HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ցմահ ազատազրկվածը կկարողանա ներման խնդրագրով դիմել ազատազրկվելուց 15 տարի անց՝ գործող 20-ի փոխարեն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության և ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Ներման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը:

Առանցքային փոփոխություններից է այն, որ օրենքով առաջարկվում է ամրագրել, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին՝ գործող քսան տարվա փոխարեն:

Փոփոխությոններ են ներկայացվել նաև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում. նշվում է, որ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը:

Ըստ նախագծի՝ ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո։ Բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ: Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է վարչապետը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներման մասին օրենքն ուժի մեջ մտնելուց՝ 2018-ի մարտից հետո 326 ներման խնդրագիր է վարչապետի աշխատակազմն ընդունել, որից 316-ն ուղարկվել է նախագահին, իսկ ներում է շնորհվել հինգի: Այդ հինգից մեկի դեպքով պատժից լրիվ ազատում է եղել, մյուս չորսի դեպքով՝ պատժաչափն է իջեցվել:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 108 կողմ ձայնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter