HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանության արտաքին ծառայությունը վերափոխելու նախագիծ է ներկայացվել

 Մասնավորապես՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրերը հանրային քննարկման ներկայացնելուց հետո, արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նաև «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ոստիկանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հեղինակները նշում են, որ ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել նոր ոստիկանի կերպարի ստեղծումը և քաղաքացուն լիովին այլ պատրաստվածությամբ ներկայանալը։ 

«Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքը առաջնային կարևորություն ունի ինչպես ՀՀ քաղաքացիների և Հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության զգացման համար»,-որպես հիմնավորում նշում են նախագծի հեղինակները։

Բացի այդ, ռազմավարությամբ ներկայացված ուղղություններից է Հայաստանի պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանությունը ոստիկանության իրավասությանը հանձնելը, ինչն իր հերթին զերծ կպահի ազգային անվտանգության ծառայությանն իր բնույթով ոստիկանական գործառույթի իրականացումից և հնարավորությունը կտա, որպեսզի սահմանային անցակետերում ռեժիմի պահպանությունը ոստիկանության համապատասխան ծառայության կողմից ապահովվի սահմանը հատողների սպասարկումը։

Ըստ այդմ՝ նախագծով սահմանել են պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանությունն իրականացնելիս ոստիկանության պարտավորությունները: Մասնավորապես՝ ոստիկանը նման ծառայություն իրականացնելիս պարտավոր է կանխել, հայտնաբերել և խափանել Հայաստանի պետական սահմանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները: Բացի այդ, հսկել պետական սահմանի անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխումը: Ինչպես նաև՝ վերահսկել պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը։

Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանությունն իրականացնելիս ոստիկանությանը վերապահվում է նաև մի շարք իրավունքներ: Օրինակ՝ պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի կամ տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը և այլն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter