ բացի Քոչարյանի և մյուսների վերաբերյալ այժմ քննվող գործից որևէ այլ գործով որևէ մեկը դիրքորոշում չի հայտնել, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նոր հանցակազմ չէ նախորդ 300 հոդվածի համեմատ։

«Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր շանսերն ունեցել է՝ դատվելու 300.1  հոդվածով, բայց չի դատվել, որովհետև պրակտիկան այնպիսին էր, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ էր»,- ասաց Հայկ Ալումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter