HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը փոփոխություններ է առաջարկում ՍԴ դատավորների ընտրության կարգում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը փոփոխություններ է առաջարկում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կարգում: Դրանք վերաբերում են »ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածին, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը:

Գործող օրենքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի հերթական նիստերում: Պատգամավորն առաջարկում է օրենքի հերթական բառը փոխարինել առաջիկա բառով, որը հնարավորություն կընձեռի ՍԴ դատավորի՝ թափուր տեղում մնացած տեղի ընտրության հարցը քննարկել նաև ԱԺ արտահերթ նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը:

«Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միևնույն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունը կազմակերպվի նաև արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձևական կարգավորումներով պայմանավորված»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխություններ կատարելու համար հանրաքվե անցկացնելու որոշումը, որից հետո Հանրապետության նախագահը հանրաքվեի օր է նշանակել ապրիլի 5-ը:

Այդ հանրաքվեով փոփոխության է ենթարկվելու Սահմանադրության միայն 213-րդ հոդվածը: Եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա կդադարեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են մինչ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը: Այս փոփոխությունները վերաբերում են ՍԴ բոլոր անդամներին, բացի Վահե Գրիգորյանից և Արման Դիլանյանից:

Մեկնաբանություններ (1)

վախթանգ Սիրադեղյան
«Ըստ նախագծի հիմնավորման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը:» Ես իրավաբան չեմ, բայց ծանոթ լինելով այդ բնագավառին, կարծում եմ, որ այդ կարգավորումները ոչ թե գործընթացն արհեստականորեն ձգձգելու, այլ պատահական որոշումներից խուսափելու նպատակ են հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter