HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

55 հանքափորներ արդեն 3 օր է` պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքային 4 տեղամասերի 55 հանքափորներ արդեն 3 օր է՝ պահանջում են աշխատավարձի բարձրացում և հանքում աշխատանքային պայմանների բարելավում։

«Դա բոլոր հանքափորներիս որոշումն է, մեր պահանջները չկատարելու դեպքում ոչ մեկս չենք գնալու աշխատանքի»,- ասաց հանքափոր Միքայել Շախկյանը:

7-րդ տեղամասի հանքափոր Առաքել Ռեզյանը ներկայացրեց իրենց  պահանջները: Հանքափորները 1-ին կետով լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) տնօրինությունից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը, տալ հանքափորի աշխատանքին համապատասխան համազգեստ, ապահովել տրանսպորտով, հանքում աշխատելու ժամանակ հատկացնել սնունդ, պայթեցման աշխատանքեր կատարելու համար վճարել պայթեցումը կատարող հանքափորին, նշանակել մասնագետ փականագործներ՝ հանքային տեղամասեր մղվող օդի և ջրի խողովակների վթարները վերացնելու համար: 7-րդ, 5-րդ և մյուս տեղամասերում բացել բաղնիքներ, տալ աշխատանքային նոր գործիքներ, ապահովել հանքային տեղամասերի նորմալ օդափոխությունը: 

Հայկ Խառատյանի պատմելով՝ հանքափորները մինչև գործադուլ սկսելը նախ հանքի պետ Սմբատ Ամիրաղյանին տեղյակ են պահել իրենց պահանջների մասին: Ս. Ամիրաղյանի աջակցությամբ նրանցից 5-ը հանդիպել է ԼՀԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին: ԼՀԿ-ի տնօրինության և հանքափորների միջև կնքված պայմանագրով 1 խմ հումքի համար ԼՀԿ-ն հանքափորներին վճարում է 960 դրամ, իսկ հանքում 1 մ հորատման համար՝ 14 հազար դրամ: Հանքափորների ներկայացուցիչները տնօրենից պահանջել են վերանայել աշխատավարձի սահմանված գնացուցակները՝ 1 խմ հումքի դիմաց՝ վճարել 1500 դրամ, նախկին 960 դրամի դիմաց: Առաջարկել են նաև մեկ մետր հորատման գինը սահմանել 18 հազար դրամ:  

«Ինքը մեր պահանջները լսելուց հետո ասաց՝ չենք կարող աշխատավարձը բարձրացնել, այդպես է լինելու, չեք ուզում, մի՛ աշխատեք: Մենք էլ տղերքով հավաքվեցինք, այսպես որոշեցինք»,- պատմեց Հայկ Խառատյանը: Նրա խոսքով՝ հանքափորները հետո տնօրենից որոշ զիջումներ են ստացել:

Խաչատրյանը 1 խմ հումք տալու դեպքում հանքափորներին առաջարկել է վճարել 1250-1300 դրամ: Հանքի մեկ մետր հորատման համար 14 հազար դրամի փոխարեն խոստացել է վճարել 15 հազար դրամ: Երեկ, սակայն, տնօրինությունը հանքափորներին տեղեկացրել է, թե աշխատավարձի բարձրացման իրենց առաջարկած տարբերակը կգործի միայն պլանը կատարելու դեպքում: Հանքափորները վրդովմունքով են ընդունել Խաչատրյանի պահանջը: 

«Պլանը չի կատարվում մեզնից անկախ պայմաններում: Դա մենակ մեզանից չի կախված: Մենք, օրինակ, օդով ենք աշխատում, կոմպրեսորը հանքին օդ է տալիս, որ մենք այնտեղ գործիքները կարողանանք աշխատեցնել: Լինում է՝ օդը թույլ է մղվում հանք, լինում է հանք մտնող հոսանքը կտրում են: Շատ դեպքերում հանքի հին տեխնիկան փչանում է: Դրա հետ մեկտեղ մենք չենք կարող կշեռքը վերահսկել: Մեր վերահսկողությունից դուրս է նաև լաբորատորիան, չենք կարող հստակ իմանալ, թե մեր տված հումքի տոկոսը բարձր է եղել, թե՝ ցածր»,- բացատրեց Միքայել Շախկյանը: Նրա պնդմամբ պլանը կատարելու համար հանքում պետք է հանքափորների աշխատելու նորմալ պայմաններ ստեղծել, որը տնօրինությունը չի կարողանում ապահովել: 

Հանքափորները տնօրենի այդ պահանջից հետո սկսել են գործադուլը: Նրանք   պահանջում են աշխատավարձի բարձրացումը կատարել հանքափորների վճարման համաձայնեցված գներով:

Հանքափորները դժգոհում են նաև հանքային տեղամասերի պայմաններից:

«Մեզ մոտ՝ հանքում, առողջության համար վնասակարություն կա, մենք վնասակար պայմաններում աշխատողի լրացուցիչ աշխատավարձ չենք ստանում: Եթե ասեմ հանքափորի աշխատանքը հեշտ է, որևէ մարդ դրան չի հավատա»,- ասաց Միքայել Շախկյանը:

55 հանքափորների մեծ մասը 180-250 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Հանքափոր Մարտին Լատունցը հիշեց, որ 3-4 տարի առաջ նույն հանքի նույն պայմաններում նույն աշխատանքը կատարելու համար ամիսը մինչև 1 մլն դրամ աշխատավարձ է ստացել:

«Հիմա մեզ 300 հազար դրամից բարձր աշխատավարձ չեն տալիս»,- ասաց հանքափորը:

7-րդ տեղամասի հանքափոր Ռաֆիկ Մելքոնյանի ասելով՝ հանքափորների միասնական պահանջը ոչ միայն աշխատավարձի բարձրացումն է, այլ նաև  աշխատանքային պայմանների բարելավումը:

«Հանքում, որտեղ հիմա մենք աշխատում ենք, ամեն րոպե կարող է վթար լինել: Ու մենք չգիտենք, թե մեզ հետ ինչ կկատարվի: Հանքափորի աշխատանքային պայմանները լավացնելու համար ոչ մի բան հանքում չեն փոխել: Ուղղակի  հանքի սկզբի մասում լույսեր են ավելացրել, բայց դա մեր գործին ո՛չ օգուտ է, ո՛չ՝ վնաս: Մեզ հագուստ են տվել, բայց դա իմ կարծիքով՝ չի համապատասխանում հանքափորի հագուստի պահանջներին»,- ասաց  Ռաֆիկ Մելքոնյանը: Երկու տարի հանքում աշխատող հանքափորը հիշեց, որ եղել է ժամանակ, երբ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ է ստացել՝ բայց դա եղել է, երբ առավոտ հանքն է մտել, ուշ երեկոյան դուրս է եկել հանքից:

«Դա շատ դժվար է եղել ինձ համար: Հանքում աշխատելը ահավոր է: Ամսվա առաջին 15 օրն աշխատելուց հետո, երկրորդ 15 օրը ի վիճակի չեմ լինում աշխատելու: Ֆիզիկապես չեմ դիմանում»,- ասում է Ռաֆիկ Մելքոնյանը:

Նա այժմ ամիսը 150-250 հազար դրամ աշխատավարձ է ստանում:

Կրտսեր հորատող Սերյոժա Քոչարյանը 10 տարի հանքում է աշխատում: Նա պատմեց, որ մի ժամանակ բոլոր հանքափորները բարձր աշխատավարձ են ստացել, բոլորն էլ գոհ են եղել իրենց աշխատավարձից:

«Այն ժամանակ մենք միայն հորատել ենք, հանքում պայթեցնողն առանձին է եղել: Բայց հիմա մենք և՛ հորատում ենք, և՛ պայթեցնողի գործն ենք անում: Ջրի կամ օդի մագիստրալների վթարներն էլ են հանքափորները վերացնում, բայց մեզ շարունակում են վճարել ողբալի աշխատավարձ։ 4-րդ ամիսն է 180 հազար դրամ աշխատավարձ ենք ստանում»,- ասում է Սերյոժա Քոչարյանը:

Հանքային 5-րդ տեղամասի հանքափոր Սամվել Անտաշյանն ասում է՝  հանքափորները վախենում են խոսելու համար կորցնել իրենց աշխատանքը։ 

«Ես 15 օր մինչև գոտկատեղս հանքում ջրի մեջ կանգնել եմ, ընդամենը ստացել եմ 75 հազար դրամ աշխատավարձ: Ինձ վարձատրել են էդ մեր ասած 960 դրամ կուբաժով, որը մարդկային չէ: Բայց եկեք խոսենք նաև այն մասին, որ այդ ամեն 960 դրամից 23 տոկոս պահում են անում»,- ասում Սամվել Անտաշյանը:

«Տնօրինությունը մեզ տեղեկացրել է՝ եթե երեք օր աշխատանքի չգնանք, մեզ դատի են տալու: Ասում են՝ այդ երեք օրվա իրենց շահույթը մեզանից են պահանջելու: Մենք հեղափոխության էս տարածքի առաջամարտիկներն ենք եղել: Բայց հեղափոխությունը հանքարդյունաբերության այս համակարգում ոչինչ չփոխեց»,- ասում է հանքափոր Մխիթար Աբելյանը:

Վաղը՝ ժամը 9:30-ին, հանքափորները հավաքվելու են լեռնահարստացման կոմբինատի դարպասների մոտ և պահանջելու են բարձրացնել իրենց աշխատավարձը և հանքում բարելավել իրենց աշխատանքային պայմանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter