HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆահրադին Աբասովը դատապարտվել է 16 տարի ազատազրկման

Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում ավարտվել է Ֆահրադին Աբասովի գործով դատական գործընթացը, որով վերջինս մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։ Աբասովին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի «պետության դեմ ուղղված հանրային պարսավանքի» և «ազգային թշնամանքի սերմանման» հոդվածներով։ Նրա նկատմամբ կալանավորում խափանման միջոցը որոշվել էր 2018 թվականի հուլիսի 14-ին՝ Սաբայիլի շրջանի դատարանի կողմից։

Իր ելույթում դատախազը պահանջել է Ֆահրադին Աբասովին դատապարտել 17 տարվա ազատազրկման։ Դատարանը որոշել է պատիժը կրճատել 1 տարով՝ դատապարտելով 16 տարի ազատազրկման։

Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, բանասեր Ֆահրադին Աբասովն Ադրբեջանում մեղադրվում էր «պետության դեմ ուղղված հանրային պարսավանքի» մեջ։ Պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Աբասովը մեկնել է Հայաստան և «այնտեղ հանդես եկել Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության դեմ»։

Հիշեցնենք, որ Ֆահրադին Աբասովը Մոսվայից Բաքվին էր արտահանձնվել 2019 թվականի մարտի 1-ին։ Ավելի վաղ, «Amnesty Inernational» կազմակերպությունը հայտնել էր, որ Աբասովը, որն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մոսկվայում, անհետացել է Լյուբերցիի քննչական մեկուսարանից։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին իրավապահ մարմինների որոշ աշխատակիցներ եկել են քննչական մեկուսարան, ներկայացրել Աբասովին ազատ արձակելու միջնորդություն և նրան տարել անհետ ուղղությամբ։ Գիտնականի անձնական իրերը մնացել են մեկուսարանում։

2019 թվականի փետրվարի 28-ին պետք է կայանար Աբասովի գործով դատական նիստը, սակայն դատարանը չի կարողացել պարզել հայցվորի գտնվելու վայրը և հաջորդ նիստը նշանակել մարտի 18-ին։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ փետրվարի 28-ին դատարանը կայացրել է արտահանձման որոշում։

Աբասովը 2004 թվականին լքել էր Ադրբեջանը՝ մշտական բնակություն հաստատելով Ռուսաստանում։ 2011 թվականին ստացել է ժամանակավոր կացություն, իսկ ավելի ուշ մշտական կացության թույլտվություն։ Չնայած դրան, 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Աբասովը ձերբակալվել է և ուղարկվել մեկուսարան՝ «Ադրբեջանի Հանրապետությանը արտահանձնվելու նպատակով»։

2005 թվականի մայիսին Ֆահրադին Աբասովը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու թալիշագիտության առաջին միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի ժամանակ նա հանդես է եկել «Թալիշական լեզվի և թալիշ ժողովրդի պաշտպանություն» թեմատիկ զեկույցով։ Ադրբեջանում կոնֆերանսը դիտարկվել է որպես անջատողականության աջակցության հերթական դրսևորում։ Աբասովը մշտապես ունեցել է հայամետ դիրքորոշում, կոչ արել թալիշներին հետևել Արցախի ազատագրական պայքարի օրինակին և հանդես եկել ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter