HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքը վերադարձնել Հանրային հեռուստաընկերությանը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում` առաջարկելով թույլ տալ Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդ հեռարձակել:

«Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը»,-ասված է նախագծում:

Նշվում է նաև, որ մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը: Թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ մինչ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու 2014թ. դեկտեմբերի 17-ի որոշումը, Հանրային հեռուստաընկերությունն առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք ուներ, որը չպետք է գերազանցներ ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը և հանդիսանում էր Հանրային հեռուստաընկերության՝ օրենքով նախատեսված եկամտի աղբյուրներից մեկը:

Սակայն 2014 թվականի փոփոխություններից հետո Հ1-ը զրկվեց իր եթերում գովազդ ցուցադրելու հնարավորությունից:

Նախագծում նշվում է, որ վերոհիշյալ օրենքի ընդունման հետևանքով Հանրային հեռուստաընկերության եկամուտները կտրուկ նվազեցել են: Հաջորդող տարիներին կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է առևտրային գովազդ հեռարձակելու արգելքի պատճառով Հանրային հեռուստաընկերության կրած կորուստները, սակայն հատկացված փոխհատուցումը բավարար չի եղել «Հանրային հեռուստաընկերության արդի մարտահրավերների համար»:

«Հանրային հեռուստաընկերությունը, հաշվի առնելով իր սահմանադրական առաքելությունը, անկախ գովազդի հեռարձակման իրավական հնարավորությունից, ապահովում է հեռուստաեթերի բազմազանությունը՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով բարձր տեղեկատվական արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը: Մասնավորապես՝ մինչ գովազդի հեռարձակման արգելք ներմուծող օրենքի ընդունումը Հանրային հեռուստաընկերությունը սեփական միջոցներով արտադրել կամ ձեռք է բերել և հեռարձակել հետևյալ հաղորդումները. կրթական՝ Հայ ասպետ, HQ, Հանրալսարան, մշակութային՝ Արտ կանոն, Արվեստակիրները, Հայադարան, Արվեստանոց, ժամանցային՝ Բարդ երկուշաբթի, Ամբողջի մի մասը, Համեղ մենամարտ: Առևտրային գովազդի հեռարձակման արգելք ներմուծող օրենքի ընդունումից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են հետևյալ հաղորդումները. կրթական՝ Ուչիկ բուչիկ, Գերազանցիկը, Դու գիտես, Մեկ պատուհան, մշակութային՝ Կտոր մը Հայաստան, Հայրենեան, Հիմնաքարը, Ուսուցիչ, ժամանցային՝ Անկախ տարիքից, Լավ երեկո, Քո սպորտը: Այսպիսով, ակնբախ է, որ մինչև գովազդի հեռարձակման արգելքը ներմուծող օրենքի ընդունումը և դրանից հետո Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող կրթական, մշակութային, ժամանցային հաղորդումների հարաբերակցությունը էական փոփոխության չի ենթարկվել»,-ասված է նախագծի հիմնավորումներում:

Նշվում է նաև, որ գովազդի հեռարձակման օրենսդրական արգելքը ոչ միայն չի արդարացրել իրեն, այլև ֆինանսական միջոցների սղության հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը հաճախ ստիպված է եղել հրաժարվել առավել հետաքրքիր նոր նախագծերի կյանքի կոչման գաղափարից:

«Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը: Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա լրացուցիչ համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքի հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն»,-նշված է նախագծում:

Կատարվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրություն, նշվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանում ու Ռուսաստանում է, որ արգելված է Հանրային հեռուստաընկերությամբ առևտրային գովազդ ցուցադրել: Ավստրալիայի, Կանադայի, Մալթայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Հունգարիայի հանրային հեռուստաընկերություններն ունեն առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter