HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան

Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց «Սկոլովո» նորարարական կենտրոն, շրջեց և ծանոթացավ հայազգի սթարթափերների հետ:

Հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ «TryFit» ընկերության գրասենյակում սթարթափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրեց, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ հաճախորդին ցուցադրվում իր ոտնաթաթերի առանձնահատկություններին ամենահարմար չափսն ու մոդելը և գործընկեր հարյուրավոր խանութներից առաջարկում լավագույն տարբերակները:

Այսօր սթարթափն օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից բազմաթիվ երկրներում: Բացի այդ՝ «TryFit»-ը սկանավորման միջոցով արտադրում է օգտատիրոջ ոտքին համապաստխան անհատական ներդիրներ, որոնք ապահովում են հարմարավետ, առողջ, ճիշտ քայլքն ու կեցվածքը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ցանկություն և պատրաստակամություն կա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը: Մի շարք հայտնի ընկերություններում նորարարության որոնման և ստեղծման ոլորտի պատասխանատու Մաքսիմ Բարսամյանը ցանկություն հայտնեց Հայաստանում անցկացնել ոլորտային խորհրդատվություններ և էքսպերտիզա:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետ: Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, սփյուռքի քարտեզագրման շուրջ իրականացվող աշխատանքները, հայրենադարձության գործընթացը, հայրենադարձների ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը: Ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին զինվորական ծառայության, գրասենյակի կառուցվածքի, ծրագրերին մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին իրականացնել ուսանողական համահայկական հավաքներ, ստեղծել հայ համայնքների միջև կրթական և մշակութային փորձի փոխանակման հարթակներ:

Հաջորդ հանդիպումը Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցու երիտասարդական համայնքի ներկայացուցիչների հետ էր: Երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միջոցառումների, ամառային ճամբարների կազմակերպման դժվարությունների ու մինչ այժմ ունեցած արդյունքների մասին, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել հանձնակատարի գրասենյակի հետ:

Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև «Լսարան» նախաձեռնության անդամների հետ: Այս նախաձեռնությունը նախևառաջ կրթական հարթակ է, որը կազմակերպում է ամենամյա միջազգային համաժողովներ, դառնում համախմբման, կամավորության զարգացման, սերունդների հանդիպման հետաքրքիր վայր: Զարեհ Սինանյանը նախ մասնակիցներին ներկայացրեց նախորդ 8 ամսիների ընթացքում սփյուռքի հետ տարված աշխատանքը, արդունքները, ուղղությունները, նոր ծրագրերը, կարևորեց սփյուռքում հայաստանակետրոն ինքնության ձևավորման, հայ լինելը հեռանկարային դարձնելու հնարավորությունները: Խոսվեց նաև համայնքային կառույցների հզորացման, կազմակերպվածության բարձրացման և ցանցային աշխատանքի արդյունավետության մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ սյս տարի «Լսարան»-ի համաժողովը  կիրականացվի ապրիլի 10-12-ը և կլինի թվով 6-րդը: Նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը՝ իր թիմում ներգարվելով մասնակիցներ Կրասնոդարից, շուտով նաև Պետերբուրգից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եղավ նաև Յարոսլավլում, ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և «Նաիրի» մշակութային կենտրոն, ծանոթացավ 160 աշակերտ ունեցող կենտրոնի գործունեությանը, շրջեց հայերենի, հայ երգ ու պարի, դուդուկի, շախմատի դասարաններում: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելու, միևնույն ժամանակ բնակության երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու համար: Այնուհետ ներկաները ծանոթացան հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ուղղություններին, նոր գործառույթներին: Հարցեր ուղղվեցին հայրենադարձության, օրենսդրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու ընթացակարգի, հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: Համայնքի անդամներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք հանձնակատարը սփյուռքում ունենալու է իր ներկայացուցիչներին: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց նման գաղափար կա և խոշոր համայնքներում ներդրվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter