Կոնգրեսական Շերմանն ԱՄՆ-ի կողմից Ջավախքին օգնություն ուղղելուն իր աջակցությունն է արտահայտել
Վաշինգտոն – 2013 ֆինանսական տարվա վարչակազմի բուջետային պլանի շուրջ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի ընթացող քննարկումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ կողմից Ջավախքի շրջանին օգնություն հատկացնելու որոշման նկատմամբ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համահումարը (Համագումար):
Կոնհրեսական Շերմանը, նշելով ԱՄՆ կողմից Վրաստանին ուղղված զգալի օգնությունը, պահանջեց, որպեսզի Ջավախքի հայկական համայնքը նույնպես օգտվի այդ շրջանին ուղղված օգնությունից: Շերմանը Վրաստանի դեսպանատան աղբյուրներից տեղեկացավ, որ Վրաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել Ջավախքին և պնդեց, որ այս ջանքերը ԱՄՆ-ին կօգնեն հասնել ռազմավարական նպատակներին Կովկասում: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, պատասխանելով հանձնաժողովի հարցերին, նշեց, որ գրավոր կպատասխանի կոնգրեսականին:
Շերմանն հայտնեց համագումարին, որ նա նույնպես ցանկանում է պետքարտուղարին հավելյալ հարցեր ուղղել` ներառյալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ուղղվող ԱՄՆ աջակցության, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շարունակական շրջափակման վերաբերյալ:
Ի հավելումն, կոնգրեսական Շերմանը հիշատակեց 1988 թվականի Սումգաիթյան ջարդերի 24-րդ տարելիցը, երբ Ադրբեջանում հալածվեցին անմեղ հայեր: Ներկայացուցիչների պալատում հնչեցված իր խոսքում Շերմանը նշեց. «Մենք չենք մոռանա Ադրբեջանում հայերի էթնիկ բնաջնջման մասին… Մենք պետք է պնդենք, որ Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող իր բոլոր սպառնալիքները և բռնադատման գործողությունները»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել