HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական տեխնիկան հաղթեց կանադական ատլետիզմին

Հայաստանի ազգային հավաքականի երեկվա հաղթանակը կանադացիների նկատմամբ միանգամայն օրինաչափ էր եւ տրամաբանական: Նախ՝ այն, որ մեր թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 41-րդն է, իսկ կանադացիները՝ 71-րդը, արդեն խոսում է խաղամակարդակների տարբերության մասին: 30 կետի տարբերությունն արտացոլվեց նաեւ խաղադաշտում: Միայն այն, որ խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստները 14 գոլային հնարավորություն ստեղծեցին, իսկ կանադացիները՝ ընդամենը 3-ը, փաստում է մեր թիմի առավելությունը:

Առաջին րոպեներին անկյունայինից խփված գնդակը եւ կանադացիների կատարմամբ օդային փոխանցումները եզրերից միանգամից հասկանալ տվին, որ այս հավաքականը խաղում է հյուսիսային թիմերի ոճով՝ մեկ-երկու փոխանցումով անցում դեպի եզրերը, այնտեղից էլ գնդակի կախում տուգանային հրապարակի վրա, որտեղ բարձրահասակ խաղացողները պատրաստ են եզրափակել գրոհը:

Մեր թիմը, սակայն, աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը ու շատ քիչ հնարավորություն տվեց հյուսիսամերիկացիներին խաղալ իրենց ոճով: Հայաստանի հավաքականի՝ արդեն ձեռագիր դարձած կարճ ու միջին փոխանցումներով արագ խաղը, գրոհները տարբեր ուղղություններով ու ոչ միաոճ կազմակերպելը իսկական գլխացավանք դարձան կանադացիների համար, քանի որ պայքարը երկրորդից տեղափոխվել էր առաջին հարկ, որտեղ առավելությունը մերոնց կողմն էր: Միահպում փոխանցումների շնորհիվ հենց առաջին կեսում Մարկոսը խփեց պատասխան գնդակը, ու ամեն ինչ ընկավ իր տեղը: Դա 22-րդ րոպեն էր:   

Ամբողջ խաղի ընթացքում մի շարք լավ հնարավորութուններ ունեցան Մովսիսյանը, Մխիթարյանը, Մարկոսը, Օզբիլիզը, Սարկիսովը…

Միայն երրորդ խաղակեսում Յուրան երեք հրաշալի առիթ բաց թողեց, սակայն այդ «բացը» լրացրեց Մարկոսը, որն առաջինը կողմնորոշվեց տուգանային հրապարակում ստեղծված խառը վիճակում, երբ գնդակը Արտակ Եդիգարյանի հուժկու հարվածից հետո հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Եվ չնայած Մովսիսյանը չկարողացավ գոլի տեսքով նվեր անել իր նորածին դստերը, սակայն նրան փոխարինած Սարկիսովն իր համառության շնորհիվ վաստակած 11-մետրանոցով յուրօրինակ նվեր արեց Արաս Օզբիլիզին, որն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշանավորեվ իրացրած 11-մետրանոցով: Արասն ապացուցեց, որ տեխնիկապես շատ գրագետ եւ թիմային ֆուտբոլիստ է: Արդեն կարելի է ասել, որ նա մեծ ուժ է հավաքականի համար:

Չնայած 3-1 հաշվով հաղթանակին՝ հարկ է նշել, որ Հայաստանի ընտրանին պետք է հաղթեր ավելի մեծ հաշվով, սակայն մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ թիմում հանդես եկող տղաները իրենց թիմերի կազմերում գտնվում են նախապատրաստական փուլում, իսկ արեւմտաեվրոպական թիմերում խաղացող կանադացիներն արդեն խաղում են եվրոպական առաջնություններում:

Մյուս կողմից՝ մեր թիմը պետք է միշտ օգտագործի ընկերական խաղեր անցկացնելու հնարավորությունը՝ նոր կադրերին փորձարկելու, առկա թերությունները վեր հանելու եւ շտկելու ու պարզապես հավաքների միջոցով թիմային ոգին բարձր պահելու համար: Ըստ շրջանառվող լուրերի՝ մինչեւ «Եվրո-2012»-ի մեկնարկը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի հույների, իսկ դրանից հետո՝ բելառուսների հետ:

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներից իտալացիները նվազագույն հաշվով զիջել են ԱՄՆ-ին, Դանիան 0-2 հաշվով զիջել է ռուսներին, չեխերն ու բուլղարները 1-1 են խաղացել համապատասխանաբար իռլանդացիների եւ հունգարների հետ, իսկ Մալթան 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին:   

Լուս.՝ armsport.am-ի

Մեկնաբանություններ (1)

Margaryan
HALALA MER TXERQIN!!!!!!!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter