
Բանկերի շահույթը 2019 թվականին աճել է 25.4%-ով
2019 թվականին Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի շահույթը միասին կազմել է 78 մլրդ դրամ։ Ինչպես վկայում են բանկերի ֆինանսական հաշվետվությունները և Հայաստանի բանկերի միության հաշվարկները, 2018 թվականի համեմատ բանկային համակարգի շահույթն աճել է 15.8 մլրդ դրամով կամ 25.4%-ով։
Շահույթի ցուցանիշով առաջատարը 2019 թվականին Ամերիաբանկն է, որը տարվա ընթացքում գրանցել է 12.1 մլրդ դրամի շահույթ։ Հաջորդում է Արդշինբանկը՝ 9.9 մլրդ դրամով։ Ամենամեծ շահույթ ստացած բանկերի եռայակը եզրափակում է Ինեկոբանկը՝ 9.4 մլրդ դրամով։
Հնգյակում են նաև Արմսվիսբանկը՝ մոտ 9 մլրդ դրամի շահույթով և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ մոտ՝ 7.4 մլրդ դրամով։
Ընդհանուր առմամբ, 17 բանկերից 16-ը տարին շահույթով են փակել։ Միակ բանկը, որը վնասով է ավարտել տարին, ՎՏԲ-Հայաստան բանկն է՝ 1.5 մլրդ դրամի վնասով։
Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ 2019 թվականը բարենպաստ տարի է եղել բանկային համակարգի համար։ «Դրա մասին են վկայում բանկային համակագի ցուցանիշները։ Գրեթե բոլոր ուղղություններով ունենք աճ։ Բանկային համակարգի կապիտալն ու շահութաբերությունը ևս աճել են»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ բանկերն այսօր գերշահույթ են ապահովում, քանի որ բանկային համակարգի շահույթը կազմել է կապիտալի 9.24%-ը։
Կապիտալն աճել է 9.5%-ով
Բանկերի ընդհանուր կապիտալը 2019 թվականին կազմել է 844.8 մլրդ դրամ։ Ըստ Հայաստանի բանկերի միության՝ 2018 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 73 մլրդ դրամով կամ կամ 9.5%-ով: Վերջին 10 տարիների կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է։
Ակտիվները՝ 17%-ով
Ավելացել են նաև բանկերի ակտիվները։ 2019 թվականին դրանք կազմել են 5 տրլն 805 մլրդ դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 842 մլրդ դրամով կամ 17%-ով։ «Անկախության տարիներից սկսած բանկերի քանակը նվազել է Հայաստանում, սակայն ակտիվների քանակն աճել է։ Սա ցույց է տալիս բանկային համակարգի մեծացման մասին»,- նկատում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Վարկերն աճել են՝ 10.1%-ով, ավանդները՝ 22.4%-ով
2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն, ըստ Բանկերի միության, կազմել է 3 տրլն 357 մլրդ դրամ։ 2018 թվականի վերջի համեմատ այն աճել է 327 մլրդ դրամով կամ 10.1%-ով։ 327 մլրդ դրամը չի նշանակում, էր տարվա ընթացքում միայն այդքան վարկ է տրամադարվել։ Իրականում տրամադրված վարկերի ծավալն ավելի մեծ է լինում և դրան զուգահեռ քաղաքացիները մարում են ավելի վաղ ստացված վարկերը։
Իսկ ավանդները՝ հաճախորդների նկատմամբ բանկերի պարտավորությունները 2019 թվականի վերջի դրությամբ կազմել են 3 տրլն 477 մլրդ դրամ՝ նախորդ տարվա վերջի համեմատ աճելով 637 մլրդ դրամով կամ 22.4%-ով։ Հաջորդ հոդվածում առավել մասնրամասն կներկայացնենք վարկերի ու ավանդների դինամիկան և իրավիճակը։
Մեկնաբանել