HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն փրկարար ծառայությունում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 17-ին կայացել է Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Կադրերի վարչությանը հանձնարարվեց կազմել Փրկարար ծառայության տնօրենի հրամանի նախագիծ ուսումնական տարվա կապակցությամբ: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց յուրաքանչյուր ամսվա վերջին Կադրերի վարչություն ներկայացնել հաջորդ ամսվա ուսումնական պարապմունքների գրաֆիկը:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել նոր ինովացիոն մոտեցումները կապի ոլորտում և մի քանի տարվա համար ձևավորել տեսլական: Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:

Կադրերի և Փրկարարական ուժերի վարչություններին հանձնարարվեց պատրաստել հրամանի նախագիծ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների միջոցով ձևավորված համահավաք ջոկատների կազմի հայտարարման վերաբերյալ: Այդ ջոկատների անդամները կուսուցանվեն, կանցնեն համապատասխան վերապատրաստում և խոշոր դեպքերի և պատահարների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կմասնակցեն փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներին:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ Ծառայության կազմակերպման վարչությունը պատրաստել է մեթոդաբանությունը, թե ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատվեն աշխատակիցների կատարված աշխատանքները՝ պարգևավճարներ ստանալու համար և հանձնարարեց այդ մշակված փաստաթղթային փաթեթն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Հանձնարարվեց առաջարկություններ ներկայացնել այդ փաթեթի վերաբերյալ՝ աշխատաանքի գնահատման բալային համակարգը վերջնական ձևավորելու նպատակով:

Անդրադարձ կատարվեց հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը: Ծառայության տնօրենը շեշտեց, որ Փրկարար ծառայության բոլոր մակարդակի ղեկավարները պետք է շատ լավ տիրապետեն հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանությանը և առաջարկեց Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը նվիրել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծության մեթոդաբանության ուսուցման և դրա հետ կապված այլ խնդիրների քննարկմանը:

Ծառայության տնօրենը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությանը պետք է շատ լավ տիրապետի նաև ներքին վերահսկողության բաժինը:

Հանձնարարվեց պլանավորել, ճիշտ կառավարել և միմյանց հետ համադրել գործուղումները՝ ֆինանսական միջոցները խնայելու և գործուղումները նպատակային օգտագործելու համար:

Շիրակի մարզի ստորաբաժանումների կենցաղային պայմանների բարելավման նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Փրկարար ծառայությունը ստացել է կենցաղային գույք և հանդերձանք: Ծառայության տնօրենի կողմից հանձնարարվեց ստացված գույքը և հանդերձանքը բաժանել ամենախոցելի և կարիքավոր ստորաբաժանումներին:

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ընդհանրացնել և ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների շինություններում կատարված շինարարական աշխատանքների բաց մասերը՝ անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter