HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման թույլտվության տրամադրման տուրքերը բարձրացնել

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Պատգամավորներն առաջարկում են Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը շեշտակիորեն բարձրացնել:

Եթե գործող կարգավորմամբ՝ ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար տարեկան վճարվում է բազային տուրքի 10 հազարապատիկի չափով գումար՝ 10 միլիոն դրամ, ապա այժմ առաջարկվում է այն դարձնել բազային տուրքի 120 հազարապատիկի չափով՝ 120 միլիոն դրամ:

Նույն գումարն է առաջարկվում նաև մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար գործող տարեկան 50 հազար տուրքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ:

Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար տուրքն առաջարկվում է գործող 100 հազար դրամից դարձնել 400 հազար դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է Լոնդոնի մետաղների բորսայի 2020 թվականի հունվարի 30-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (արժույթի և ապրանքների գնում կամ վաճառք՝ 3 ամսվա համար) համար սահմանված գները, ըստ որի (գների չափման միավորը տոննան է)՝ ալյումինի գինը կազմել է 1748 դոլար, պղնձի գինը՝ 5723 դոլար, կապարի գինը չի փոխվել՝ 1881 դոլար, նիկելի գինը՝ 12.720 դոլար, անագի գինը՝ 16.300 դոլար, ցինկի գինը՝ 2243 դոլար, մոլիբդենի գինը՝ 22.928 դոլար, կոբալտի գինը՝ 33.000 դոլար:

«Ուստի պետք է վերանայել ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների, մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման տուրքի առկա սահմանաչափերը, քանզի սույն նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի համար կապահովենք լրացուցիչ մուտքեր»,- ասված է նախագծում:

Նշվում է նաև, որ օրենքի ընդունումը բխում է նաև Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի տրամաբանությունից, քանի որ վերոնշյալ ծրագրով նախատեսվում է ընդունել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ ոլորտը կարգավորող օրենքներ, հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման ապահովում, նշված ոլորտի համապարփակ քաղաքականության սահմանում, ազգային և տեղական մակարդակներում ֆիսկալային և ոչ ֆիսկալային օգուտներն ավելացնելու և բաշխելու համար ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter