HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր

Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր բուհերում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝ 1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար՝ վերջիններիս կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, հիշյալ դասախոսը նշված գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ բուհ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակներում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար:

ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականի ստացումը հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլարը վերցնելիս հիշյալ դասախոսը բռնվել ու բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոստովանել հանցագործության կատարումը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter