HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ-ի մասին խոսում են, Վճռաբեկի մասին՝ լռում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ապրիլի 5-ին նշանակվեց հանրաքվեի օրը` Սահմանադրության մեջ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու նպատակով: Պատճառը` հարկավոր է դադարեցնել ռեժիմի կողմից նշանակված 7 դատավորների գործունությունը, ովքեր, այնուամենայնիվ, պաշտոնավարում էին 2018 թվականի մայիսյան հեղաշրջումից հետո մինչ օրս: Սակայն իրականում ճգնաժամը ամբողջ դատական համակարգում է:

Նախ` ռեժիմի կողմից նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև Վերաքննիչ, Վարչական և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում: Հենց այս դատական ատյանների հետ են առնչվում հազարավոր քաղաքացիներ ամեն օր: Պետք է հստակ գիտակցենք նաև, որ ըստ էության բարձրագույն դատական ատյանը` Վճռաբեկ դատարանն է: Հենց այստեղ են կայացվում վերջնական դատական ակտերը թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերով: Հենց Վճռաբեկ դատարանն է ձևավորում դատական համակարգի քաղաքականությունը` պարտավոր լինելով ապահովել օրենքի միատեսակ կիրառումը և իրավունքի զարգացումը: Այս ատյանի դատավորները պարտավոր են նաև ընդունել դատական սխալները` բեկանել ապօրինի դատական ակտերը, ինչպես նաև վերանայել դատական ակտերը նոր երևան եկած և նոր հանգամանքների առկայության դեպքում: Կատարո՞ւմ են արդյոք հին ռեժիմի կողմից նշանակված դատավորները օրենքով նախատեսված իրենց ուղղակի պարտականությունները: Ինչպե՞ս կարող են  դատավորները վերափոխվել և ընդունել նախկին սխալները, այդ թվում՝ հենց իրենցը: Կարծում եմ`անհնար բան է:

Հազարավոր քաղաքացիներ արդարադատություն չգտնելով առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանում` հույսով սպասում են, որ վերջին դատական ատյանում` Վճռաբեկ դատարանում կհասնեն արդարության: Դատական համակարգի ճգնաժամի հանգույցը իրականում Վճռաբեկ դատարանում է, որտեղ կայացվում են չպատճառաբանված ստանդարտ մերժումներ, որոնցով ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրական, հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և քաղաքացին մնում է անպաշտպան: Նաև հենց այս պատճառով է, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում  Հայաստանի Հանրապետությունը պարտություններ է կրում և ճանաչվում են քաղաքացիների իրավունքների խախտումները: Ինչու՞ դատավորների անօրինությունների համար պետք է պատասխան տա ՀՀ կառավարությունը և մենք`քաղաքացիներս`մեր գրպաններից վճարելով դատավորների սխալների և անօրինությունների համար:

Այսօր նոր իշխանությունները փորձում են լուծել միայն Սահմանադրական դատարանի 7 դատավորի հարց, այն էլ Սահմանադրության մեջ ընդամենը փոփոխություն կատարելու միջոցով: Ինչու՞ իշխանափոխությունից հետո չթիրախավորվեց Սահմանադրական դատարանը, ինչպես նաև առհասարակ դատական համակարգը: Ի՞նչ է միայն քաղաքական իշխանության քիմքին ոչ հաճելի դատական ակտերի դեպքում պետք է հիշենք, որ այս կամ այն դատավորը նշանակված է նախորդների կողմից և չի կարող օբյեկտիվ լինել ու օրենքի հիման վրա և իրավունքի գերակայությունից ելնելով դատական ակտ կայացնել: Իսկ բազմաթիվ այլ քաղաքացիները ի՞նչ անեն, երբ շարունակում են բախվել անօրինությունների հետ բոլոր դատական ատյաններում և հատկապես Վճռաբեկ դատարանում:

Նույն Մարտի 1-ի գործով, եթե Ռոբերտ Քոչարյանը տվել է ապօրինի, հակասահմանադրական կարգադրություններ, կարո՞ղ է արդյոք քաղաքացին դիմել Սահմանադրական դատարան, երբ ոտնահարվել են իր սահմանադրական իրավունքները: Ո՛չ, որովհետև քաղաքացիներիս նման իրավունք տրված չէ ներկայիս Սահմանադրության 169 հոդվածի մաս 1 կետ 8-ով:

Հարկավոր է այսօր նորից ու նորից բարձրաձայնել` դատական համակարգի խնդիրներից մեկն է շարունակում մնալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով նա իրեն վերապահեց դատավորի դեր և քրեական օրենսգրքի, իրավունքի սկզբունքներին հակասելով` ցմահ ազատազրկման դատապարտեց 42 քաղաքացու, որոնցից 15-ը մահացան բանտում: Ինչու՞ այս հարցը Նոր Հայաստանում մինչ օրս չի լուծվում: Առհասարակ, երբ քաղաքացու սահմանադրական իրավունքները ակնհայտ ոտնահարվում են հենց երկրի նախագահի կողմից` գործող Սահմանադրությունը արգելում է քաղաքացուն դիմել Սահմանադրական դատարան: Այս ծուղակը ստեղծել են նախորդ իշխանությունները, իսկ ներկաները պարտավոր են ուղղել այս կոպտագույն սխալը Սահմանադարության մեջ, որը զրկում է քաղաքացուն իր հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական միջոցից:

Խնդիրը հետևյալն է`Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և կարող է վիճարկել վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը:

Հիմա պատկերացրեք, որ ՀՀ նախագահը ստորագրել է հակասահմանադրական հրամանագիր կամ կարգադրություն է տվել, որի հետևանքով խախտվել են ձեր սահմանադրական իրավունքները: Հրամանագիրը կամ կարգադրությունն ինքնին հակասահմանադրական է, այլ ոչ թե դատական ակտով կիրառված կամ կիրառման ենթակա, բայց չկիրառված նորմատիվ իրավական ակտը` օրենքը կամ ենթաօրենսդրական  ակտը:  Կարո՞ղ է արդյոք քաղաքացին այս դեպքերում դիմել Սահմանադրական դատարան: Ո՛չ, չի կարող:

Այսինքն` մենք` քաղաքացիներս, հենց Սահմանադրությամբ զրկված ենք Սահմանադրական դատարանում մեր իրավունքները պաշտպանելու հնարավարությունից, երբ այդ իրավունքները խախտվում են հենց նախագահի կողմից: Ի դեպ, նույն պատկերն է, երբ քաղաքացու հիմնարար իրավունքները խախտվեն Կառավարության և վարչապետի որոշումներով:

Գործող Սահմանադրության 169 հոդվածի մաս 1 կետ 8-ով նախատեսված չէ քաղաքացիների համար նման իրավունք: Իսկ ո՞վ կարող է  նախագահի, կառավարության կամ վարչապետի կողմից քաղաքացու սահմանադրական իրավունքների ոտնահարման դեպքում դիմել Սահմանադրական դատարան` նախագահի հրամանագրի կամ կարգադրության, ինչպես նաև կառավարության և վարչապետի որոշումների Սահմանադրությանը չհամապատասխանելու հարցի վերաբերյալ: Ինչ վերաբերում է հենց ՀՀ նախագահի կողմից հակասահմանադրական հրամանագրի վիճարկմանը, ինչպես ամենավառ օրինակը`Ռոբերտ Քոչարյանի թիվ ՆՀ-103Ա հրամանագիրն է, ապա նման հրամանագրերի կամ կարգադրությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով կարող է դատարան դիմել` հենց հանրապետության նախագահը, Կառավարությունը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կամ Մարդու իրավունքների պաշտպանը: Բոլոր նշված մարմիններից ոչ մեկը մինչ օրս չի համարձակվում դիմել Սահմանադրական դատարան Ռոբերտ Քոչարյանի նշված հրամանագրի վիճարկման համար: Հասկանալի է, որ յուրաքանչյուր գործող ՀՀ նախագահի օրոք, ինչպես Քոչարյանի օրոք էր, նշված մարմիններից ոչ մեկը չի համարձակվի դիմել Սահմանադրական դատարան: Հետևաբար, քաղաքացին պետք է Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունենա  նման դեպքերում:

Նշանակված է հանրաքվե` ուրեմն նոր իշխանությունները պետք է գործեն ի նպաստ բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության` այս հանրաքվեում փոփոխություն անելով նաև նշված հոդվածում: Միայն այս դեպքում բոլորս հնարավորություն կունենանք դիմել Սահմանադրական դատարան, երբ խախտվում են մեր սահմանադրական իրավունքները նույնիսկ ՀՀ նախագահի կողմից:

Դեռ 3-րդ կուրսում, երբ Սահմանադրական իրավունք առարկայից քննություն էր ընդունում բանտ այցելած դասախոսը, բարձրացրեցի այս հարցը և խնդրեցի դրա վերաբերյալ իմ նամակը փոխանցել ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանին: Ցավոք, այն ժամանակ չէին կարող թույլ տալ, որ քաղաքացին իրավունք ունենա դիմել Սահմանադրական դատարան այս հոդված-նամակումս նշված հանգամանքների առկայության դեպքում: Իսկ հիմա՞…

Անհրաժեշտ է քաղաքացուն հնրարավորություն տալ` դիմել Սահմանադրական դատարան, երբ նրա իրավունքները խախտվում են ՀՀ նախագահի, կառավարության կամ վարչապետի կողմից, ինչպես նաև անհապաղ լուծել ՀՀ վճռաբեկ դատարանի հարցը, այլապես խորը ճգնաժամը շարունակվելու է:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի թիվ ՆՀ-103Ա ապօրինի հրամանագրին, որով նա փաստացի յուրացրել է դատական իշխանության գործառույթը և ապօրինի ցմահ ազատազրկման պատիժներ է սահմանել 42 անձի նկատմամբ՝ նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ օրս հրաժարվում է քրեական գործ հարուցել: Նորից մենք բախվում ենք օրենքի առաջ անհավասարությանը, խտրական մոտեցմանը, չեն վերականգնվում Ռոբերտ Քոչարյանի կողմից խախտված մեր սահմանադրական իրավունքները`ազատության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ:

Իրականում այս Գորդյան հանգույցի լուծումը` դատաիրավական ողջ համակարգում առկա ճգնաժամի վերացումն է: Արդյո՞ք խորը ճգնաժամ առկա չէ նաև դատախազական, քննչական և ոստիկանական մարմիններում, որտեղ քողարկված ձևով շարունակում են ծառայել նախկին տերերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter