HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել

«Հետք»-ի «Անվտանգ սնունդ» խմբում ընթերցողներից Հայկ Խաչատրյանն ահազանգել էր, որ օրերս Սիսիանի «Սիթի» սուպերմարկետից գնել է ջնջված մակնշմամբ տարօրինակ հավկիթներ: Հայկը նորից է այցելել խանութ` պարզելու, թե որ ընկերության արտադրանքն է:

«Տեսա էլի նման ձվեր, որոնց ժամկետները էլի ջնջված էին, բայց այդ նույն յաչեյկայի մեջ կար երևացողներ: «Անի Ձու» ընկերությանն էր»,- պատմեց Հայկը` հավելելով, որ գնել է 35 դրամով և խանութում նմանատիպ հավկիթներ էլի են եղել:

«Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»՝ 2011թ. սեպտեմբերի 29-ի Կառավարության N 1438 Ն որոշման համաձայն՝ ձվերը լինում են երկու տեսակի՝ Ա և Բ։ Ա կարգի ձվերը նախատեսված են մարդու կողմից անմիջական սպառման համար, իսկ Բ կարգի ձվերն օգտագործում են սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում, քաղցրավենիքի արտադրամասերում և այլն։ Ա կարգի ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է լինի մակնշում, պիտանելիության ժամկետ չունեցող ձվերի վաճառքն արգելված է։ Ըստ նույն որոշման՝ ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի։

Նման ապրանքի իրացումը ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին»), ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է։

Խմբի ահազանգին արձագանքեց և ընթացք տվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական  մարմինը` տեղեկացնելով, որ Սյունիքի մարզային տեսուչներն ացելել են նշված խանութ և ստուգում իրականացրել. «ՍԱՏՄ Սյունիքի մարզային կենտրոնի Սիսիանի տեսուչները այցելել են նշված խանութ: Որևէ ձու, առանց մակնշման, չի հայտնաբերվել: Ընտրանքային կարգով կոտրված ձվերը եղել են թարմ, մակնշումներն` ընթեռնելի»,- պատասխանել է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Անի Ձու» ընկերության աշխատակից Արմենը մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք հաստատ իրենց հավկիթները չեն, սպառողն այլ ապրանք է գնել և ներկայացրել իրենց ընկերության անվան տակ՝ հավանաբար իրենց համբավն արատավորելու համար․«Ուրիշ ձու է բերել խանութ այդ գնորդը, չեկ էլ չի ունեցել, հետո նորից գնացել է, գնել է, չեկն է հանել, ցույց տվել»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսել է նաև Սիսիանի սուպերմարկետի տնօրենի հետ, և սա պարզապես թյուրիմացություն է, իսկ «Անի Ձու»-ն «ամենաթարմ ձուն» է հիմա։

Ինչ վերաբերում է մակնշման ջնջվելուն, Արմենն ասաց, որ նման խնդիր կարող է առաջանալ թանաքի որակից, եղանակային պայմաններից և այլն․ «Թանաքի խնդիր սաղի մոտ էլ լինում է, ձուն միամիտ մի քիչ թեք է կանգնում, էդ էլ լազերն է վրան պեչատն անում, լինում է էդպես,- հայտնեց աշխատակիցը։- Կարա Սննդի տեսչությունը ուղիղ գնա «Անի» թռչնաֆաբրիկա ու ձուն ստուգի, տեսնի՝ քանի օրվա ձու է, ու կարող ա ժպիտներով դուրս գան, այ էդպիսի վիճակ է մեր մոտ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց ապրանքի պահպանման ժամկետը 20-25 օր է, այն արագ սպառվում է և բացառվում է, որ իրենք հին ձու մատակարարեն։

Սուպերմարկետի աշխատակիցներից Հասմիկ Միրումյանը «Անվտանգ սնունդ» խմբում նշել է, այդ հավկիթներն իրենց «սուպերմարկետից չեն գնվել», ու իրենք «ուղղակի չեն հասկանում այս սադրանքի պատճառը»՝ հավելելով, որ իբրև իրենց ասածի ապացույց` շուտով կտեղադրեն տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։

Նշենք, որ «Անի Ձու» ընկերության հավկիթները, բացի Սիսիանից, վաճառվում են նաև Երևանում, արժեքը 30-60 դրամ է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter