HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխաններ լսողը։ Լուսանկարիչ Գերման Ավագյան

Եթե նա ծնունդն ու քաղաքացին լիներ հարուստ, հարմարավետ Արեւմուտքի, եթե նրա տեսադաշտը լինեին ընդարձակ դաշտերն ու մեգաքաղաքները, վստահ եմ անպայման կնշվեր հռչակավոր լուսանկարիչների ցանկում։

Սա չեմ ասում մեզ մխիթարելու, սփոփելու համար։ Սա ճշմարտություն է՝ առաջին հայացքից անապացուցելի, իրականում, սակայն, փաստված։

Առաջին ապացույցը սահմանը զգալու, պարագիծը սահմանելու նրա կարողությունն էր, որը տանում էր դեպի կենաց միավորը՝ զերծ զարմացնելու գայթակղությունից. ո՞ւմ զարմացնես, ինչո՞վ, երբ պատկերը մարդ է կամ մարդ ուրվագծող բովանդակություն։

Երկրորդը տեղի ու ժամանակի ինքնատիպ զգացողությունն էր՝ ոչ թե լինել այնտեղ, ուր արկած կա եւ, համապատասխանաբար՝ փառք խոստացող ակնթարթ, այլ լինել տեղում եւ ճիշտ ժամանակին։ Իսկ ճիշտ ժամանակին տեղում լինել նշանակում է ապրել արձանագրելիի բոլոր մանրամասները։ Մի դեպքում դա կարող է լինել հրճվանք, ուրախություն, մի այլ դեպքում՝ վիշտ ու ողբերգություն։

Երրորդն, ըստ իս՝ շատ կարեւոր, արվեստական ջանքի բացակայությունն էր։ Նա խմբագիր ու սրբագրիչ չէր անգամ կենսակտուր, հորինովի նախագծերում (մանեկեններ, բնորդներ եւ այլն)։ Պատկերը խոսքի պես վավերական էր։ Թեեւ շատ նկարներում այդ խոսքն արտասանված չէր, բայց բառերի ու իմաստների համար բացված ճանապարհը տեսանելի էր։

Նրա ոճը երկխոսությունն էր, ինքը, սակայն, ոչ թե հարցեր տվողն էր, այլ՝ պատասխաններ լսողը։ Սա մեծ հմտություն է, քանզի վավերագրելը կնիք ու դրոշմ դնելը չէ։

Մենք այլեւս չունենք Գերման Ավագյանին, բայց ունենք առաքինի մի ժառանգություն, որը պետք է գործածել՝ ամեն անգամ առաջին անգամվա պես զարմանալով։

լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter