HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմական ընտրություններից հետո Իռլանդիայում մեկնարկում են կոալիցիոն բանակցություններ

Այսօր Իռլանդիայում կմեկնարկեն հետընտրական կոալիցիոն բանակցություններ, որոնք կավարտվեն փետրվարի 20-ին կայանալիք նորընտիր խորհրդարանի առաջին նիստով։ Բանակցությունների ընթացքում կորոշվի, թե ով է փոխարինելու կառավարության ներկայիս ղեկավար Լեո Վարադկարին (Leo Varadkar), որը երկրի ամենաերիտասարդ և առաջին միասեռական վարչապետն է:

Փետրվարի 8-ին կայացած պառլամենտական ընտրություններին մասնակցած կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել խորհրդարանի ստորին պալատում կամ Դոյլում  (Dáil) մեծամասնություն հավաքել։ Այս ընտրություններն առաջինն են անկախ Իռլանդիայի պատմության մեջ, որտեղ ձայների առավելագույն քանակը չի ստացել հիմնական կենտրոնամետ «Ֆիանա Ֆոյլ» (Fianna Fáil) և «Ֆինը Գեյլ» (Fine Gael) կուսակցություններից ոչ մեկը։ Փոխարենն ընտրություններում անսպասելի հաղթանակ է տարել սոցիալիստական «Շին Ֆեյնը» (Sinn Féin)՝ ստանալով քվեների 24,5 տոկոսը և վիճարկվող 159 մանդատներից 37-ը։ Թեև «Շին Ֆեյնը» Իռլանդիայի ամենահին կուսակցություններից մեկն է, այն 1921-ին մեկնարկած քաղաքացիական պատերազմից ի վեր որևէ իշխանության մաս չի կազմել և մինչև 1970թ․ հրաժարվել է պառլամենտական մանդատներ վերցնելուց։

«Շին Ֆեյնը» հիմնադրվել է 1905-ին որպես անկախական կուսակցություն, և 1919-ին հենց «Շին Ֆեյնի» նորընտիր խորհրդարանական մեծամասնությունն է հռչակել Իռլանդիայի անկախությունը Մեծ Բրիտանիայից։ Սակայն Իռլանդիայի անկախության պատերազմից հետո Բրիտանիայի հետ կնքված պայմանագրի շուրջ տարաձայնությունների պատճառով կուսակցությունը բաժանվել է երկու մասի, որոնք էլ հետագայում դարձել են ձախակենտրոն «Ֆիանա Ֆոյլ» և աջակենտրոն «Ֆինը Գեյլ» կուսակցությունները։ «Շին Ֆեյնը» նաև միակ խոշոր կուսակցությունն է, որ գործում է թե՛ Իռլանդիայի Հանրապետությունում և թե՛ Հյուսիսային Իռլանդիայում։ Կուսակցությունը, սակայն, դեռ ունի բավականին հակասական համբավ Իռլանդիայի հանրապետական բանակ (IRA) ահաբեկչական կազմակերպության հետ նախկինում ունեցած կապերի պատճառով։ «Շին Ֆեյնի» նոր նախագահ Մերի Լու ՄակԴոնալդը (Mary Lou McDonald) կուսակցության առաջին առաջնորդն է, ում անունը որևէ կերպ չի կապվում ԻՀԲ-ի գործունեության հետ։

«Շին Ֆեյնի» հաղթանակը խորհրդանշում են իռլանդացիների աճող դժգոհությունը և երկկուսակցական համակարգի նկատմամբ անվստահությունը։ Թեև Իռլանդիայի տնտեսությունը Եվրոպայում ամենաարագն է աճում՝ բնակչության 37 տոկոսը համարում է, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ 2012-ի համեմատ մայրաքաղաք Դուբլինում բնակարանների գինն աճել է 95 տոկոսով, ինչի պատճառով ռեկորդային աճ է գրանցել նաև անօթևանների թիվը։ Իռլանդացիները դժգոհ են նաև հիվանդանոցներում գոյացող հերթերից և բժիշկների սակավությունից։ Ըստ ընտրության նախօրեին կատարած հարցման՝ ընտրողների 42 տոկոսը առաջնային խնդիր է համարում առողջապահությունը, իսկ 32 տոկոսը՝ բնակարանների խնդիրը։ Այս ոլորտներում «Շին Ֆեյնը» ունի ամենաագրեսիվ ծրագիրը, որով առաջարկվում է բնակարանային վարձերի աճը կասեցնել՝ 5 տարվա ընթացքում 100.000 նոր բնակարան կառուցելով, ինչպես նաև հավելյալ 3 միլիարդ եվրո ներդնել առողջապահության ոլորտում։ «Շին Ֆեյնը» նաև խոստացել է մինչև 2025-ը հանրաքվե անցկացնել Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորման հարցով։

Միևնույն ժամանակ «Ֆինը Գեյլը» և «Ֆիանա Ֆոյլը» հայտարարել են, որ ոչ մի պարագայում կոալիցիա չեն կազմի «Շին Ֆեյնի» հետ՝ վկայակոչելով կուսակցության արմատական տնտեսական քաղաքականությունը և ԻՀԲ-ի հետ ունեցած կապերը։ Սակայն «Շին Ֆեյնը» դեռ իշխանության գալու հնարավորություն ունի ավելի փոքր ձախական կուսակցությունների և անկախ պատգամավորների հետ համագործակցելու միջոցով։

Լուսանկարը՝ gettyimages.com–ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter