
Համայնքները կկարողանան իրենց կապիտալ ծրագրերի համար ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում կատարել
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը:
Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ համայնքի բյուջեի ֆոնդային մասից կարող են ֆինանսավորվել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը կամ կապիտալ ակտիվի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվում են համայնքի հաշվեկշռում:
Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Մենք ունենք շատ դեպքեր, երբ համայնքներում կատարվում են ներդրումներ համայնքային ենթակառուցվածքների մեջ: Այս պարագայում բյուջետային համակարգի մասին օրենքը հստակեցնելու համար ֆիքսում ենք, որ համայնքները կարող են իրենց կապիտալ ծրագրերի համար ֆոնդային բյուջեից համաֆինանսավորումներ անել՝ պայմանով, որ ձեռք բերվող գույքը լինի համայնքային սեփականություն»,- ասաց Տերտերյանը:
Փոխնախարարի խոսքով՝ գործող օրենքով համայնքները կապիտալ ծախսեր իրականացնում են, սակայն առանց համաֆինանսավորման:
«Օրինակ եթե որևէ նվիրատու ցանկանում է մանկապարտեզ կառուցել, համայնքն էլ կկարողանա մասնակցել կառուցմանը՝ պայմանով, որ ձևավորվի որպես համայնքային կապիտալ»,- մանրամասնեց փոխնախարարը:
Մեկնաբանել