HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին». զուգահեռներ Երևանի և 50-ականների Նեապոլի միջև

Պարզ, գուցե պարզունակ, առանց գեղարվեստական հնարքների շարադրանքը, որ բացում է փոքրիկ աղջիկների բնավորության այնպիսի նուրբ գծեր, որոնք սովորաբար չեն խոստովանում մտերիմ ընկերուհու նկատմամբ նախանձն ու խանդը, նրա հետ մրցակցությունը, որ հերոսուհուն մղում է ուսումնական հաջողությունների, ի վերջո աղջիկների սեռական հասունացման տագնապները ու նաև նեապոլյան աղքատ թաղամասի կենդանի մթնոլորտը Էլենե Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհի» վեպը դարձրել են հանրահայտ՝ ստացել է Դուբլինի գրական մրցանակ, և մտել «Գարդիանի» կազմած 21-րդ դարի լավագույն 100 գրքերի մեջ։

Ֆերանտեի «Նեապոլիտանական կվարտետ» շարքի այս առաջին վեպը լույս է տեսել 2011-ին, ռուսերենը՝ 2016-ին։

Վեպը պատմում է 1950-ականների Նեապոլի աղքատ թաղամասում ապրող երկու աղջիկների Էլենա Գրեկոյի և Լիլա Չերուլլոյի ընկերության պատմությունը՝ մանկությունից մինչև Լիլայի ամուսնություն։

Ֆերանտեի 50-ականների Նեապոլը հայ ընթերցողին տանում է երևանյան միջավայր, երևանյան մանկությունդ, ուր գրեթե նույն այն նեապոլական պահպանողական բարքերն են իշխում:

Հերոսուհու խոսքերը նեղլիկ սովետական խրուշչովկաներում հասակ առածների սրտին մոտ կլինի. «Մենք ծնվել և հասակ ենք առել նեղլիկ բնակարաններում, նույնիսկ չէինք էլ համարձակվի երազել սեփական սենյակի, թեկուզ դաս անելու առանձին սեղանի մասին»։

Աղջիկների սիրային արկածները սահմանափակվում են երկչոտ համբույրներով, քանի որ մինչ ամուսնությունը սեռական կյանք չեն ունենում. Էլենան հարցնում է Լիլային՝ քո ու Ստեֆանոյի մեջ ինչ-որ բան եղե՞լ է։ Լիլիան զարմանում է, այսի՞նքն։ Էլենան էլ անհարմար զգալով է հարցնում՝ այսինքն համբուրվո՞ւմ եք։ Երբեմն,–ասում է Լիլան։ Իսկ ավելի՞ն։ Ոչ ավելին, մենք դեռ ամուսնացած չենք։

Կամ երբ Լիլայի ընկերը Էլենային մեքենայով տուն է բերում, աղջիկը խնդրում է. «Ստեֆանո, խնդրեմ, ինձ անկյունում իջացրու, եթե մամաս տեսնի ինձ քեզ հետ ավտոյում, կքաշվեմ»։

Կամ Էլենան պատմում է, թե ինչպես ամբողջ օրն իր ընկերոջ՝ Անտոնիոյի հետ լողափին նստել էին ու միմյանց չէին դիպչում, քանի որ գիտեին՝ չի կարելի մարդկանց մեջ ո՛չ համբուրվել, ո՛չ էլ դիպչել իրար։

Իսկ երբ գիմնազիայի դասընկերներից մեկը՝ Ալֆոնսոն, իմանում է, որ Էլենան լավագույն աշակերտն է դարձել, համադասարանցիների ու ծնողների աչքի առաջ նրա այտն է համբուրում, «մոռանում է, որ ես աղջիկ եմ, և դիպչել ինձ ահավոր անկիրթ արարք է»։

Այս ֆոնին, պատմաբան Աղասի Թադևոսյանի «Բարոյականություն և սեռականություն. խոսույթներ և պրակտիկաներ» աշխատությունը ոչ հիմնավոր եզրահանգման է գալիս, թե  Հայաստանում կնոջ սեռականության ճնշումը, նրա կախվածությունը տղամարդուց, գալիս է խորհրդային կարգերից և խորհրդային քրեական ենթամշակույթից։ Թադևոսյանը գրում է.

«Որպես ազգային մեկնաբանվող ներկայիս բարոյական նորմերը ձեւավորվել են գերազանցապես Խորհրդային Միության շրջանում եւ հետագայում որոշ փոխակերպումներ ապրել հետխորհրդային տարիներին: Բովանդակային առումով դրանք պարունակում են մի քանի հիմնական բաղադրիչ: Դրանցում բավական մեծ է խորհրդային շրջանում արմատավորված, անհատի ազատականացման դեմ ուղղված քննադատական ու դատապարտող պրակտիկաների իներցիան: Շարունակվում է նաեւ հակարեւմտական, այսպես կոչված «փչացած եւ կործանվող արեւմուտքի» մասին խորհրդային շրջանում ձեւավորված խոսույթը, որը ներկայումս փոխակերպվել է եւ հարմարեցվել հետսովետական ազգայնական խոսույթին: Նշված երկուսը միաձուլված են փակ համայնքային միջավայրերին բնորոշ հայրիշխանական նորմերի եւ պրակտիկաների հետ: Այդ ամենին սերտաճել են նաեւ քրեական փակ միջավայրերից ներթափանցած նորմերը, հասկացություններն ու պրակտիկաները՝ ձեւավորելով ազգայինի քրեականացված նորմատիվային մի համակարգ, որը կառուցված է անհավասարությունների, ավտորիատար եւ կոշտ ուժի, վախի ու ենթակայության սկզբունքների վրա: Այս համակարգում կինն ամբողջությամբ ստորադասված է տղամարդուն, եւ այդ ստորադասումը ամրագրված է ընդունված բարոյական խոսույթներով, նորմերով ու պրակտիկաներով»:

Իսկ Ֆերանտեի նկարագրած Նեապոլո՞ւմ էլ էր գործում «անհատի ազատականացման դեմ ուղղված սովետական դատապարտող պրակտիկան» կամ «հակարեւմտական, այսպես կոչված «փչացած եւ կործանվող արեւմուտքի» մասին խորհրդային խոսույթը»: Բայց չէ՞ որ Իտալիան հենց Արևմուտքի կենտրոնում է, ուր «անհատը ազատականցված էր», և նաև Սոցիալիստական Սովետը չէր, այլ ընդհակառակն՝ կապիտալիստական Իտալիա։

Իսկ հայ հասարակությունն էլ մինչ Սովետական կարգերը շատ ավելի խիստ նահապետական բարքերում էր, ուր կինը զրկված էր կամքից, չնչին ազատությունից, եթե կնոջը դիպել էր տղամարդու մատը, անարգված էր համարվում, այս ամենի մասին խոսում է գրականությունը՝ Թումանյանի «Մարոն», «Անուշը», Շիրվանզադեի «Պատվի համարը», «Նամուսը», Սունդուկյանի «Պեպոն»։

Եվ ի հակառակ Թադևոսյանի պնդման, Սովետական կարգերը ազատություն բերեցին կանանց, որպես ամենացայտուն օրինակ 1917 թվի Լենինի դեկրետը ամուսնալուծության իրավունքի մասին։

Ստալինյան շրջանում որոշ նահանջ ապրեցին հեղափոխության ձեռքբերումները, այսուհանդերձ, Սովետական Միությունը մինչև 60-ականներ սեռերի հավասարությամբ, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներով աշխարհում առաջատարներից էր և դեռ մինչև փլուզումն էլ այն հազվագյուտ երկրներից էր, ուր կանանց և տղամարդկանց աշխատվարձերի մեջ խտրականություն չկար։

Եթե Թադևոսյանը հրաժարվեր հակասովետական թեզեր ստեղծելու կանխակալությունից և պահպաներ գիտական այն սկզբունքը, որ հասարակության սոցիալական երևույթների ակունքները պարզելու համար անհրաժեշտ է համեմատել դրանք այլ հասարակությունների հետ, ապա կանանց ստորադաս կարգավիճակը թյուրիմացաբար չէր վերագրի Սովետական կարգերին և սովետական հանցագործ աշխարհին (այս վերջինս էլ իր նահապետական օրենքները փոխ է առել կրոնական-եկեղեցական օրենքներից որպես դիսիդենտություն հակադրվելով սովետական կարգերին)։

Խորհրդային միության փլուզման հետևանքով առաջացած դրամատիրական հարաբերությունների ներխուժմամբ և  հայ հասարակության մեջ պահածոյացված նահապետականության երևույթների վերակենդանացմամբ, որոշ խավերում կնոջ կախվածությունը տղամարդուց մեծանում է, և Հայաստանը լրիվ է գլորվում 50–ականների Նեապոլ։

Ամենացայտուն ընդհանրություններից է այն, որ և 50–ականների Նեապոլի և Հայաստանի աղքատ թաղամասերում մարդիկ խանութներից «նիսիա» ապրանք են վերցնում, այսինքն մթերքը առանց վճարելու վերցնում են, որ ամսվա վերջում, երբ փող ընկնի ձեռները, վճարեն. աղքատության մի նշան, որ Սովետում անծանոթ երևույթ էր։

Նաև բարքերն են պտտվել դեպի «նեապոլյան 50–ականներ». Սովետական Հայաստանում չկար այն հետսովետական Հայաստանին բնորոշ  սովորույթը, որ տղան աղջկա հետ հանդիպելու համար թույլտվություն է վերցնում նրա եղբորից։ Այդպես էր նաև  Նեապոլում,  Լիլիայի հետ հանդիպելու համար նրա երկրպագուները թույլտվություն են վերցնում նրա եղբորից։

Դրամատիրությունն ու ազատականությունը վերացրեցին սովետական ձեռքբերումը՝ հավասար կրթություն ունենալու իրավունքը, բարձրագույն կրթությունը հետզհետե գրեթե ամբողջությամբ  դարձավ վճարովի, որի պատճառով չունևոր խավերի զավակները զրկվեցին կրթություն ստնալու հնարավորությունից։ Առավել տուժեցին աղջիկները, քանի որ հայկական աղքատ ընտանիքներում նախընտրում են առաջին հերթին ֆինանսավորել տղայի կրթությունը։ 

Վեպի հերոսուհին՝ Լիլան, հիշեցրեց ընկերոջս գեղեցկուհի աղջկան։ Ընկերս երկու երեխա ունի՝ տղա, աղջիկ։ Երկուսն էլ գերազանց սովորում էին դպրոցում։ Մի երկու տարի անց այցելում եմ, տղան ընդունվել էր բարձրագույն, բայց կարծեմ ինչ-որ երկրորդական բուհ, գումար չունեին ավելի հեղինակավոր բուհի համար։ Աղջիկը տանը չէր, ո՞ւր է։ Ամսունացրինք, ասում է ընկերս։ Ինչպե՞ս, բա փո՞քր չէր,  զարմացած հարցնում եմ։ Հա, դե 16 տարեկան, դպրոցը նոր էր ավարտել, Ռուսաստանից մի հայ ընտանիք տեսել հավանել, էկան ուզեցին, մենք էլ տվեցինք։

Չգիտեմ, եթե Սովետում լինեինք, արդյո՞ք օժտված, գեղեցկուհի աղջկան 16 տարեկանում այդպես հեշտ կամուսնացնեին։

Լիլան էլ նույն ճակատագիրն է ունենում, թաղամասի գեղեցկուհին, մանկության շրջանում ամենաօժտված երեխան է, դպրոցում բոլոր մտավոր մրցումներին հաղթում է թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին, գրադարանի լավագույն ընթերցողն է, որ հնարավորինս շատ գրքեր վերցնելու համար օգտագործում է նաև հոր, մոր, եղբոր գրադարանի տոմսերը, և որպես լավագույն ընթերցող պարգևատրվում է, և՛ ինքը, և՛ իր փոխարեն ընտանիքի անդամները, 10-12 տարեկանում արդեն վեպ է գրում։ Սակայն ծնողների ավանդապաշտության և ֆինանսների բացակայության պատճառով չի շարունակում ուսումը և 16 տարեկանում ամուսնանում է, որ ազատագրվի ընտանիքից ու տհաճ երկրպագուից։ Աղքատ կոշկակարի գեղեցկուհի աղջիկը ամուսնանում է բարեկեցիկ երշիկավաճառ-նպարավաճառ տղայի հետ, աղջկա գեղեցկությունն է գնահատվողը, տղայինը՝ փողը։

Այսուհանդերձ, կոշկակարի պատվի հարցն է օժիտը, նրանց պարտքն էր թեկուզ համեստ օժիտ ապահովել Լիլայի համար և վճարել հարսանքի հյուրասիրության մասը, որ աղքատ չերևան։

Էլենայի ծնողներն էլ հակված չէին, որ  աղջիկը ուսումը շարունակի, բայց նրա բախտը բերում է, դպրոցի ուսուցչուհի Օլիվերոն նրանց է այցելում և իր հեղինակավոր պարտադրանքով ստիպում, որ թույլ տան Էլենան շարունակի ուսումը։

Ուսուցչուհին չէր էլ պատկերացնում, թե ինչ ճնշող մթնոլորտում է Լիլան, որ նրան էլ օգնության ձեռք մեկներ, ու երբ տեսնում է նրան երշիկավաճառ նշանածի հետ, Էլենային ասում է՝ «գեղեցկությունը, որ մանկությունից Չերուլլոյի գլխում էր, չգտավ կիրառության ասպարեզ, և տեղափոխվեց դեմքին, կրծքերին, հետույքին, կոնքերին՝ այնպիսի տեղեր, ուր գեղեցկությունն արագ անհետանում է։ Հենց նոր կար, և ահա, արդեն չկա»։

Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ Լիլան հոր արհեստանոցում կոշիկ էր վերանորոգում կամ պատրաստվում էր ամուսնության, Էլենային օգնում է արտահայտիչ էսսե գրել։ Տխուր դրվագ է՝ երբ Լիլան Էլենայի էսսեն խմբագրում, տեսքի է բերում, ապա ասում է՝ այլևս ինձ մի տուր քո տեքստերը։ Ինչո՞ւ, հարցնում է Էլենան։ Լիլիան մտածում է, ապա ասում՝ որովհետև ցավ է պատճառում,– հետո մատը սեղմում ճակատին ու ծիծաղում է։

Լուսանկարում՝ կադր «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի հիման վրա նկարահանված սերիալից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter