HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Լալայան

Բեն Լադենը մեռավ, կեցցե բեն Լադենը

Անկեղծ ասած, շատ քիչ եմ հետաքրքրված թիվ մեկ ահաբեկչի սպանված-չսպանված լինելու հակասական վարկածների շուրջ բանավեճով: Առավելևս' այն համատեքստով, թե ինչու հենց հիմա սպանվեց, և զգայացունց լուրն էլ, համապատասխանաբար, ասպարեզ նետվեց հենց հիմա, երբ անհրաժեշտություն առաջացավ շտկելու Բարաք Օբամայի նվազող վարկանիշը կամ մկաններ ցույց տալու չափն անցած արաբ բռնապետներին' միաժամանակ արմատական իսլամի եռանդն ուղղորդելով Ամերիկայի համար ձեռնտու զարգացումների հուն: Այսինքն' ճիշտ պահի ու ճիշտ տեղի ընտրությունը, կարծես թե, կատարյալ էր:

Պակիստանում ԱՄՆ հատուկ ջոկատայինների իրականացրած գործողությունը, որն, ի դեպ, ոչնչով պակաս չէր ահաբեկչությունից, պատեհ առիթ է' անդրադառնալու այդ երևույթին ընդհանրապես: Եվ կարևորը տվյալ պարագայում Ալ-Քաիդայի պարագլխի ոչնչացման հանգամանքները չեն ու ոչ էլ, նույնիսկ, նրա բուն վերացումը, որովհետև ահաբեկչությունը հաստատ բեն Լադենով չի սկսվել և նրանով էլ չի ավարտվելու: Մարդկությանը պատուհասած մեծագույն այդ աղետի դեմ պայքարի օգտակար գործողության գործակիցն առայժմ աննշան է, եթե չասենք' զրոյական: Ուրեմն ո՞րն է խնդիրը:

Համոզված եմ' որքան էլ ուժի կենտրոններն ահաբեկիչների նկատմամբ անողոք լինելու, հակոտնյա այդ երևույթն արմատախիլ անելու հավաստիացումներ տան ի լուր աշխարհի, որքան էլ ջանք թափեն կամ ցույց տան, թե ջանք են թափում չարիքի դեմն առնելու համար, օգուտ չունի. դաժանությունների, վրեժխնդրությունների պակաս աշխարհը երբեք չի զգա: Հավանաբար պատճառը կյանքի միշտ անվրեպ գործող այն փիլիսոփայությունն է, թե բռնությունը բռնություն է ծնում: Ճիշտ շղթայական հակազդեցության հանգույն:

Ասում են' ահաբեկչությունը հայրենիք չունի: Ինչ-որ առումով գուցեև ճիշտ է ասված, բայց դժվար է միանշանակ համաձայնել այդպիսի ձևակերպմանը: Մի պահ մտածում ես' իսկ եթե ահաբեկչության օրրանը հենց ինքը' անարդար աշխա՞րհն է, որի ծեր ուսերին չհատուցված բազում մեղքերի, մարդկային ողբերգությունների բեռ է դրված: Ամեն դեպքում մի բան հաստատ է. ահաբեկչությունը ծնվում է այնտեղ, որտեղ առկա են որոշակի շահեր, միջպետական կամ իշխանական խարդավանքներ, և որտեղ երկակի չափանիշների կամ պարզապես «ուժն է ծնում իրավունք» հակաժողովրդավարական սկզբունքի կիրառումն ամուր փակում է դեպի արդար դատավճիռ տանող բոլոր մուտքերն ու ելքերը:

Բանաձևն ավելի քան պարզ է. որքան հավերժ են գերակայող շահերն ու չափորոշիչների երկակիությունը, ուժի իրավունքն ու զորեղի անառարկելի ճշմարտությունը, նույնքան հավերժ է ահաբեկչությունը: Իսկ ավելի ստույգ' անմահ է, ինչպես մաֆիան: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհն իր հզորներով կշարունակի խուլ ու համր ձևանալ անհատի, խմբի, ամբողջ մի հանրույթի ոտնահարված իրավունքի, ցավի ու լլկված արժանապատվության դեմ-հանդիման և կապավինի իր բազկին ու անվիճարկելի ճշմարտությանը, Նորին մեծություն ահաբեկչությունը բաց չի թողնի հանցավոր այս աշխարհի օձիքը: Այն ժամանակ առ ժամանակ ցույց կտա իր դաժան դեմքը' մի դեպքում վրեժի ցասման «հանդերձանքով», մեկ այլ դեպքում' մեծապետական շահախնդրության, իշխանատենչության և այլն:

Վերջին տասնամյակում Ռուսաստանում չեչեն ահաբեկիչների իրականացրած և հարյուրավոր անմեղ կյանքեր խլած ոճրագործությունների շարքը դրա վառ վկայությունն է: Բռնությունների ալիքը, եթե հիշում եք, չմարեց անգամ Պուտինի սպառնալիքից հետո, թե իրենք ահաբեկիչներին, առանց դատ ու դատաստանի, շանսատակ կանեն որտեղ պատահի, նույնիսկ արտաքնոցում: Բանն, իհարկե, արտաքնոցին չհասավ, փոխարենը Պուտինի հոխորտանքն ինչ-որ չափով աշխատեց, բայց ավելի շատ, կարծում եմ, հօգուտ հակառակորդի' ավելացնելով վերջինիս զգոնությունը և բռնարարքների նրա զինանոց ներմուծելով մարտավարական նոր տարրեր:

Հայաստանի նորագույն պատմությունը նույնպես զերծ չմնաց ահաբեկչական մեծ ու փոքր արկածներից: Սակայն եթե հյուսիսային դաշնակցի շահը կամ ավելի ճիշտ կլինի ասել' պատվախնդրությունը պայմանավորված էր կայսերապետական մղումներով, ապա «կրտսեր եղբոր» պարագայում հիմնական դրդիչը իշխանատենչությունն էր: Թերևս այդ բաղադրիչն էր ընկած և 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, և 2008թ. մարտի 1-ի ոճրագործության հիմքում: Ըստ էության, իշխանությունը ձեռքից չտալու կամ քաղաքական, տնտեսական և այլ լծակների վերատիրանալու միջոց ընտրվեց ահաբեկչությունը, որը սկզբնավորվել էր դեռևս անկախության արշալույսին:

Ինչպես հայտնի է, ներիշխանական և ռազմաքաղաքական գզվռտոցների առաջին զոհերը դարձան այն ժամանակվա մի շարք երևելի դեմքեր' խորհրդարանի պատգամավոր Վիտյա Այվազյանը, արցախյան ազատամարտի նվիրյալ Գեղազնիկ Միքայելյանը, ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը, Անդրերկաթուղու Երևանի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունին, ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, գրող Վարդգես Պետրոսյանը և այլոք:

Փաստորեն այս կամ այն խնդիրն օրվա իշխանության քիմքին հաճո ձևով լուծելու այլ տարբերակ, քան զոռբայությունն էր, չկար: Եվ ահաբեկչությունը դարձավ նորանկախ պետության առաջին անփորձ կառավարության դեմքը փրկելու, իշխանության դիրքերի անսասանությանը սպառնացող ցանկացած վտանգ, ինչպես ասում են, խանձարուրում խեղդելու ամենահարմար գործիքը:

Հիմա գանք մերօրյա այն զոռբայությանը, որ մայիսի 2-ի լույս գիշերը Օբամայի վարչակարգի ձեռամբ անկախ Պակիստանի տարածքում, առանց այդ երկրի օրինական թույլտվության, իրականացրին ԱՄՆ ծովային հետևակի հատուկ ջոկատայինները: Շատ միամիտ պետք է լինել' հավատալու համար, որ ԱՄՆ նախագահի նպատակը միջազգային ահաբեկչական ցանցի հավանական ոտնձգություններից աշխարհը և, առաջին հերթին, բազմաչարչար Ամերիկան զերծ պահելն էր: Հազիվ թե ազնիվ լինեն մտադրությունները մի մարդու, ով դեպքից մեկ շաբաթ առաջ քաջություն չունեցավ արտաբերելու մի ողջ ազգի նկատմամբ անցած դարասկզբին պետական մակարդակով իրագործված ամենազանգվածեղ ահաբեկչությունը բնորոշող «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

Այո, Բեն Լադենը մեռավ, բայց բենլադենականության «դյուցազնապատումը» դրանով չավարտվեց: Այն կշարունակի ապրել մարդկային հարաբերություններում հավերժ ապրող շահերի ու դավերի, ագահությունների ու այլ մեղքերի շրջապտույտում: Եվ ամեն անգամ մոլորակի ինչ-որ ծագում կհայտնվի «թիվ մեկը»' որպես գլխավոր թիրախ, ում մահը, հնարավոր է, դարձյալ վրա հասնի ճիշտ պահին և ճիշտ տեղում: Որովհետև այդպիսի մահերը նույնպես ոմանց շահերի տիրույթում են:

Մեկնաբանություններ (1)

gohar
Amotali vernagir,teqstin bnav chi hamapataskhanum:(((((((((( yev @ndhanrapes , duq qich tema uneq aydtekh grelu,vor ancel eq Barak Obamayi varkanishi [email protected] lav e Hayastani varkanishi masin mtaceq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter