HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ՔԿՀ-ում ինքնավնասում կատարողին կարգապահական տույժի ենթարկելու և մեկուսացնելու պրակտիկան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված այցի ընթացքում ՄԻՊ-ի աշխատակազմն արձանագրել է, որ ազատությունից զրկված անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է պատժախուց տեղավորելու ձևով կարգապահական տույժի:

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման վարույթ, որի արդյունքում Պաշտպանը կայացրել է խախտման առկայության մասին որոշում:

ՄԻՊ-ն ընդգծում է, որ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման

Կոնկրետ գործով չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝ անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և մեկուսացվել:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն:

Ըստ ՄԻՊ-ի անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է ուսումնասիրվի անհատապես, և դրա նկատմամբ պետք է սահմանվի հսկողության իրավիճակային պլան:

Դրանից բացի, կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն դուրս բերվել (ազատազրկվածը գամված է եղել սանհանգույցի դռան վրա) և պատշաճ հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում» և անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը արդարադատության նախարարությանն առաջարկել է մշակել նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի նշանակումը:

Մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան:

Պաշտպանի խախտման որոշմամբ  ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկվել է նաև մշակել ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համալիր ռազմավարություն, ներառյալ՝ ռիսկերի գնահատման, դրանց համապատասխան հսկողության, միջմասնագիտական (բժշկական, սոցիալ-հոգեբանական, անվտանգության և այլն) համագործակցության մեխանիզմներ, ինչպես նաև յուրաքանչյուր անհատական դեպքում՝ հստակ գործելակարգ:

Ազատությունից զրկված անձին ներկայացվել են իր խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ դատական կարգով այն իրացնելու հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter