
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՏԻՄ-երին վերաբերող մի շարք նախագծեր
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 106 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս փոփոխություններով պատգամավորներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվությունների կամ նվիրաբերությունների մասին տեղեկությունը հանրայնացնել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որը կրկին վերաբերում է նվիրատվություններին: Այս փոփոխություններով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված:
Նախագիծն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հիմնական զեկուցող Անի Սամսոնյանն ասաց, որ մինչ երկրորդ ընթերցում սպասում է պատգամավորների գրավոր առաջարկներին բարձրաձայնած մտահոգությունների վերաբերյալ:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ համայնքի բյուջեի ֆոնդային մասից կարող են ֆինանսավորվել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը կամ կապիտալ ակտիվի ձեռքբերումը, եթե դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվում են համայնքի հաշվեկշռում: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 ձայնով:
Մեկնաբանել