HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. «Չորս պետական մարմին խախտել է կալանավորի իրավունքը՝ չտրամադրելով նրան անհրաժեշտ դեղերը»

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանկարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրել են, որ քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ տեղափոխված և այնտեղ պահվող կալանավորված անձն ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և հոգեբույժի ցուցմամբ ՔԿՀ-ում պահվելու ընթացքում ստացել է դեղորայքային բուժում, սակայն, ՁՊՎ-ում պահվելու ընթացքում հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված բուժումը: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Խախտման որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ ՁՊՎ-ում գտնվող ազատությունից զրկված անձի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկն ազատությունից զրկված անձին ՁՊՎ տեղափոխելիս չի տրամադրել ցուցված հոգեմետ դեղորայքը և բժշկական ցուցման վերաբերյալ տեղեկությունը:

ՁՊՎ-ից ազատությունից զրկված անձը տեղափոխվել է այլ քաղաքում գտնվող հոգեբուժական կազմակերպություն՝ փորձաքննության նպատակով, որից հետո կրկին փոխադրվել է ՁՊՎ-ը և ևս մեկ օր պահվել այնտեղ: Վերջինս այդ ընթացքում նույնպես հնարավորություն չի ունեցել ստանալ իրեն ցուցված դեղամիջոցները:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև, որ ՁՊՎ ընդունելիս և այնտեղ պահելու ընթացքում չի ապահովվել կալանավորվածի հոգեկան առողջության պատշաճ մասնագիտական գնահատումը, նրան չի ցուցաբերվել առողջական վիճակին համարժեք բուժում:

Ավելին, ազատությունից զրկված անձի կողմից շարունակաբար հայտարարվել է իրեն բուժող բժշկի նշանակած դեղորայքը չտրամադրելու հանգամանքով պայմանավորված առողջական վիճակի վատթարացման մասին, ինչն արձանագրվել է նաև շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմի կողմից, սակայն անձը շարունակել է պահվել Ոստիկանության ՁՊՎ-ում՝ առանց մասնագիտական խորհրդատվության կազմակերպման:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Ոստիկանությունը բավարար քայլեր չի ձեռնարկել սուր հոգեկան հիվանդության ախտորոշմամբ տառապող և պարբերաբար առողջական խնդիրներ ներկայացնող ազատությունից զրկված անձին մասնագիտացված հոգեբուժական օգնություն տրամադրելու նպատակով հոգեբույժի խորհրդատվություն կազմակերպելու և(կամ) բուժհաստատություն տեղափոխելու հարցի քննարկման ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ ՁՊՎ հրավիրվել է շտապ բժշկական օգնության ծառայություն, որը սակայն չի կարողացել տրամադրել ցուցված դեղորայքը, քանի որ ինչպես շտապօգնության բրիգադում, այնպես էլ քաղաքի առողջապահական հաստատություններում հոգեբույժ չի եղել:

Անթույլատրելի է այն, որ մարզերի շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններում գործող գծային շտապ բժշկական օգնության և ֆելդշերական բրիգադները համալրված չեն հոգեբույժներով, ունեն սահմանափակ տեսակի դեղորայք՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ավելին, կոնկրետ դեպքում շտապ բժշկական օգնության ծառայության կողմից ազատությունից զրկված անձի մոտ հոգեբուժական ախտորոշման պարագայում՝ բավարար քայլեր չեն ձեռնարկվել պատշաճ հոգեբուժական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ բավարարվելով միայն «ստանալ նշանակված դեղորայքը» ցուցումով:

Պաշտպանը որոշմամբ խախտում է արձանագրել արդարադատության նախարարության, առողջապահության նախարարության, ոստիկանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործողություններում միաժամանակ: Այս մարմիններին առաջարկվել է համատեղ մշակել ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկից ՁՊՎ կամ այլ վայր տեղափոխելու պարագայում հոգեմետ դեղորայքի շարունակական ընդունումն ապահովելու նպատակով այն տրամադրելու հստակ ընթացակարգ:

Ազատությունից զրկված անձի առողջության պահպանումը, այն է՝ ազատությունից զրկման վայրում պատշաճ բժշկական օգնության և խնամքի տրամադրումը պետության պոզիտիվ պարտականությունն է:

Ուստի, արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ոստիկանությունը, տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ներքո գործող շտապ բժշկական օգնության ծառայությունը, հոգեբուժական կազմակերպությունը, ինչպես նաև առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Առողջապահության նախարարությունը պետք է իրականացնեին ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները՝ ապահովելով այս կապակցությամբ պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը:

Խախտման որոշմամբ նշված պետական մարմիններին առաջարկվել է կազմակերպել նաև բժշկական և ոչ բժշկական անձնակազմերի և մասնագետների համապատասխան վերապատրաստումներ:

Առաջարկվել են կոնկրետ լուծումներ նաև ազատությունից զրկված անձի համար, ում իրավունքները խախտվել են:

Որոշումն ուղարկվել է նաև գլխավոր դատախազին՝ ի գիտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter