HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծնողների բողոքից հետո Հայկաշենի մարզային ենթակայության դպրոցին վառելիք կհատկացնի համայնքապետարանը

Այսօր առավոտյան Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի միջնակարգ դպրոցում էին հավաքվել գյուղի աշակերտների ծնողները՝ պահանջելով ապահովել պատշաճ ջեռուցում: Դպրոցը չունի լոկալ ջեռուցում և ձմռան ամիսներին դասասենյակները ջեռուցում են հեղուկ վառելիքով:

Արմավիրի մարզպետի հունվարի 16-ի որոշմամբ լուծվել է դպրոցի տնօրեն Հենրիկ Խրոյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ շարունակում է դպրոցում աշխատել, որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Ըստ Հ. Խրոյանի՝ ամեն օր դասասենյակներին հատկացվում է 2,6 լիտր հեղուկ վառելիք, ինչը բավարար չէ ամբողջ դասապրոցեսի ժամանակ նորմայի սահմաններում ջերմաստիճան ապահովելու համար: Նրա խոսքով՝ առավոտյան ժամերին կարողանում են ջերմաստիճանն ապահովել, սակայն դասերի կեսից և հատկապես վերջին ժամերին ջերմաստիճանն ընկնում է:

Հայկաշենի դպրոցում սովորում է 103 աշակերտ: Հենրիկ Խրոյանն ասում է, որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտի թվաքանակով, ուստի այդ պայմաններում չեն կարող ջեռուցման ծախսերն ավելացնել և ավելի շատ վառելիք հատկացնել դասասենյակներին:

«Դասարան կա, որ 10 աշակերտ ունի, եթե մի քանիսն էլ հիվանդության պատճառով չգան դպրոց, արդեն թիվն էական է լինում: Ծնողները բողոքում են, որ ցուրտ է, երեխաները դպրոցում հիվանդանում ու այդ պատճառով դասի չեն գալիս»,- նշում է դպրոցի նախկին տնօրենը:

Քանի որ դպրոցը չունի լոկալ ջեռուցում, միջանցքներում ցուրտ է: Երեխաները շատ, թե քիչ տաք դասասենյակներից դուրս գալով միջանցք, մրսում են: Բացի այդ, որքան էլ տաք լինեն դասասենյակները, ամեն անգամ դասասենյակի դուռը բացելիս սառը օդը լցվում է ներս:

Հենրիկ Խրոյանն ասաց, որ քննարկումների արդյունքում հարցը ժամանակավոր լուծում է ստացել: Համայնքապետարանը որոշել է վառելիքի գումար հատկացնել և դրանով հարցը կարգավորել:

Հայկաշեն համայնքի ղեկավար Վարշամ Հովհաննիսյանն էլ ասաց, որ որոշել են 1 տոննա հեղուկ վառելիք հատկացնել դպրոցին: Դրա արդյունքում վառարանները կվառվեն դասերը սկսվելուց մեկ ժամ շուտ, ինչը կկոտրի սառնությունը, ինչպես նաև կկարողանան ջեռուցում ապահովել մինչև դասերի ավարտը:

«Եթե վառելիքը չհերիքի, ընթացքում մի բան կմտածենք: Մարզպետարանի համապատասխան վարչության հետ քննարկել ենք, ուղիներ ենք մտածում եկող տարվա ջեռուցումն ապահովելու համար էլեկտրական մարտկոցներով դասասենյակները ջեռուցել»,- նշում է Վարշամ Հովհաննիսյանը:

Հայկաշենի միջնակարգ դպրոցը մարզային ենթակայության է, սակայն, այլ տարբերակ չունենալով՝ համայնքապետարանն ինքն է որոշել հարցին լուծում տալ:

Արմավիրի մարզում այս պահին լոկալ ջեռուցում չունի 13 դպրոց: Բոլոր դպրոցներն էլ գտնվում են գյուղական համայնքներում: Օրեր առաջ լոկալ ջեռուցման համակարգով ապահովվել է Բաղրամյանի դպրոցը:

Copy: Copy: Հետք
Infogram

Տեղեկացնենք, որ գյուղը գազիֆիկացված չէ, ինչն էլ դժվարություններ է առաջացնում դպրոցի ջեռուցման հարցը լուծելու համար: Սակայն տարիներ շարունակ պատկան մարմինները այլընտրանքային լուծում չեն գտել, և երեխաները դաս են արել ոչ պատշաճ պայմաններում՝ դիզելային վառելիքի հոտը շնչելով:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռ տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին, գրել էր, որ Հայկաշենի դպրոցում ջեռուցման հարցը լուրջ է, և ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում: Այս մեկ ամսվա ընթացքում մարզպետարանի աշխատակազմը գործուն քայլեր չձեռնարկեց, ինչը հանգեցրեց աշակերտների ծնողների բացահայտ դժգոհությանը:

Մեկնաբանություններ (1)

Սոֆյա
Շնորհակալություն նյութը հրապարակելու և մեր խնդիրները բարձրաձայնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter