HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը արտագաղթի ճիրաններում, կամ ինչու է շարունակաբար նվազում Հայաստանի մշտական բնակչությունը

«Միգրացիան մարդու արժանապատվության, անվտանգության և ավելի լավ ապագայի ձգտման արտահայտությունն է: Այն սոցիալական կազմվածքի մի մասն է, որպես մարդկային ընտանիք` մեր բուն էության մասը». Բան Կի-Մուն, Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար, 2007-2017թթ:

Հայաստանի Հանրապետությունում հավանաբար չկա գեթ մեկ ընտանիք, որ ուղղակի առնչված չլինի միգրացիա երևույթին` լինի դա ներգաղթ, թե արտագաղթ: Սրա պատճառները, հետևանքները, դրական և բացասական կողմերը բազում են, սակայն այս հոդվածում դրանք չեմ քննարկելու և վերլուծելու` կսահմանափակվեմ միայն հոդվածի վերջում դրանցից էականները թվարկելով: Այս գիրը ներկայացնելու է Հայաստանի մշտական բնակչության շարունակաբար նվազման բերող հիմնական գործոնները` բնական հավելաճ (ծնվածների և մահացածների տարբերություն) և միգրացիայի մնացորդ (ներգաղթյալների և արտագաղթածների տարբերություն): Սրանով այս վերլուծական հոդվածի նպատակն է շեշտադրել ժողովրդագրական խնդիրը, դարձնել դա ազգային անվտանգությանը, այսինքն պետական անվտանգությանը սպառնացող խնդիրների շարքում համար մեկը:         

Մշտական բնակչություն

Նախ ներկայացնեմ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը: Այս գծապատկերում արտացոլված է Հայաստանի մշտական բնակչության թիվը տարվա սկզբի դրությամբ, ըստ տարիների` սկսած անկախացման տարեթվից` 1991-ից (Գծապատկեր No: 0):

Գծապատկեր No: 0

Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (նախկինում` Ազգային Վիճակագրական Ծառայություն) կողմից 2020 թվականին հրապարակված Վիճակագրական ցուցանիշների մեթոդաբանական պարզաբանումների. «Յուրաքանչյուր վարչական միավորի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ձևավորվել է ՀՀ 2011թ. Մարդահամարի ժամանակ տվյալ տարածքում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից»: Ինչ վերաբերվում է ժամանակավոր բացակա հաշվառված անձանց մշտական բնակչության թվաքանակում ներառելը, Վիճակագրական կոմիտեն պարզաբանում է. «Ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշում ներառվել են տվյալ բնակավայրում` քաղաք, գյուղ, տուն (շինություն), մշտապես (սովորաբար) բնակվող, սակայն մարդահամարի հաշվառման պահի դրությամբ, տվյալ բնակավայրի (այդ թվում` հանրապետության) սահմաններից դուրս` 1 տարուց պակաս ժամկետով բացակայող անձանց թվաքանակի ցուցանիշները»:

Նշեմ նաև որ, Վիճակագրական կոմիտեն ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքների հիման վրա վերահաշվարկել է 2002–2010 Ժամանակահատվածի տարիների մշտական բնակչության թվաքանակները: Ենթադրվում է, որ նման կերպ են վարվել նաև 2001 թվականի մարդահամարի արդյունքում` դրան նախորդող տարիների մասով: Ուստի, կարելի է ենթադրել, որ Հայաստանի մշտական բնակչության վերաբերյալ ներկայացված տվյալները հնարավորինս ճշգրիտ են:

Մարդահամարներից հետո մշտական բնակչության թվաքանակում տեղ գտած փոփոխությունների և դրանց հիմքերի մասին հաջորդիվ: Հայաստանի մշտական բնակչության թվի փոփոխությունը ըստ տարիների ներկայացված է ստորև (Գծապատկեր No: 1):

Գծապատկեր No: 1 

Մշտական բնակչության ներկայացված փոփոխությունը հաշվարկվում է տարեսկզբին մշտական բնակչության թվին ավելացնելով (կամ պակասեցնելով) բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի քանակային ցուցանիշները:

Բնական հավելաճը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ծնելիության և մահացության քանակային ցուցանիշների տարբերությունն է: Միգրացիայի մնացորդը հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իմիգրանտների և էմիգրանտների քանակային ցուցանիշների տարբերություն:  Իմիգրանտ (ներգաղթյալ)՝ համարվում է անձը, ով ժամանել է Հայաստան բնակություն հաստատելու նպատակով:  Էմիգրանտ (արտագաղթած)՝ համարվում է անձը, ով մեկնել է Հայաստանից մեկ այլ երկիր՝ բնակություն հաստատելու նպատակով:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի մեթոդական պարզաբանումների. «Բնակչության տեղաշարժերի (միգրացիայի) վարչական հաշվառման տվյալների սկզբնաղբյուրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված՝ ըստ բնակչության հաշվառման և դուրս գրման վարչական գրանցումներով ձևավորված էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների տվյալների գրանցումներն են: Մշտական բնակչության հաշվարկի համար բնակչության տեղաշարժերի (միգրացիայի) տվյալները ենթարկվում են վերագնահատման (ճշգրտման) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա՝ Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքներով ձևավորված, միգրացիոն գործընթացներն արտացոլող ամփոփ տվյալների հիման վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գրվելու գործառույթներն ուղղակիորեն կախված են քաղաքացիների կամքից, և որպես դրա հետևանք, այդ կարգի գրանցումները միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը չեն արտացոլում»:

Եվ այսպես, ինչ ենք նկատում Գծապատկեր No 1-ում: Անկախությունից (1991 սեպտեմբերի 21) հետո, Հայաստանի մշտական բնակչությունը յուրաքանչյուր տարի, բացառությամբ 2012 թվականի, նվազել է: Ներկայացված 28 տարիների ընթացքում միայն 2012 թվականին է գրանցվել մշտական բնակչության հավելաճ` ընդամենը 5.5 հազար մարդ:  Անկախությունից հետո առաջին տարում` 1992 թվականի սկզբին Հայաստանի մշտական բնակչությունը եղել է 3 միլիոն 633.3 հազար: Իսկ մեր օրերում, այսինքն 2020 թվականի սկզբին Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 միլիոն 959.2 հազար մարդ: Սա հետևանք է Գծապատկեր No 1-ում ներկայացված բացասական տրենդի:

Հաջորդիվ ներկայացնեմ, մշտական բնակչության թվի փոփոխության վրա ազդող երկու խումբ ցուցանիշները և դրանց գծով ներկայացված ժամանակաշրջանում տեղ գտած փոփոխությունները: Դրանք են  բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի քանակային ցուցանիշները: 

Բնական հավելաճ

Այս գծապատկերը (Գծապատկեր No: 2) ներկայացնում է Հայաստանում բնական հավելաճը անկախությունից հետո, ըստ տարիների (ցուցանիշը` հազար մարդ):

Գծապատկեր No: 2

Գծապատկերում երևում է, որ բնական հավելաճը, անկախությունից ի վեր ունի նվազման միտում` որոշակի տատանումներով: 1991-ին բնական հավելաճը (ծնվածների և մահացածների քանակային ցուցանիշների տարբերություն) եղել է 54.4 հազար, սրան նախորդող տարում ավելի բարձր: Այս ժամանակից սկսած բնական հավելաճը տարեցտարի նվազում է` 2002-ին դառնալով ընդամենը 6.7 հազար մարդ: 2003 թվականից այս ցուցանիշը փոքր տեմպով սկսում է աճել մինչև 2010 թվական և այս տարում կազմում է 16.9 հազար մարդ: 2011 թվականից բնական հավելաճը կրկին նվազման միտում ունի և 2019-ին սա կազմել է 9.9 հազար մարդ:

Բնական հավելաճի նման անկումների պատճառ կարող են լինել կամ ծնունդների քանակային ցուցանիշի կտրուկ նվազումը, կամ մահացության քանակային ցուցանիշի աճը, կամ երկուսի որոշակի հարաբերակցություն. Եվ սա էլ հանգեցնում է բնական հավելաճի նվազման: Սա պարզելու համար դիտարկենք ծնունդների և մահերի քանակային ցուցանիշները (Գծապատկեր No: 3)

Գծապատկեր No: 3

Գծապատկերից երևում է, որ 1991-ից սկսած ծնվածների թիվը (1991-ին եղել է 77,825 ծնունդ) սկսում է կտրուկ նվազել (կանաչ կորագիծ) և 2001 թվականին հասնում վերջին երեսուն տարում գրանցված ամենացածր ցուցանիշին` 32,065 մարդ: Սրանից հետո ծնվածների թիվը փոքր տեմպով սկսում է աճել մինչև 2010 թվական և այս տարում կազմում է 44,825 մարդ: 2011 թվականից ծնվածների թիվը կրկին նվազման միտում ունի և 2019-ին կազմել է 36,131 մարդ:

Այս գծապատկերից նաև երևում է, որ մահացածների տարեկան ընդհանուր թիվը (կարմիր կորագիծ) վերջին երեսուն տարում գտնվել է տարեկան 20-ից 30 հազար մարդու միջակայքում: 1992-1993 թվականներին մահացածների թիվը հատել է 25,000-ի շեմը և հավանաբար այս աճը բացատրվում է Արցախի ազատամարտում ունեցած զոհերով: 1994 թվականից տարեկան մահացածների թիվը իջնում է 25,000-ից և այս միտումը շարունակվում է մինչև 2001 թվական: Սրանից հետո մահացածների թիվը կրկին հատում է 25,000 մարդու շեմը և այդ ժամանակից մինչև հիմա յուրաքանչյուր տարի մահացածների թիվը գտնվել է 25-ից 30 հազար միջակայքում: Կարելի է համարել, որ մահացածների թվաքանակը ներկայացնող կորագիծը հարթ է, սակայն երբ սա հազար բնակչի հաշվով ենք դիտարկում (Գծապատկեր No: 3.1), տեսնում ենք, որ կորագիծը աճի միտում ունի` հետևաբար ռիսկեր է պարունակում, որ ուսումնասիրման առարկա պետք է դառնա:

Գծապատկեր No: 3.1

Քանի որ շարունակաբար մշտական բնակչության ընդհանուր թիվը նվազում է, հետևաբար տրամաբանական է, որ այլ հավասար պայմանների դեպքում ծնվածների թիվը նույնպես պետք է նվազի: Որպեսզի հասկանանք, թե արդյոք միայն սա է ծնվածների թվի նման չափով նվազման պատճառը, ներկայացնեմ ծնվածների թվաքանակը հազար բնակչի հաշվով (Գծապատկեր No: 4): Սա կչեզոքացնի բնակչության բացարձակ թվի փոփոխության ազդեցությունը ծնունդների ընդհանուր թվի վրա: Սրան անվանում են նաև Ծնելիության ընդհանուր գործակից:

Գծապատկեր No: 4

Ներկայացված գծապատկերից երևում է, որ ծնվածների թվաքանակը հազար բնակչի հաշվով 1991 թվականից սկսած նվազել է և 2001 թվականին հասել է վերջին երեսուն տարում գրանցված ամենացածր ցուցանիշին` 1000 բնակչի հաշվով տարեկան ընդամենը 10 ծնունդ (1991-ին շուրջ 22): Սրանից հետո ցուցանիշը սկսում է դանդաղ տեմպով աճել մինչև 2010 թվական և այդ տարում կազմում է 14.7 ծնունդ հազար բնակչի հաշվով: Այս տարվանից հետո նշված ցուցանիշը կրկին սկսում է նվազել և 2019 թվականին կազմել է 12.2 ծնունդ հազար բնակչի հաշվով, որը նախորդող 12 տարիների համեմատ ամենացածր ցուցանիշն է:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Բնական հավելաճի (ծնվածներ հանած մահացածներ) նման նվազման միտումը հիմնականում պայմանավորված է ծնունդների շարունակաբար նվազումով: Միաժամանակ, ինչպես տեսանք հազար բնակչի հաշվով մահացածների թվաքանակը աճի միտում ունի և սա նույնպես հանգեցնում է բնական հավելաճի նվազման: Նաև Գծապատկեր No: 3-ում տեսնում ենք, որ բնական հավելաճի (մոխրագույն կորագիծ) և ծնունդների ընդհանուր թվի (կանաչ կորագիծ) կորագծերը ունեն միանման կառուցվածք, որը նույնպես հուշում է, որ բնական հավելաճի վրա հիմնական ազդեցությունը ծնունդների նվազումն է:

Ծնունդների մասին խոսելիս, հարկավոր է նաև դիտարկել հետևյալ կարևոր ցուցանիշը: Դրան անվանում են Պտղաբերության գործակից կամ Ծնելիության գումարային գործակից: Համաձայն Վիճակագրական կոմիտեի կողմից բերված սահմանման. «Պտղաբերության գործակիցը բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում»:

Եթե ընդհանուր պտղաբերության գործակիցը առնվազն 2.1 է (ենթադրելով զրո զուտ միգրացիա և անփոփոխ մահացության գործակից), ապա համարվում է որ ընդհանուր առմամբ բնակչության կայունությունը[1] ապահովված է:  Սա է պատճառը, որ այս ցուցանիշի դիտարկումը էլ ավելի է կարևորվում, որի առնչությամբ Հայաստանի համար տեղեկատվությունը ներկայացված է ստորև (Գծապատկեր No: 5):

Ինչպես երևում է գծապատկերում, 1991 թվականից սկսած այս գործակիցը արագ տեմպով սկսել է նվազել: 2000-ականներին, այսինքն 21-րդ դարի առաջին երկու տասնամյակում դա` Ընդհանուր պտղաբերության գործակիցը, Հայաստանի համար միջինում եղել է 1.5, որը զգալիորեն ցածր է կայուն բնակչություն ունենալու համար ընդունված նվազագույն ցուցանիշից (ինչպես արդեն նշել եմ սա 2.1 է):

Գծապատկեր No: 5

Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մահացության գործակիցը վերջին երկու տասնամյակների ընթացքում թույլ արտահայտված աճ ունի, իսկ զուտ միգրացիան շարունակաբար բացասական ցուցանիշ է, ապա այս պարագայում ընդհանուր պտղաբերության նույնիսկ 2.1 ցուցանիշը Հայաստանի համար շատ փոքր է, որպեսզի բնակչության կայունություն ապահովվի և հետևաբար ազգային` պետական անվտանգությանը սպառնացող ռիսկերը այս առումով կառավարելի դառնան:

Հաջորդիվ ներկայացնեմ մշտական բնակչության թվի փոփոխության վրա ազդող երկրորդ` միգրացիայի մնացորդի քանակային ցուցանիշը:

Միգրացիայի մնացորդ

Ինչպես արդեն հիշատակել եմ, միգրացիայի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իմիգրանտների (ներգաղթյալ) և էմիգրանտների (արտագաղթած) քանակային ցուցանիշների տարբերությունն է: Ստորև գծապատկերը ցույց է տալիս միգրացիայի մնացորդի դինամիկան սկսած 1992 թվականից (Գծապատկեր No: 6):

Գծապատկեր No: 6

Հիմնվելով Վիճակագրական կոմիտեի պաշտոնական այս տվյալների վրա՝ ստացվում է, որ անկախությունից հետո 28 տարիների ընթացքում (1992-2019թթ) Հայաստան ներգաղթյալների և Հայաստանից արտագաղթածների թվաքանակների տարբերության հանրագումարը կազմում է բացասական 1 միլիոն 120 հազար մարդ (եկածների և գնացածների տարբերություն): Սա 1991-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության (3 միլիոն 575 հազար) թվաքանակի շուրջ 31% -ն է կազմում:

Քանի որ միգրացիայի մնացորդը ներգաղթյալների և արտագաղթածների թվաքանակների տարբերությունն է, կարող ենք ասել որ Հայաստանի արտագաղթածների թիվը այս 28 տարիների ընթացքում ավելին է քան նշված 1 միլիոն 120 հազար մարդը: Արտագաղթածների վերաբերյալ չկան հրապարակված ճշգրիտ վիճակագրական տվյալներ:

Որոշ աղբյուրների համաձայն` վերոնշյալի պատճառներից է համարվում այն, որ միգրանտների գերակշիռ մասը խուսափել են պաշտոնապես ընդունված կարգով գրանցել միգրացիոն ակտը: Նման իրավիճակում միգրացիայի մասին առավել հավաստի տվյալների միակ աղբյուր հանդիսացան ընտրանքային դիտարկումները (Եվրոպական կրթական հիմնադրամ և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան[2], 2012թ):

Միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տեղեկագրերում, Հայաստանի Վիճակագրական կոմիտեն պարզաբանում է, որ. «Միգրացիայի վերաբերյալ հիմնական տեղեկատվական աղբյուրը տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունն (ՏՏԿԱՀ) է, ինչը հնարավորություն է ընձեռում տեղեկություններ ստանալ միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսության 15 և բարձր տարիքի անդամների գտնվելու վայրի և մեկնելու պատճառների վերաբերյալ»:

Երբ միգրացիայի մնացորդի վերաբերյալ Գծապատկեր No: 6-ում արտացոլված պաշտոնական տվյալները համադրում ենք միևնույն աղբյուրի (Վիճակագրական կոմիտե) նախկին հրապարակումների հետ (2015 թվականից առաջ), ապա անհամապատասխանություններ ենք նկատում և դրա պատճառը հավանաբար վերոնշյալ բացատրությունն է: Միգրացիայի մնացորդի տարրերի` ներգաղթյալների և արտագաղթածների (ժամանածներ և մեկնածներ), վերաբերյալ առավել համընկնող տվյալներ առկա են 2015 և հաջորդող տարիների հրապարակումներում, որոնցում նշված տարրերով տվյալներ (ժամանածներ և մեկնածներ) առկա են 2010-ից մինչև 2018 թվականների համար (արտացոլված են Գծապատկեր No: 7-ում):

Գծապատկեր No: 7

Այս գծապատկերից երևում է, որ 2016 թվականից սկսած միգրացիայի մնացորդը փոքր քայլերով սկսել է նվազել` չնայած որ շարունակում է բացասական մնալ, այսինքն արտագաղթածների թիվը ներգաղթյալների թվից շատ ավելին է: Գծապատկեր No: 6-ում երևում է, որ 2019 թվականին միգրացիայի մնացորդը բացասական թվով 16,000 է, որը նախորդ վեց տարիների համեմատ ամենացածր ցուցանիշն է: Սակայն սա բարձր է 2012 թվականի ցուցանիշից, երբ գրանցվել էր բացասական 9,400, որը անկախությունից ի վեր` նոխորդող 28 տարիների ընթացքում միգրացիայի մնացորդի ամենացածր ցուցանիշն է:

Ինչպես Գծապատկեր No: 6-ում է երևում, 1991 թվականից սկսած միգրացիայի մնացորդը, այսինքն ներգաղթյալների  և արտագաղթածների տարբերությունը երբևէ դրական չի եղել, այսինքն անկախությունից ի վեր ավելի շատ մարդ է գնացել Հայաստանից, քան եկել է:

Ցավալի է, բայց պետք է արձանագրել, որ չնայած վերջին հինգ տարիների ընթացքում միգրացիայի բացասական մնացորդը նվազման միտում ունի այն շարունակվում է և հավանաբար դեռ տևական ժամանակ կմնա բացասական տիրույթում: Սա են հուշում բնակչության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումները: Մասնավորապես, երիտասարդների շրջանում իրականացված որոշ հարցումների համաձայն հարցված երիտասարդների 27,3%-ը ցանկանում է լքել հարազատ բնակավայրը՝ տեղափոխվելով Հայաստանի այլ քաղաք կամ գյուղ իսկ նրանց 30,6%-ը պատրաստվում է լքել Հայաստանը (Հետազոտություն երիտասարդների շրջանում[3], 2016 թ):

Հոդվածի սկզբում Բան Կի-Մունից մեջբերված խոսքերը վստահաբար ճշմարտացի են: Սակայն, որոշ երկրների համար, ինչպիսին է Հայաստանը, միգրացիան` մասնավորապես արտագաղթը, բուն պետության գոյության համար սպառնալիք է: Իրապես, հայ ընտանիքներից շատերը լքում են հայրենիքը լավ ապագայի ձգտումներով և բարեկեցիկ կյանք ունենալու ակնկալիքով: Հայաստանի սոցիալական ենթակառուցվածքները, որոնցից են կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների համակարգերը, վատ վիճակում են գտնվում և սա է նաև արտագաղթի պատճառ դառնում: Միաժամանակ, տնտեսության ոչ առողջ վիճակը (չնայած գրանցվող տնտեսական աճին), մասնավորապես կայուն զարգացման և հեռանկարային ու գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների սակավությունը, մարդկանց նույնպես ստիպում է լքել երկիրը: Արտագաղթի վրա ազդող գործոն է նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը, մասնավորապես Արցախի հակամարտության շուրջ շարունակվող լարվածությունը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից երիտասարդների շրջանում 2016 թվականին իրականացված հարցումների համաձայն3 այլ երկիր տեղափոխվելու մտադրության հիմնական պատճառներից առաջին չորսը հետևյալն են.

  • Կյանքի որակը բարձրացնելու ցանկությունը` հարցվածների 35.6%:
  • Աշխատանքի անցնելու ավելի լավ հնարավորությունը 30.8%:
  • Ավելի լավ կրթություն ստանալու ցանկությունը 12.6%:
  • Սեփական բիզնեսը սկսելու ավելի լայն հնարավորությունը 4.2%:

Շարունակելի:

Այս թեմայի հաջորդ հոդվածում, կներկայացնեմ մշտական բնակչության թվաքանակի փոփոխության տարրերը` ըստ մարզերի, սեռի, աշխատունակության տարիքի և այլն: 

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

[1] Աղբյուր:

[2] Միգրացիա և Հմտություններ. Հայաստանի ազգային զեկույց, Հեղիանակ` Եվրոպական կրթական հիմնադրամ և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, 2012թ, հղում:

[3] Անկախության Սերունդ. Հետազոտություն երիտասարդների շրջանում, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, Հայստան 2016 թ.: Աղբյուր:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Քանի որ 2012 թվականը չի փայլել տնտեսական զարգացման առումով, որպեսզի արտագաղթը նախորդ տարվա համեմատ նվազեր 1.6 անգամ, հիմնականում ինչի շնորհիվ այդ թվականին արձանագրվել է ամենաքիչ բացասական հաշվեկշիռը, ենթադրում եմ, որ կապ ունի ՌԴ-ում 2008-09թթ. տնտեսական անկման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter