HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3 մլրդ 272 մլն դրամով ավելացվել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին վճարվող գումարի չափը

Ճանապարհային ոստիկանությունը և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն հունվարի 22-ին համաձայնագիր են ստորագրել, որով 3 մլրդ 272 մլն 200 հազար դրամով ավելացվել է դեռևս 2017թ.-ին կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված գումարի չափը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որին ներկայացրել է ոստիկանությունը, և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 2017թ. փետրվարի 15-ին կնքել են գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր: Պետությունը, որպես կառավարման հիմնադիր, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը՝ արագության չափման տեսախցիկների համակարգեր, մալուխներ, տեսախցիկի, լուսարձակի ամրակներ և այլն, հանձնել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին՝ հավատարմագրային կառավարման:

Կողմերը որոշել են, որ հավատարմագրային կառավարման նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար նախատեսված համակարգերը կառավարելու, շահագործելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու, ներառյալ՝ հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական ակտերի նախագծեր կազմելու և ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու միջոցով դրանց անխափան աշխատանքն ապահովելն է:

Պայմանագրով՝ յուրաքանչյուր ամիս «Սեքյուրիթի Դրիմ»-ի սահմանված կարգով ընդունված հաշվետվության, ինչպես նաև համաձայնեցված վճարահաշվարկային տեղեկագրի հիման վրա, տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարից ընկերությանը հատուցվում է համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական նպատակներով իրականացված փաստացի ծախսերը: Բացի այդ, վարձատրություն է նշանակված տուգանքների փաստացի գանձումների և վերը նշված ծախսերի հատուցման գումարների տարբերության 10 %-ի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները:

Համաձայնագրով սահմանված 3 միլիարդ 272 մլն 200 հազար դրամ գումարից 414 մլն 200 հազար դրամը, որպես հավատարմագրային կառավարման վարձատրության գումար, իսկ 2 մլրդ 858 մլն դրամը՝ փաստացի ծախսերի հատուցում: Համաձայնագրով նշված է, որ գումարը նախատեսվում է վճարել ճանապարհային ոստիկանության 2020թ.-ի արտաբյուջեից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հետք»-ին պարզաբանեցին, որ հիմնական պայմանագրով պայմանագրային գին չի սահմանվել, ուստի նույն պայմանագրի համաձայն՝ «պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել միայն գրավոր համաձայնագրեր կնքելու միջոցով»:

Ոստիկանության փոխանցմամբ՝ 2017թ.-ին կնքված առաջին համաձայնագրից հետո, որով սահմանվել է պայմանագրային գին, մնացած համաձայնագրերով վերոնշյալ պայմանագրային գումարին ավելացվել է տվյալ տարվա հավատարմագրային կառավարչի կողմից կատարվելիք ծախսերի հատուցման և վարձատրության գումար: Նշված գումարը յուրաքանչյուր տարվա համար պլանավորվում է` հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները և տվյալ տարվա պլանային մուտքերը: Տարվա սկզբին համաձայնագրով ավելացված գումարները, տարվա ընթացքում ծախսերի և մուտքերի փոփոխություններից կախված՝ ենթարկվում են համապատասխան փոփոխությունների:

Ոստիկանության գրավոր պարզաբանման մեջ նշվում է նաև, որ վերը հիշատակված գումարները վճարվել են ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային միջոցներից, որոնք գոյացել են հավատարմագրային կառավարման հանձնված սարքերի և սարքավորումների միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումներից գանձված փաստացի գումարներից:

Նշենք, որ 2017-2019թթ.-ին տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների չափը կազմել է մոտ 33 մլրդ 564 մլն, որից փաստացի գանձումների չափը կազմել է մոտ 25 մլրդ 307 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter