HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանը տոնում է Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 9-ին նախաձեռնել էր «Տերյանի հետ» խորագրով արդեն իսկ ավանդական դարձած տոնական միջոցառումների շարք: Այս մասին հայտնում է «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի բաժինը:

Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում:

Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Առուշան Հակոբյանը, ով կարևորեց արդեն ավանդական դարձած Տերյանական միջոցառումների կազմակերպումը, վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթները շարունակական կլինեն, քանզի Տերյանի արվեստն անմահ է:

Գրական ցերեկույթը վարում էր հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ ելույթներ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը:

Հավելենք, որ Տերյանական միջոցառումներ սպասվում են ողջ տարվա ընթացքում, իսկ վաղը՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի ևս մեկ գրական միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին և մահվան 100-րդ տարելիցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter