HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բորիս Ջոնսոնի կառավարությունը մտադիր է BBC-ին զրկել հանրային ֆինանսավորումից

Բրիտանական հանրային հեռարձակող կորպորացիայի՝ BBC-ի մի խումբ լրագրողներ ստորագրահավաք են կազմակերպել վարչապետ Բորիս Ջոնսոնի (Boris Johnson)՝ կազմակերպությանը հանրային ֆինանսավորումից զրկելու նախագծի դեմ։ Երեկ Sunday Times-ը հաղորդել էր, որ ըստ վարչապետին մոտ կանգնած աղբյուրների՝ Ջոնսոնը պլանավորում է 2027-ից BBC-ին զրկել պետական ֆինանսավորման մոտ 75 տոկոսից և ընկերությանը ստիպել իրեն պատկանող 61 ռադիոկայանի մեծ մասը վաճառել։ Ներկայումս BBC-ի ֆինանսավորման զգալի մասը գոյանում է այսպես կոչված հեռուստատեսության լիցենզիաների վաճառքից, որոնք Բրիտանիայի քաղաքացիները պարտավորված են գնել, եթե ցանկանում են ուղիղ հեռարձակմամբ հեռուստացույց դիտել։ Լիցենզիայի ներկայիս գինը կազմում է տարեկան 154,50 ֆունտ։ 2017-2018թթ․ BBC-ի 5 միլիարդ ֆունտ բյուջեի 3,8 միլիարդը գոյացել է հեռուստատեսության լիցենզիաների վաճառքից։ Կառավարության նախագծով առաջարկվում է հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորել կամավոր բաժանորդավճարներով։

Ջոնսոնի պահպանողական գործընկերներից ոմանք, սակայն, քննադատել են առաջարկվող նախագիծը։ Նախկին պահպանողական վարչապետ Թերեզա Մեյի (Theresa May) կաբինետի անդամ Դեմիան Գրինը (Damian Green) նախագիծը որակել է «մշակութային վանդալիզմ», իսկ Պահպանողական կուսակցության պատգամավոր Հյու Մերիմանը (Huw Merriman) կառավարությանը մեղադրել է BBC-ի նկատմամբ վենդետայի մեջ։

Հիշեցնենք, որ սա նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի և բրիտանական մամուլի միջև տեղի ունեցած առաջին բախումը չէ։ Փետրվարի 3-ին Ջոնսոնի օգնականներից մեկը արգելել էր կառավարությանը նախկինում քննադատած մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտք գործել վարչապետի նստավայր՝ պլանավորված ճեպազրույցին մասնակցելու նպատակով։ Արդյունքում ճեպազրույցին հրավիրված լրագրողներն, ի նշան բողոքի, լքել էին շենքը և տապալել ճեպազրույցը։ Միջադեպից հետո ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը վարչապետին մեղադրել էր Դոնալդ Թրամփին բնորոշ գործելաոճ որդեգրելու մեջ։

Ստորագրահավաքի ամբողջական տեքստը՝ ստորև։

«Կառավարությունը պատերազմ է հայտարարել մեր BBC-ին։ Սա հանրային պատասխանատվությունից խուսափելու բացահայտ փորձ է։ Նրանք խոստացել են վերացնել հեռուստատեսության լիցենզիայի վճարը և եթերից զրկել տասնյակ հեռուստակայաններ և ռադիոկայաններ։ Նրանք ցանկանում են «էտել» կազմակերպության հասանելիությունը։

Մեր BBC-ն աշխարհում առաջատար հանրային ծառայություն է։ Ներկայիս ֆինասնավորման մոդելը նշանակում է, որ այն անկախ է թե՛ իշխանությունների և թե՛ մասնավոր բիզնեսի ճնշումներից։ Սա վտանգավոր հարձակում է ժողովրդավարության վրա մի շրջանում, երբ կեղծ լուրերը հրդեհի պես տարածվում են, և երբ այնքան բան է կախված ազատ մամուլից։

Մենք պետք է պաշտպանենք BBC-ն այս քաղաքական հարձակումից։ Վարչապետն արդեն փորձել է իրեն դուր չեկող լրագրողներին արգելել Դաունինգ Սթրիթ (Downing Street) 10-ում անցկացվող ճեպազրույցներին մասնակցելուց, և հիմա նա և իր խորհրդականներն եկել են հանրային հեռարձակողների ետևից։ Սա Դոնալդ Թրամփի զինանոցից վերցված մարտավարություն է։

Արդեն բոլոր խորհրդարանական կուսակցությունները ներկայացնող պատգամավորները զինվել են այս հարձակման դեմ, սակայն գրոհը կասեցնելու համար անհրաժեշտ է լինելու ահռելի քանակի հանրային ճնշում։ Խնդրում ենք ստորագրել և տարածել այս ստորագրահավաքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter