HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ժամկետանց ապրանքը կեղծվել և վաճառվել է նոր ամսաթվով

«Հետք»-ի ընթերցողներից մեկը երեկ ահազանգել էր, որ ժամկետանց ապրանք է նկատել՝ կրկնակի պիտակով, որի վրա փակցված է եղել պիտանելիության բոլորովին այլ, նոր ժամկետ: Խոսքը վերաբերում է «Mauxion» ընկերության «Coeur De Rose» կոնֆետների հավաքածուին: Քանի որ ապրանքը նվեր էր, չստացվեց պարզվել, թե որ խանութից և երբ է այն ձեռք բերվել:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի լրանալուն պես սննդամթերքը համարվում է վտանգավոր և պիտանի չէ՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար: Վտանգավոր սննդամթերքն իր հերթին ենթակա է հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար: 

«Coeur De Rose» կոնֆետների օրիգինալ մակնշման մեջ գրված է, որ ապրանքը պիտանի է 14.08.2018-ից մինչև 13.08.2019թ.ից: Կրկնապիտակի վրա թղթով օրիգինալ մակնշման վրա փակցված է եղել նոր ժամկետ, որով ապրանքի ժամկետը երկրարացվել է ևս մեկ տարով ՝ 10.09.2019-ից 10.09.2020թ: Կրկնապիտակի առկայությունը, օրենքի համաձայն, այս սննդամթերքը դարձնում է կեղծված. մակնշումը փոփոխվել է՝ առանց բաղադրության համապատասխան փոփոխության:

Կոնֆետները Հայաստան է ներկրում «Կոնվեկտ» ՓԲԸ-ն: Մենք շրջեցինք խանութներում և ուսումնասիրեցինք այս ապրանքը: Մեզ հանդիպած ապրանքների վրա կրկնապիտակ չկար, դրանք ժամկետի մեջ էին, արժեքը՝ 2500 դրամ:

«Կոնվեկտ» ընկերության տեղյակ պահեցինք հարցի մասին՝ խնդրելով պարզաբանել: Աշխատակիցներից մեկը ևս մի նման դեպք հիշեց, սակայն ասաց, որ իրենք ժամկետի փոփոխություն երբևէ չեն արել:

Ընկերության վաճառքի գծով տնօրենը՝ Դավիթը, մեզ հետ զրույցում նշեց, որ դա հաստատ իրենցը չէ, քանի որ եթե կրկնապիտակ փակցնեին, ապա ամսական ժամկետանց ապրանքի «միլիոններով» հետկանչ չէին ունենա:

«Ժամկետն անցավ, մենք վերադարձ ենք անում, -ասում է վաճառքի գծով տնօրենը: Մենք ամսական միլիոններով վերադարձ ենք անում, ո՞նց կարող է մեզ մոտ ժամկետ փոխվի: Մենք այդպիսի բան չենք անում, եթե անենք, ապա ամսական միլիններով խոտան չենք թողնի խանութում: Որիշ բան է, եթե կոնկրետ ասեր՝ այս խանութում է եղել, չեկը ցույց տար, մենք այդ հետքով կգնայինք, ռեսելլերին (վերավաճառողին, հեղ.) կկանչեինք, կասեինք՝ դու ինչի ես տվել էսպիսի ապրանք»,-պարզաբանեց տնօրենը՝ հավելելով, որ այս դեպքում շատ կարևոր է իմանալ՝ որ խանութից է գնվել, որպեսզի հնարավոր լինի որևէ բան պարզել, իսկ նվերի դեպքում հետքերը կորում են, և իրենք չեն կարող հասկանալ՝ ով է իրենց ապրանքը կեղծում և կրկնապիտակով վաճառում:

 

Եթե հանդիպել եք նույն ապրանքից՝ կրկնապիտակով, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստին կամ մեր ֆեյսբուքյան՝ «Անվտանգ սնունդ/ Հետք» խմբին:                        

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Տեղեկացրեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, թեժ գիծ 010206040, 012906090

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter