
Կառավարությունը նախաձեռնում է զորահավաք պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով
Կառավարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը, որով առաջարկում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Այն տևելու է երեք ամիս` 2020թ. մարտի 20-ից մինչև հունիսի 20-ը:
Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել 374 քաղաքացու, որոնցից 233–ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական կազմի, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշենք, որ նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
Մեկնաբանել